ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

«Եվրասիական լոգիստիկ պարկ»-ը Գյումրիի ազատ տնտեսական գոտում ներդնում է 10 մլն դոլար

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Գյումրիի ազատ տնտեսական գոտում տեղակայված Եվրասիական լոգիստիկ պարկը ընդգրկելու է 319 հա տարածք, տեղակայվելու է Գյումրիից Մարմաշեն ընկած տարածքում, որտեղ 88 -ի երկրաշարժից հետո շինարարություն մեկնարկեց ու այդպես էլ չշարունակվեց: Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ապահովելով մինչև 13 000 աշխատատեղ և ներդրումների աճող հոսք, «Ռադիոլուրի հյուրասրահում» հայտարարեց «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը։

2019-ի օգոստոսի 29-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց Գյումրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու Եվրասիական տնտեսական պարկի առաջարկած ծրագրին։

Առաջին փուլով նախատեսվում է նախ 30 հեկտար տարածքի շինարարական աղբը մաքրել ու  կառուցել «Եվրասիական լոգիստիկ պարկ» ազատ տնտեսական գոտու պահեստները, որտեղ կբերվեն, կփաթեթավորվեն և ԵԱՏՄ գործակցության երկրներ կառաքվեն էլեկտրոնային վաճառքով պահանջված տեխնիկան։ Գյուղատնտեսական ոլորտի ակտիվացման և արտահանման համար էլ մեծ ծրագրեր կան։

Առաջին փուլում ներդրումների մոտավոր մեծությունը կլինի մինչև 100 մլն դոլար, որի 10 տոկոսը կներդնի «Եվրասիական լոգիստիկ պարկը», ինչը կուղվի հիմնականում ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների ձևավորման ու կառուցման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button