ԿարևորՀասարակություն

Շահումյանի եւ «Արաբո» ջոկատի անկումը․ իրական հերոսներ, որոնք տուն չվերադարձան

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

2014-ից Կարմիր խաչի հայկական կազմակերպությունը ԴՆԹ նմուշներ է վերցնում Արցախյան հակամարտության ժամանակ Ադրբեջանում գերեվարված, ինչպես նաեւ անհետ կորած անձանց արյունակիցներից։ Նպատակն է պահպանել այդ նմուշները, որոնք հետագայում կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում «Արաբո» միացյալ ջոկատի մաս կազմող «Զեյթուն» ջոկատից Վրեժ Գրիգորյանի մայրը նույնականացման գործընթացի վերաբերյալ թափանցիկ տարբերակ է առաջարկել, որի կիրառման պարագայում՝ կփարատվեն 1000 ավելի անհետ կորած անձանց հարազատների կասկածները: Ի դեպ, օգոստոսի 28-ը հերոս Վրեժ Գրիգորյանի ծննդյան օրն էր:

Օգոստոսի 28-ին արցախյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի մաս կազմող «Զեյթուն» ջոկատից Վրեժ Գրիգորյանը դարձավ 47 տարեկան: 1992թ.-ի հունիս-հուլիս ամիսներն Արցախյան ազատամարտի ամենածանր ժամանակաշրջաններն էին։

Չնայած ազատագրվեցին Շուշին ու Բերձորի միջանցքը, ավելի ուշ ադրբեջանցիները օտարերկրյա վարձկանների հետ հարձակվեցին Շահումյանի շրջանի վրա: Վրեժը` Շահումյանի ինքնապաշտպանության մարտերին մասնակցել է առաջին իսկ օրվանից:

«Երբ Շուշին գրավեցին, ճանապարհը բացվեց, տղաները վերադարձան, երկար մորուքով էին, երդվել էի՝ չսափրվել մինչեւ Շուշիի գրավումը: Իրանք նաեւ հույս ունեին, որ եթե Շուշին գրավեին՝ Շահումյանն ավելի հուսալի վիճակում կհայտնվի: Հունիսի 13-ին, երբ սկսվեց Շահումյանի բնակչության բռնի արտագաղթը, Վրեժը Երեւանում էր, տղաների մի մասը վերադարձել էր հանգստանալում, մեկ այլ խումբ՝ գնացել էր նրանց փոխարինելու: Ես սրտի խնդիր ունեի, ու նա շատ բան ինձ չէր ասում: Այն ժամանակ, գիտեք, հոսանքի խնդիր կար եւ հեռուստատեսությամբ չէինք կարողանում լուրեր իմանալ, ինքը ռադիոն սնուցող լարը գաղտնի կտրել էր, որ ես ոչինչ չլսեմ Շահումյանի մասին, քանի որ հարազատներս այնտեղ էին: Բայց Վրեժն արդեն գիտեր, որ մարտերը թեժացել էին: Եկավ, ասաց՝ մամա գնում եմ պապիկի մոտ, ասեցի մի գնա, բավական է, դու ինձ մեկ անգամ արդեն խաբել ես՝ թե գնում եմ պապիկի մոտ ու գնացել ջոկատ ես կազմել կռվի դուրս եկել ադրբեջանցիների դեմ: Ասաց մամա, չէ, ես երդում եմ տվել, պետք է գնամ»:  

«Ու գնաց» ,-արցունքոտված աչքերով ասում է տիկին Սամարան, դադար վերցնում, որ հանկարծ չշփոթի 20-ամյա հերոս որդու կյանքի պատմությունը, ու միանգամից շատ արագ գլուխը վերեւ է բարձրացնում, նայում ինձ ու ուրախ ձայնով ասում՝

«Նկարը ես հեսա քեզ ցույց կտամ, կտեսնես, թե ի՞նչ աչքերով է քեզ նայում, նոր կիմնաս, թե ինչ տղա էր Վրեժս»:

