ԿարևորՀասարակություն

«Մինչեւ «Լիդիան»-ը ցիանիդը օգտագործել են Հայաստանում». երկրաբան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամուլսարի շահագործման հարցում իրավիճակը թեժ է մնում, թեեւ պետությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, իսկ ներդրողը՝ «Լիդիան»-ը հստակ քայլերի դեռ չի դիմել միասնական արբիտրաժ դիմելու համար: Այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի պառկած ակցիա է իրականացրել կառավարության շենքի մոտ՝ դժգոհելով երկու օր առաջ ոստիկանական ուժերի գործողություններից, իրավապաշտպանները կրկին քննադատել են ոստիկաններին, վարչապետն այդպես էլ գնահատական չի տվել այդ գործողություններին: Մյուս կողմից քննարկումները եւ հաշվարկներն են շարունակվում՝ Ամուլսարի շահագործո՞ւմն է ավելի օգտակար, թե՞ գործողությունների կասեցումը: Այս հարցում տրոհվել են ոչ միայն հասարակությունը եւ  մասնագետները, այլեւ՝ իշխող ուժը, անցնելով արդեն հանրային վեճի:

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողների ծանրակշիռ փաստարկներից մեկն այն է, որ ոսկու կորզման համար «Լիդիան»-ը մտադիր է օգտագործել թունավոր «ցիանիդ» նյութը: Նախ՝ դրա տեղափոխումն են վտանգավոր համարում, նաեւ՝ օգտագործումը՝ ոչ բարենպաստ: Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանը խորհուրդ է տալիս միայն «ցիանիդ» օգտագործելու համար «Լիդիանին» չդատապարտել։ Հայաստանում այսօր կան գործարաններ, որոնք կոնկրետ քարերի կորզման համար օգտագործել են եւ օգտագործում են այդ թունավոր նյութը:

«Ես կդժվարանամ տոկոս ասել, բայց աշխարհի 90 տոկոսից ավելի դեպքերում, ոսկու կորզման ֆաբրիկաներում կիրառվում է ցիանիդը՝ որպես անվտանգ եւ էժան մեթոդ: Դա էլ ասեմ: Հայաստանում կան ցիանիդի միջոցով կորզվող հանքաքարեր: Ունենք այդպիսի ֆաբրիկաներ: Ես արդեն վախենում եմ տեղն ասեմ, որ հեծանիվով չգնան այնտեղ մարդիկ: Ոչ մի վնաս մինչեւ այսօր ժողովուրդն այնտեղ չի կրել, ոչ մի տեխնիկական աղետ չի եղել: Ձեր մտահոգությունը կկիսեմ եւ կառաջարկեմ ընդամենը մի բան: Դա այնքան լուծելի հարց է, որ այդ տեղափոխող բեռնատարին ուղեկցեն մի քանի մեքենայով: Հատկապես, երբ երկու ամիսը մեկ պետք է լինի այդ ցիանիդի ընդունումը»:

Բնապահպանական մասնագիտական վեճերը դնենք մի կողմ եւ փորձենք հասկանալ պետությանը՝ որքանով է իրատեսական միջազգային տնտեսական դատարանում՝ արբիտրաժում «Լիդիան»-ի պատճառով ունենալ եւս մեկ գործ ընդդեմ Հայաստանի: Վերջին շրջանում «Լիդիան»-ի կողմից Հայաստանում կատարված ներդրումների մի քանի թիվ է շրջանառվում՝ 500 միլիոն, 700 միլիոն եւ 2 միլիարդ դոլար: Փոխհատուցման կոնկրետ չափը, սովորաբար, որոշում է արբիտրաժը: Ի հեճուկս պնդումների, թե «Լիդիանն» իրավունք չունի դիմելու միջազգային տնտեսական դատարան, միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը այդ հեռանկարն իրատեսական է համարում.

