ԿարևորՀասարակություն

Ի՞նչով են վտանգավոր օտար ծառատեսակները. պարզաբանում է փոխնախարարը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Պավլովնիան» կարող է վտանգել մեր էկոհամակարգը` ասում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

«Պավլովնիա, այլանտուս… սրանք այն ծառերն են, որոնք թեեւ շատ արագ կարող են աճել, բայց նաեւ կարող են հողը թունավորել, էկոհամակարգի համար վտանգավոր լինեն», — «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է փոխնախարարը՝ անդրադառնալով Տավուշի մարզում բնակվող ֆերմերի՝ «պավլովնիա» տեսակի ծառեր տնկելու առաջարկին:

Ֆերմերը «Ռադիոլուրին» պատմել էր, որ նախատեսում է «պավլովնիա» անունն ունեցող ծառատեսակ տնկել Արցախում:

Սա արագ աճող ծառատեսակ է, տարածված Չինաստանում, ԱՄՆ-ում ու ՌԴ-ում: Մի քանի տարվա ընթացքում արագ աճող այս ծառատեսակը հիմնականում օգտագործվում է արդյունագործական նպատակներով:  

«Որևէ դեպքում ցանկալի չէ, որպեսզի օտար տեսակներ ներմուծվեն անտառներ: Իսկ Հայաստանի տարածքում դրանց աճեցումը պետք է լինի խիստ վերահսկելի, քանի որ կարող են լինել ծառատեսակներ, բուսատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնք առաջին հայացքից հրապուրիչ կարող են լինել, որոնք գուցե արագ են աճում կամ արժեքավոր են, հետագայում կարող են գլխացավանք դառնալ մեր բնության համար, դուրս մղեն մեր տեղական տեսակները, որոնք էկոհամակարգի մաս են, հավասարակշռության մեջ են գտնվում: Դրանք կարող են խախտել հավասարակշռությունը, վտանգավոր դառնալ մեր բնության համար: Տվյալ դեպքում մտավախություններ կան, որ «պավլովնիան» ինվազիվ կարող է լինել»,- ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը եւ բացատրել.

«Ինվազիվ համարվում են այն տեսակները, որոնք այլ տեսակների միջավայրն են գրավում, դրանք դուրս մղում, ի վերջո դառնում են չարիք: Կոնկրետ ծառատեսակների մասով Հայաստանը խոցելի է, քանի որ մեր անտառները դեգրադացված են: Երկու տասնամյակից ավելի մեր անտառները անխնա են օգտագործվել, և այստեղ «պարազիտ» տեսակները բարգավաճելու շատ ավելի լավ շանս ունեն: Սա մեզ համար լավ չէ:

Պավլովնայի հետ նաև այլանտուսն է, որը Երևանում ամենուր կարող եք տեսնել, որտեղ մի կտոր հող կա, աճում է, բայց միևնույն ժամանակ հողն է թունավորում, դուրս մղում այլ տեսակները: Պավլովնայի դեպքում կարող ենք խոսել հողի աղքատացման մասին, քանի որ արագ է աճում, հողից բոլոր օգտակար նյութերը վերցնում է»,-նշել է մասնագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close