ԿարևորՀասարակություն

Մեր ժամանակների հերոսը կամ Վաղազինի 8 տներից մեկի լույսը վառ պահողը

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արցախի Քաշաթաղի շրջանում մի գյուղ կա, անունը՝ Վաղազին: Վաղազինում մի դպրոց կա՝ 11 աշակերտով ու 8 ուսուցչով: Վաղազինում 7 տուն կար, 2 տարի առաջ ավելացավ մեկը:

Երկու տարի առաջ առաջին մասնագիտությամբ լրագրող Վերոնիկա Շահնազարյանը հավաքեց մտքերը, համատեղեց ցանկություններն ու գնաց Արցախ՝ դասավանդելու:

«Որոշեցի երկրորդ մասնագիտություն ձեռք բերել, որ մայրիկիս մասնագիտությունն է, ու գնալ հայրիկիս հայրենիք՝ Արցախ: Երկուսը համատեղեցի ու գնացի Վաղազին որպես ուսուցչուհի»,- իր արդեն իրականացած երազանքի մասին պատմում է Վերոնիկան:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով բազմաթիվ երիտասարդներ որոշում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանի ու նաեւ արդեն Արցախի ամենահեռավոր գյուղերում ապրող երեխաների կյանքը:

Վերոնիկան Վաղազինում դարձավ ընկեր Վերոնիկա ու երեխաներին սովորեցրեց թռչել:

«Երրորդ դասարանի Լառան ու Հասիկոն ինձ փրկում էին ուղղակի, որ ես դպրոցում ամենափոքրը չերեւամ»,- ծիծաղում է փոքրամարմին, նուրբ ու մանկական դիմագծերով ընկեր Վերոնիկան,- երեխաներիս հետ այդ թռիչքին երկար չսպասեցինք:

 «Ալինաս մի օր ամաչելով եկավ, ասաց՝ ընկեր Վերոնիկա կլինի՞ դասերից հետո պարապենք, եթե դուք մի քիչ ազատ ժամանակ ունեք: Աչքերս փայլեցին, գրկեցի, ասացի՝ ո՞նց չլինի, ես սպասում էի, թե ձեզանից ով է այդ առաջին քայլը համարձակվելու անել»:

Առաջին քայլին հաջորդեց երկրորդը, երրորդն ու ընկեր Վերնիոկան դարձավ Վաղազինի ոչ միայն ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչը, այլ նաեւ գյուղի 8-րդ տան լույսը վառ պահողներից մեկը:

Մութ փողոցներ ունեցող գյուղը լուսավորվեց, դպրոցում բացվեց նոր, գունավոր ու կահավորված դասարան:

«Երեխաներս մի օր ասացին, որ վախենում են մթից: Հասկացա, որ գաղտնիք է ու չեն ուզում, որ գյուղում մեծերն իմանան դրա մասին: Ճիշտ է՝ երեխաներիս գաղտնիքը բացեցի գյուղապետի մոտ, բայց դրա արդյունքում գյուղը լուսավորվեց: Երեխաներս չեն վախենա այլեւս»:

Վաղազինի 8-րդ տանը Վերոնիկան ապրում էր Նարինեի  ու Բելկայի հետ: Նարինեն Վերոնիկայի պես Վաղազինում դարձավ ընկեր Նարինե: Իսկ Բելկան տան երրորդ անդամն էր:

Նախ տերը տիկին Վարդիկ էր, հետո՝ Վերոնիկան դարձավ:

Բելկայի առաջին տերերը գյուղից գնացին ու շանը թողեցին՝ աղջիկներին ընկեր ու պահապան:

«Պիտի խոստովանեմ, որ Բելկայի ներկայությունն է ինձ Վաղազինում պահել: Բելկան միանգամից ցրեց բոլոր վատ մտքերն ու ես հասկացա, որ Վաղազինում ոսկի մարդիկ են ապրում: Բելկայի շնորհիվ ես դա հասկացա»,- ասում է ընկեր Վերոնիկան:

Սպիտակ Բելկան, ոսկի երեխաներն ու արեւ Վաղազինը Վերոնիկայի հետ են արդեն ընդմիշտ: Այս սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնա, իր կյանքի մի կտոր Վաղազինն արդեն ունի, հերթը նոր վաղազիններինն է: Քայլել է պետք, դեպի առաջ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close