Իսկ նկարից մեծ ու խոսուն աչքերով նայում է մի երիտասարդ, որի աչքերից արդեն իսկ պարզ էր, որ նա կանգ չի առնի մոր խոսքերից, ու Շահումյանի սարերն ավելի կգերադասի, քան հայրական տան տաք անկողինը: Վրեժին հարազատ էր Վերին Շենի ամեն մի ծառ ու թուփ, սար ու դաշտ, քանի որ այնտեղ էր անցկացրել մանկության ուրախ ու անհոգ տարիները, լսել ու ապրել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ռազմագիտության ուսուցիչ պապու՝ Միքայել Ազարյանի մարտական սխրանքներով, եւ եղեռնի մասին պատմող տատու՝ Վարսենիկ Գրիգորյանի դաժան պատմություններով, եւ այսօր ասել, որ «ինձ հետաքրքրիր չէ Շահումյանի ճակատագիրը՝ անհնար էր»:

Վրեժը գնաց, ու 27 տարի է դեռ հետ չի եկել, իր հետ եւ «Արաբո» ջոկատի բոլոր 78 տղաները: «Ո՞ւր են, որտե՞ղ են, ի՞նչ վիճակում են, գերի՞ են, թե՞ … »,- բազմակետեր է դնում որդու մասին ամեն վայրկյան լուրի սպասող տիկին Սամարան ու սառնասրտորեն ասում. «ինքը ինքնակամ գնաց, ո՞ւմ կարող եմ մեղադրել»։

«Պետք է գնահատվեն այս տղաները, ես հույս ունեմ որ կգնահատվեն, թեկուզ մեկ հոգի ողջ բերեն, որ իմանանք մեր տղաների ճակատագրի մասին տեղեկություն: Ո՞նց եղավ, որ այսքան ժամանակ անհայտ մնաց: Ինչո՞ւ Շենգավիթի 14 զոհերին բերեցին, իսկ մեր տղաներին՝ ոչ: Դա ի՞նչ էր նշանակում: Չէ՞ որ էն ժամանակ այդ տարածքը մեր հսկողության ներքո էր, ոչ թե նրանց: Ես զինվորականի աղջիկ եմ, հայրս ինձ ամեն ինչ բացատրել է: Թող բացահայտվի «Արաբո» ջոկատի տղաների ամբողջ պատմությունը, հերոսացնեն ու աճյունները տեղափոխեն հայրենիք: Քանի որ հիմա անհայտ է մեր տղաների ճակատագիրը, ըստ օրենքի էլ, նրանք արժանվույն չեն կարող գնահատվել: Ճիշտ է, Արաբոյի տղաները ստացել են ՀՀ-ի եւ Արցախի կողմից Արիության մեդալներ, բայց դա բավական չէ նրանց սխրանքները գնահատելու համար, ինչքա՞ն տարածքներ են գրավել, ի՞նչեր են արել: Ի՞նչ է՝ անպատասխա՞ն մնա նրանց կատարածը»:  

1990-92 թվականներին «Արաբո» միացիալ ջոկատի կազմում Վերժ Գրիգորյանն իր մարտական ընկերների հետ մասնակցել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Վերին Շեն գյուղերի ինքնապաշտպանությանը: Միաժամանակ, հրամանատար Յաշա Շելունցի կարգադրությամբ, զբաղվել Շահումյանի շրջանի տուժած ազգաբնակչությանը սննդի ու հագուստի մատակարարմամբ: Իսկ 1992 թվականի  հունիսի 29-ին «Արաբո» և «Զեյթուն» միացյալ ջոկատի կազմում՝ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հասան-Ղայա գյուղերի մարտական գործողություններին, որն էլ դարձավ Արաբոյի վերջին մարտը: 79 քաջեր մնացին շրջափակման մեջ, ու 27 տարի անց դեռ անհայտ է նրանց ճակատագիրը:

Պատմությունները շատ են, համացանցում եղած վավերագրական կադրերը նույնպես, որոնք դիտելիս՝ ոչ թե պատասխաններ են տալիս, այլ նորանոր՝ հարցեր: Պետությունը պետք է տեր լինի իր զինվորին՝ տան դուռը  27 տարի չկողպած ապրելով ասում է տիկին Սամարան, ու բարկանում, որ ամեն անգամ Շահումյանի մասին կադրերը նայելիս Վրեժին է փնտրում, բայց չի գտնում:

