ԿարևորՄշակույթ

«Օրորերգ». ձայնասկավառակ ամբողջ ընտանիքի համար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հին հայկական գեղեցիկ  օրորոցային երգեր, որոնց ներքո հայ մայրերը տարիներ շարունակ քնեցրել են իրենց փոքրիկներին։ Սակայն  վերջին շրջանում այն գրեթե մոռացվել է։ Եվ ահա   երգչուհի Արփին թողարկել է «Օրորերգ» սկավառակը, որում ներառված են հայտնի և անհայտ  օրորոցայիններ՝ յուրահատուկ մեկնաբանությամբ: 

Ձայնասկավառակ ոչ միայն մայրիկների ու բալիկների, այլև ամբողջ ընտանիքի համար. «Օրորերգ» այսպես է կոչվում երգչուհի Արփիի նոր ձայնասկավառակը, որի շնորհանդեսy կայացավ «Մայր Հայաստան» հուշահամալիրի դահլիճներից մեկում։

Ձայնասկավառակի աշխատանքները սկսեցվել են դեռ երկու տարի առաջ՝ երբ լույս աշխարհ երկավ երգչուհու երկրորդ  բալիկը։ «Ռադիոլուրին» պատմեց, որ ամեն անգամ առաջնեկին  քնեցնելիս միշտ միացնում էր դասական երաժշտություն, բայց անընդհատ փնտրտուքների մեջ էր։

Ասում է, որ օրորոցային երգերի բաց կար, ու ամեն անգամ ինքն իրեն խոստանում էր այդ բացը լրացնել.

«Երեխային քնեցնում էի դասական երաժշտության մեղեդիների ներքո, բայց փորձում էի գտնել օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեն օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ»:

Եվ ահա Արփին առաջարկ է ստանում Բոստոնում գործող Ամարարս ընկերությունից՝ թողարկելու օրորոցային երգերի ձայնասկավառակ։ Սկսվում են փնտրտուքները. գրադարաններ, նոտաների ուսումնասիրություն, հանդիպումներ եւ քննարկումներ մասնագետների հետ։ Այդ ընթացքում այնքան օրորոցային երգեր է հայտնաբերում՝ մեկը մյուսից մեղեդային ու զուլալ, որ դժվարանում են ընտրել, թե որ երգերը պետք է ընդգրկվեն ձայնասկավառակում։

Ձայնասկավառակում 14 երգ է, բայց կան երգեր, որոնք եղել են նախորդ՝ «Գանձեր» ձայնասկավառակում։ Այստեղ պարզապես նոր շունչ են հաղորդել, քանի որ այդ երգերը նախապատմություն ունեն: 

«Աղջիկս, քնելուց առաջ միշտ ասում էր՝ մա՜մ, միացրո՛ւ «Արորն ու տատրակը», որ քնեմ: Դուք չեք պատկերացնի իմ ուրախությունը: Հասկացա, որ Կոմիտասի այդ հրաշալի երգն էլ պետք է լինի այս ձայնասկավառակում»:

«Մախմուր աղջիկ» երգը Արփիի կատարմամբ նոր շունչ ստացավ։ Այսօր գրեթե բոլոր նորահասերը հարսանեկան պարերը բեմադրում հենց այդ երգի ներքո։ Սակայն Արփին ասում է, որ բազմաթիվ մայրիկներ  նամակներ են գրել  ու ասել են, որ բալիկները քնում են հենց այդ երգի ներքո։

Հետևաբար՝ այս երգը նույնպես ընդգրկվել է, բայց արդեն դաշնամուրային կատարմամբ։  «Հասկացա, որ այդ երգը հանգստացնելու, հոգին ու տրամադրությունը խաղաղեցնելու ուժ ունի, հետևաբար որոշեցի, որ այդ երգը նույնպես կընդգրկվի»։

Ու թերևս այս ձայնասկավառակի բացահայտումը։ Պարզվում է, որ հայտնի «Արի իմ սոխակ»  երգի բառերի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը գրել է բոլորովին այլ երաժշտություն։ Այդ երգը նույնպես ընդգրված է ձայնասկավառակում։

Արփին ասում է, որ ձայանսկավառակի շապիկի նկարն էլ պատահական ընտրված չէ, աշխատել են յուրաքանչյուր դետալի վրա։

Չեն  ցանկացել, որ պատկերված լինի միայն մայրիկը՝  երեխային գրկած, այլ հայրիկը նույնպես լինի՝ կարևորել են ընտանիքի գաղափարը։

Եվ ընտրվել է Արմեն Վահանյանի մանրանկարներից մեկը։  Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ կոտրել են այն կարծրատիպը, որ օրորոցային երգեր  կարող են երգել միայն մայրերը, ու ձայնագրել ենք զուգերգ Վիգեն Հովսեփյանի  հետ։

Ձայնասկավառակում կա Քեսաբի օրորը, Կոմիտասի Ակնա օրորը, Թումանյանի խոսքերով՝ «Ծիտիկի օրոր»-ը և այլ։ Իսկ մեկ երգի հեղինակն էլ երգչուհին է։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close