 «Գումարների մասին վերջնական տեղեկատվությունը հայտնի կլինի, երբ հանրությանը հասանելի լինի հայցը: Եթե, իհարկե, ներդրողը ներկայացնի: Հայցը ներկայացնելուց հետո այդ գումարի փոխհատուցում նշանակելը, եթե ներդրողը հաղթի գործում, որոշում է Արբիտրաժային դատարանը: Այնտեղ կարող են դիտարկվել շատ հարցեր՝ սպասվելիք եկամուտներ, կարող են դիտարկվել գործոններ, որ ներդրողը ինքն իր գործողություններով ստեղծել է մի իրավիճակ, որը վերջնական փուլում իրեն վնաս է հասցրել եւ այդ գործողությունների մեղքը չի կարելի վերագրել պետությանը: Հարցն այնքան բազմաշերտ է, որ դժվար է կանխատեսել, թե վերջնական ինչքան գումար կլինի: Պարտադիր չէ, որ Արբիտրաժային դատարանն այնքան փոխհատուցում նշանակի, ինչքան որ պահանջում է ներդրողը: Ամեն դեպքում հնարավոր է, որ 500 միլիոն կոմպենսացիա նշանակի, հնարավոր է՝ ավելի քիչ, հնարավոր է եւ ավելի շատ: Ներդրողը կարող է պնդել, որ իր նկատմամբ իրականացվել է խտրական գործողություններ, դրա համար բոլոր գործողությունները պետք է կրեն ընդհանրական բնույթ եւ տեղաբաշխվեն ամբողջ հանքարդյունաբերության վրա: Կարող է լինել դիսկրիմինացիայի հարց, կարող է լինել անուղղակի էքպրոպրիացիայի հարց, կարող է լինել արդար, անաչառ վերաբերմունք չցուցաբերելու հարց, կարող է լինել ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարց»: 

Պապյանի տեղեկություններով, հայտնի է ընդամենը երկու դեպք, երբ արբիտրաժում գործերը հօգուտ պետությունների է լուծվել: Որպես կանոն արբիտրաժային դատարանում պետությունների հակափաստարկը  կոռուպցիոն գործարքներն են: Բայց այս դեպքում անհրաժեշտ է լուրջ ապացուցողական բազա:

Պետությունը դեռ չի շտապում այս հարցում որոշում կայացնել: Մի կողմից ընդվզող հասարակությունն է, որի նկատմամբ 2018-ից հետո առաջին անգամ կիրառվեց ոստիկանական ուժ եւ սահմանափակումներ, մյուս կողմից՝ միջազգային հեղինակությունն է եւ արդյունաբերական շահույթը: Այս ամբողջը պատկերավոր ասած դեռ նժարի վրա կշռվում է: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան. «Որեւէ հարցի միակողմանի դիտարկումը իր մեջ ռիսկ է պարունակում, որովհետեւ միշտ, եթե կա առավելություն, դրա կողքին կարող են լինել նաեւ թերություններ: Պետք է կշռվի այդ ամեն ինչը եւ հավասարակշռված որոշման գալ: Այսինքն՝ համակողմանիորեն այդ հարցը պետք է դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով: Եթե այդպես լիներ՝ տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր»:   

Ամուլսարի հարցը այս փուլում պառակտել է ոչ միայն հասարակությանը, այլեւ տրոհել է  իշխանական ուժին: Որոշ հաշվարկների համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը: Այսօր անգամ հեռակա վեճ է տեղի ունեցել հանքի շահագործման դեմ հանդես եկող Աժ-ի փոխնախագահ Լենա Նազարյանի եւ «կողմ»-ի կողմնակից, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի միջեւ: Այդ ամենը տեղի է ունեցել բացառապես «Ֆեյսբուք»-ի հարթակում: Վերջին գրառմամբ Թունյանը հստատել է՝ թիմի ներսում կարող են տարբեր կարծիքներ ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ, վիճել ու բանավիճել։ Բայց բոլորի նպատակը նույնն է՝ կայացնել ամենաճիշտ որոշումը, որը բխում է երկրի շահերից։ Իսկ այդ վեճերից դիվիդենտ հավաքողներին, իր իսկ ձեւակերպմամբ «բզբզողներին» եւ հրահրողներին պատգամավորը զգուշացրել է՝ անիմաստ ժամանակ են կորցնում:

Back to top button