ԿարևորՔաղաքական

Հայաստանը թույլ չի տա Ադրբեջանին դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ. Ռուբեն Ռուբինյան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանն ունի ծանրակշիռ դեր, ինչի մասին փոխարտգործնախարարն ասաց Աժ– ում՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Իսկ Բաբաջանյանը նշում էր, որ չլինելով այդ կազմակերպության անդամ, Բաքուն ավելի ծանրակշիռ դեր ունի, քան՝ մենք։ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում վավերացման էր ներկայացնում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը։

«Այս դեպքում հստակեցվում են պահանջները, և ձեր մտավախությունների աստիճանը էապես պետք է նվազի: Երբ խոսում ենք, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի ավելի բարձր կշիռ, իրականում ինքն այնտեղ որևէ կշիռ չունի: Ինքն ունի անուղղակի ազդեցություն այլ անդամ պետությունների միջոցով, բայց կշիռ՝ ոչ»,- ասել է Քոչարյանը։

Փոխարտգործնախարարի ներկայացմամբ, գործող կարգի համաձայն, պետությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում, սակայն կարգը հստակեցված չէր։

Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է գործընթացը, ներկայացվում են դիտորդի կարգավիճակ ունեցողի պահանջները։ Բացի այդ՝ նախատեսվում է ՀԱՊԿ-ում ունենալ գործընկերոջ կարգավիճակ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը էլ հարկ է համարել արձագանքել Արման Բաբաջանյանի հայտարարությանը։

Ըստ Ռուբինյանի՝ ՀԱՊԿ-ում գործընկեր և դիտորդ պետությունների կարգավիճակի ամրագրումը թույլ կտա կազմակերպության աշխատանքներին ներգրավել այն երկրներին, որոնց ներկայությունը Հայաստանը դրական է գնահատում։ «Բայց Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է»,- հայտարարել է Ռուբինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշել է, որ ՀԱՊԿ չափազանց կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ կառույցն արդյունավետ է։ Պատգամավորն առաջարկել է բարեփոխումներ նախաձեռնել այդ կառույցում։

«Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ մենք մտածե՞լ ենք՝ միգուցե այս կոմպլեքսի մեջ, անվտանգային այդ համակարգի մեջ դա Հայաստանին օգո՞ւտ տա»,- ասել է Ենգիբարյանը։ Պատգամավորը բերել է Թուրքիայի և Հունաստանի օրինակը․այդ երկրները 50-ական թվականներից ՆԱՏՕ-ի կազմում են։ Ենգիբարյանը պնդել է, որ այդ երկրները դրա շնորհիվ կարողացել են խաղաղություն ապահովել։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close