ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս են հայերը հայտնվել Գետաշենում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաթափված Գետաշեն գյուղում երեկ  ձերբակալվել են երկու ռուսաստանաբնակ հայեր։ Ձերբակալավածները ամուսիններ են։ Ըստ ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկությունների՝ նրանք նկարահանում էին հայաթափված Գետաշենը։ «Ռադիոլուրն» այսօր փորձել է տեղեկություններ գտնել ամուսինների մասին։

Ըստ ադրբեջանական մեդիա-տիրույթում հայտնված տեղեկությունների՝  Գյոյգյոլի շրջանի սահմանամերձ Չայքենդ գյուղում Ադրբեջանի իրավապահները  ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալել։

Նշվում է, որ ձերբակալվածները որպես զբոսաշրջիկ  տեղավորվել էին մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջա քաղաքում։ Նշենք, որ Չայքենդը Շահունյանի շրջանում տեղակայված մեր պատմական Գետաշենն է, որը 1991 թվականից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության  տակ։

«Ամենայն հավանականությամբ գյուղի բնակիչներն են տեղյակ պահել իրավապահներին, նրանք էլ եկել, ձերբակալել են։ Շրջանառվում է կնոջ անունը, բայց ամենայն հավանականությամբ սխալներ կան։ Բաց աղբյուրներում, համենայն դեպս, որևէ տվյալ չի գտնվել այդ կնոջ վերաբերյալ»,-ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ Տարոն Հովհաննյիսյանի մատնանշած լուրերի՝ կինը Մարգարիտա Զաքարյան Գրանովնան է, բայց, ինչպես նշվեց, դա ստուգ տեղեկություն չէ։ Ադրբեջանագետը հետևել  է դեպքի առնչությամբ հատկապես սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի արձագանքներին։

Ռասիստական և կոշտ. ադրբեջանագետն այսպես է բնորոշում ադրբեջանցի օգտատերերի ընդհանուր տրամադրվածությունը։

«Ինչպե՞ս են համարձակվել մտնել Ադրբեջանի տարածք, ինչպե՞ս են կարողացել.  սպանել, գնդակահարել, պատժել և այլն»։ Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջաներեն գրառումները հիմնականում այսպիսի բովանդակությամբ են։

«Հայկական կողմն այս իրավիճակում, բնականաբար,  որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ, թերևս միայն հայտարարությունների տեսքով։ Նրանց համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը, քանի որ ազգությամբ հայ ամուսինները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Եթե ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունը հաստատվի, իր քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ Ռուսաստանը պետք է լուրջ քայլեր անի՝ ասում է ադրբեջանագետը։

Այս հարցի վերաբերյալ Հայաստանի  արտգործնախարարն այսօր որևէ մեկնաբանություն չի ներկայացրել, փոխարենը, անդրադառնալով  շաբաթներ առաջ ադրբեջանական սահմանը հատած հայ զինվորին վերաբերող հարցին, ասել է.

«Դժբախտաբար դեռևս ճեղքում չունենք։ Բայց որևէ ջանք չի խնայվում արդյունքի հասնելու համար»,-վստահեցրել է արտգործնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close