«Ամուսինս հեռուստատեսությամբ նայում էր Արցախյան պատերազմի մասին կադրեր, նստում հետը նայում էի, փնտրում էի, գոռում: «Ո՞ւր ա Վրեժս» : Ասում էր հերոսները օպերատորի առջեւում չեն լինում, հերոսները՝ մարտի դաշտում են: Նրանք չեն երեւում»:

«Ադրբեջանցիք հող են ուզում աճյունները վերադարձնելու համար, բայց՝ ոչ մի թիզ: Մեր տղաները փամփուշտ չեն ունեցել, որ կրակեն, ձեռնամարտին են բռնվել, անհամաչափ պայքարում արիաբար զոհվել են իրենց հայրենիքի համար, որ հո՞ղ տանք: Դրանք էնքան անհոգի են, որ իրենց զինվորի աճյունն անգամ իրենց պետք չի» ,-զայրանում է տիկին Սամարան ու որպես սփոփանք պատմում՝ ամեն տարի հունիս ամսին՝ Անհետ կորածների օրը, գնում են Արցախ, շրջում իրենց տղաների, ամուսինների կռված վայրերում, հուզվում ու հետ վերադառնում՝ հաջորդ այցին սպասելով:

«Ծերանում ենք, Հասմիկ ջան» ,-արցունքները զսպելով ասում է տիկին Սամարան ու միեւնույն ժամանակ շտապող առոգանությամբ շարունակում, «ամուսինս մահացավ, որ ես էլ չլինեմ, կկարողանա՞ն Վրեժիս աճյունը գոնե գտնել»:

Ասում եմ, «այո, եղբայրներից ԴՆԹ նմուշառում կվերցնեն»: Անվստահորեն նայում է ինձ, ուսերը թափ տալիս ու կիսաձայն հավելում. «ամուսնուս մահը աչքս վախեցրել է, ու չնայած, որ նա դեմ էր Կարմիր խաչի կողմից նախաձեռնած՝ հարազատների եւ անհետ կորածների աճյունների ԴՆԹ նույնականացման գործընթացին, նրա մահից հետո նմուշառում, այդուամենայնիվ, հանձնել եմ»,- ասում է:

«Ես մեր մայրերի կողմից եմ ասում, որպեսզի ոչ մի կասկած չլինի, պետք է ճիշտ կազմակերպել այս ամենը: Գիտեք, կարող է ԴՆԹ անեն, ու Վրեժի աճյունը չլինի, եւ իմ նմուշառման հետ էլ որեւէ առնչություն չունենա, բայց որպեսզի շատ գլուխ չդնեն, կասեն որդուս աճյունն է: Ես առաջարկում եմ, որ ՊՆ եւ Կարմիր խաչը նախ սկզբում գերության մեջ գտնվող անձանց փոխանակում կատարեն, տեսնենք ովքեր են ողջ, մենք էլ կհանգստանանք եւ նրանց կփնտրեք մահացածների մեջ: Կասկածն էլ կփարատվի»:

Անհետ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը ոչ մի կերպ չի համագործակցում հայկական կողմի հետ` խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:

 «Գերիների փոխանակման հարցով միջնորդ՝ Կարմիր խաչն էլ, որի լիազորությունները սահմանափակ են, չի կարողանում ապացուցել, որ հայ տղաներ կան ադրբեջանական բանտերում, բայց մենք տեղեկություններ ունենք, որ հայեր կան ու բավականին շատ»,- կարծում են անհետ կորածների ծնողները։

Վրեժ Գրիգորյանը «Արաբո» ջոկատի տարիքով ամենափոքրերից էր։ Հենց նրա կերպարով փորձեցինք ներկայացնել 79 անհետ կորած հայ քաջորդիների ընտանիքների ցավն ու մտահոգությունները, նրանց սպասումները:

«Դարձել ենք մի ընտանիք, բոլորս իրար գիտենք, իրարով ապրում ենք, միմյանց հոգսից տեղյակ ենք»,- զրույցի վերջում ասում է տիկին Սամարան ու հերոսի մորը վայել ընդգծում. «Վրեժիս կորցրի՝ նրանց գտա»:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close