Քաղաքական

Ընդդիմության նախագծերը ԱԺ օրակարգ չմտան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը: Ավանդույթի համաձայն ՝  պատգամավորները նիստը սկսել են օրակարգի հաստատման շուրջ թեժ բանավեճերով, ապա անցել  օրենսդրական աշխատանքին՝ ավելի կառուցողական մթնոլորտում: Օրակարգում շուրջ  5 տասնյակ հարց է:

Նախօրեին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ լքում է  «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը։ Խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ի պատասխան պահանջեց վերադարձնել համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Թվում էր, թե ԱԺ նիստերի մեկնարկին  որևէ հստակեցում կլինի, բայց հարցն այդպես էլ մնաց առկախված։ Արման Բաբաջանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

«Ռադիոլուրի» հետ զրույցում, սակայն,  նշեց, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ։ Մինչ Արման Բաբաջանյանը կհայտարարի իր որոշման մասին՝  ԱԺ-ում  լրագրողների հետ ճեպազրույցում   խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակեցրեց. «Պայմանավորվել ենք, որ այս ընթացքում իրար վրա ցեխ չենք շպրտելու»։  

«Մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ ու յուրաքանչյուր անձի տակ մանդատ կա եւ Արման Բաբաջանյանն էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որը դուրս է գալիս խմբակցությունից»,- հավելեց Մարուքյանը:

Իսկ այդ ընթացքում նիստերի դահլիճում  հաստատվում  էր օրակարգը։  Խորհրդարանը  նախ քննարկեց հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ընդգրկել-չընդգրկելու  հարցը։ Նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։

Չորս նախագիծ առաջարկել էին ԼՀԿ, երկուսը՝ ԲՀԿ պատգամավորները։ Հատկապես բուռն քննարկվեց «Լուսավոր Հայաստանի»  հեղինակած նախագիծը, որի ընդունման դեպքում հնարավոր կլինի բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ 

Գործող  օրենսդրությամբ բացահայտման ենթակա են 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։  Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, դեմ էր առաջարկին։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անունից Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այս պահին այն ժամանակավրեպ է։

«Ներկայում պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը եթե դա բավարար չլինի,  պատրաստ ենք հետագայում անդրադառնալ այս հարցին»։

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը  նկատեց, որ նախկինում շատ էր խոսվում, թե այս կամ այն հանքը պատկանում է այս կամ այն պաշտոնյային, ու  դա հնարավոր չէր լինում ապացուցել։ Մարուքյանն էլ ավելացրեց,  որ հիմա եկել է բացահայտելու ժամանակը, ու անհասկանալի  է, թե ինչու է  մերժվում իրենց առաջարկը։

Նիստերի դահլիճից դուրս էլ խոսվեց  հանքերի, մասնավորապես Ամուլսարի մասին ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում  ասաց , որ գործադիրը պետք է հաշվի առնի ժողովրդի կարծիքը  և  միայն ժողովրդի համաձայնության դեպքում հանքը  շահագործելու որոշում կայացնի։

Ոչ պակաս բուռն  քննարկվեց ԲՀԿ-ի  նախագծերից մեկը, որը նույնպես    հանձնաժողովում բացասական եզրակացություն էր արժանացել:  Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում էր քրեականացնել անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը: Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:

«Կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել երկու պատճառաբանությամբ։ Առաջին՝ ասում են, որ պարզ չէ, թե ինչ ասել է ոչ սեռական ավանդական կողմնորոշում,  դա անորոշ հասկացություն է։ Այստեղ մարդ կա՞ որ այդպես է մտածում։ Երկրորդն այն է, որ նման հանցակազմ արդեն իսկ կա քրեական օրենսգրքում։ Վկայակոչում են հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, իսկ մյուս հոդվածը՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար։ Կառավարությունը դրանք նույնականացնո՞ւմ է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի հետ»։

Սեպտեմբերի 9-ին մեկնարկող նիստերի  օրակարգում 57 հարց է, որից 40-ը՝ պարտադիր քննարկման ենթակա։  Դրանց թվում են Հարկային օրենսգրքում, Քրեակատարողական օրենսգրքում, Աղբահանության մասին օրենքում առաջարկվող  փոփոխությունների նախագծերը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close