Միջազգային

Մոլորակի «թոքերը» հանգցնել չի հաջողվում

Արդեն երրորդ շաբաթն է Բրազիլիայում այրվում են  Ամազոնի արեւադարձային անտառները: Անտառներում այս պահին կա կրակի 75 հազար օջախ, ինչը ռեկորդային թիվ է: Կրակի  հազարավոր օջախները մարել չի հաջողվում: Մասնագետներն են պնդում, նման աղետի պատճառ դարձել է Ամազոնում տարածված պրակտիկան, երբ անտառը այրում են՝ դրա տեղում գյուղատնտեսական նշանակության տարածք հիմնելու նպատակով:

Հրդեհներն արդեն այն մասշտաբի են հասել, որ դադարել են  զուտ Բրազիլիայի իշխանությունների խնդիրը լինելուց: Բրազիլիան հարևան պետություններից ստանում է աջակցության առաջարկներ, իսկ եվրոպական պետությունները հրդեհներն  արդեն միջազգային ճգնաժամ են որակում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս հարցի վրա: «Էկոլոգիական ճգնաժամի պայմաններում մենք թույլ չենք տա նման վնաս հասցնել թթվածնի մեր հիմնական աղբյուրին»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն առաջարկում է Ամազոնիայի հրդեհների հարցը քննարկել G7-ի շրջանակներում: «Մեր տունն այրվում է. տուն՝ բառի ուղիղ իմաստով: Այրվում է Ամազոնը մեր մոլորակի թոքերը, որն ապահովում է երկրագնդի թթվածնի 20%, կհանդիպենք երկու օրից՝ քննարկելու այդ արտակարգ իրավիճակը», Թվիթերում գրել է Ֆրանսիայի առաջնորդը:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն միջազգային աղմուկին շատ սառն է արձագանքել: Նա հայտարարել է, որ Մակրոնը փորձում է քաղաքական դիվիդենդներ ստանալ իրավիճակից, որը Բրազիլիայի ներքին գործն է: Այդ երկրի առաջնորդը  G7-ի շրջանակներում հարցը քննարկելու Մակրոնի առաջարկը անվանել է XXI-դարում անթույլատրելի գաղութատիրական մտածելակերպի դրսևորում:

Գլոբալ տաքացման հարցում ընդգծված հոռետես Բոլսոնարուն իր երկրի հասարակության ներսում լուրջ ճնշման է ենթարկվում: Իշխանությունների անգործության դեմ բազմաթիվ բողոքի գործողություններ են տեղի ունենում երկրի մեծ քաղաքներում և մի շարք երկներում Բրազիլիայի դեսպանությունների առջև:

Ցուցադրել ավելի
Back to top button