ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Բաղանիսում այս տարի վարելահողից խոտ են հավաքել

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում այս տարի 5 տարվա ընդմիջումից հետո առանց կրակոցների կարողացել են սահմանի վարելահողերից խոտ քաղել: Տարածքում վերջին անգամ  2014 թ գարնանն էին ցորեն ցանել, բայց  չէին հավաքել, քանի որ թշնամու կրակոցներից արտն այրվել էր: Տեղացիներն անտեսում են դժվարություններն ու պահում սահմանը պահողի թիկունքը:  

«Մեր տան դիմաց, որը դիտարկվում է թշնամու դիրքերից պաշտպանիչ պատ ենք կառուցել, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը քարը տվել ա, մենք պատել ենք: Այ էն կակալի ծառը տեսնում ես (ցույց է տալիս իրենց տան բակում գտնվող ընկուզենին), դրա հետևը, որ ուղիղ նայես թշնամու դիրքերն են: Էնքան կրակոցներ ա ըլիլ, բաղնիքում տվելա, տանը տվել ա, կուխնյայում տվելա: Էս  պատելուց հետո էլ վերջին կրակոցը եկավ ու մտավ ստեղ, մնաց, չենք հանում»:

Բեգլարյանների տունը, ինչպես Բաղանիս գյուղի շատ և շատ  տներ, գնտվում է թշնամու դիտարկման ներքո: Տան տիրուհին ցույց է տալիս  ապահով պատի մեջ խրված գնդակը, ապա ինձ առաջնորդում  իրենց տան  սենյակները, որոնք վնասվել են թշնամու կրակոցներից: Կրակված գնդակներն էլ հավաքել են ու պահել:

«Ով եկել ա, հետաքրքրվել, ցույց ենք տվել, վերցրել տարել են»:

Բեգլարյանների տանն էի, հանկարծ  տունը ցնցվեց, ճոճվեց, թվաց՝ երկրաշարժ է,  պարզվեց՝ մեծ բեռնատար է անցնում Իջևան-Նոյեմբերյան-Վրաստան ավտոմայրուղով, իսկ տան ցնցվելուց պատերին ճաքեր են գոյացել:

Միջպետական ճանապարհն անցնում է Բաղանիս գյուղի միջով, որի երկարությունը 3 կմ է:  Ալավերդու ճանապարհաշինության պատճառով  ծանրաբեռնվել է Իջևան — Նոյեմբերյան հատվածը: Գառնիկ Բեգլարյանը պատմում է, որ ցերեկը մեքենաները  հանգիստ են ընթանում, իսկ գիշերային ժամերին, հատկապես կրակոցների ժամանակ,երբ թշնամու կրակահերթերն ուղղված են մայրուղու վրա, բեռնատարներն ու մյուս տրանսպոևտային միջոցները մեծ արագությամբ են  ընթանում, որից ավելի են խորանում իրենց տան պատերի ճաքերը:

«Մի տարի ա ոչ քուն ունենք, ոչ դադար, ոչ գիշեր, ոչ ցերեկ, բայց դե հիմա հո չենք կարա գյուղը թողենք, դուրս գանք, կամ գնանք հեռու ապրենք, մեր տեղը սա է, լավ ա, թե վատ ա՝ պտի ապրենք»:

Չեն հեռանում, սահմանը պահողի թիկունքն են պահում, թեև տարիներ առաջ Ռուսաստանում հաստատված որդիները ծնողներին կանչում են իրենց մոտ, ապահով վայր:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացավ անդրադառնալ խնդրին:  Ամուսիններով  800 քմ տարածքով տնամերձ հողամասն են  մշակում, բանջարեղենը  վաճառում և գումարելով թոշակին՝ ապրում:

«Մեր տնամերձերը սահմանի մոտ է, ուղիղ գծով 1 կմ էլ չկա, բայց ռիսկով գնում ենք, ամեն ինչ մշակում ենք, տանից կիլո-կիլո վաճառում, գյուղացիներին տալիս»:

Բաղանիսի գյուղատնտեսական նշանակության 285 հա հողատարածքից 120 հա-ը գտնվում է թշնամու անմիջական դիտարկման ներքո: Այդ տարածքը վերջին անգամ մշակվել էր 2014թ գարնանը, ցորեն էին ցանել, բայց բերքը չէին կարողացել քաղել: Բաղանիս գյուղի վարչական  ղեկավար Նարեկ Սահակյանը նշում է, որ վերջին 2 տարում համեմատաբար ավելի հանգիստ վիճակ է, թեև  կրակոցներ լինում են:

«90 տոկոս հավանականություն կար կրակելու, բայց չկրակեցին,  10 հա վարելահողերից խոտը քաղեցինք»:

Արոտավայրեր չունենալու պատճառով անասնապահությունը զարգացած չէ, փոխարեն մեղվապահությամբ են զբաղվում: Գառնիկ Բեգլարյանի տան բակում նույնպես մեղվափեթակներ կան, 15 մեղվաըմնտանիքից 5-ն էր մնացել: Անցդած տարի գյուղի փեթակների մեծ մասը հանգեց:

Տնամերձը թեքության վրա է, տան բակում լարերով անցկացված ազնվամորի, մի քանի ըմկույզի, կաղնու, խնձորի ու տանձի  ծառեր կան: Բաղանիսում գյուղատնտեսության զարգացման նպատակով  պտղատու նոր այգի է հիմնվել: Վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասում է, որ ընկուզենու, կաղնու և հոնի գաճաճ տնկիներ են դրել:

Տնամերձերում աճեցնում են նաև խաղողի պինոն, լալվար, ռկածիթելի սորտերը, որոնցից տնային պայմաններում գինիներ են պատրաստում կամ օղի թորում: Գառնիկ Բեգլարյանը բակում ցույց տվեց գինու այն տակառը, որը կրակոցից ծածկվել էր, և գինին թափվել:

Ցուցադրել ավելի
Back to top button