ԿարևորՀասարակություն

Նոր ծրագիր. պետությունը կփակի զինծառայողների հիպոթեքային վարկի մի մասը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2020 թվականի հունվարի 1-ից    Հայաստանում նոր պետական ծրագիր կսկսվի գործել:  Ամեն տարի  պետության աջակցությամբ բնակարաններ ձեռք կբերվեն զինված ուժերի 500 սպաների եւ ենթասպաների համար։ Նախագիծը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստում: Հենց այստեղ էլ պարզ է դարձել, որ ի սկզբանե  քննարկվել է նաև ուժային մյուս՝  ոստիկանության, ազգային անվտանգության ու քրեակատարողական համակարգի ծառայողներին ծրագրում ընդգրկելու հարցը նույնպես, սակայն ֆինանսական միջոցները  հստակեցնելու հարցեր են առաջացել: Կառավարությունում լուծումներ են փնտրում ուժային մյուս կառույցների աշխատակիցների համար նույնպես   նման ծրագիր իրականացնելու համար: Այս պահին պետական աջակցություն կստանան զինծառայողները:

Ամեն տարի 500 զինծառայող` սպայական ու ենթասպայական կազմից, արտոնյալ պայմաններով   բնակարան կառուցելու կամ գնելու նպատակով  հիփոթեկային վարկ կստանա: Նախագիծը հաստատվեց այսօր՝ կառավարության նիստում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսում է  առավելագույնը  28 մլն 500 հազար դրամի չափով հիփոթեքային վարկավորման հնարավորություն:

Այս գումարի սահմաններում բնակարանի գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար կփոխհատուցվի պետության կողմից։

Պետությունը կփոխհատուցի նաեւ վարկավորման 7 տոկոսից 3- ը, իսկ մնացած 4 տոկոսը կմարվի եկատմային հարկի հաշվին, եթե բնակարանը ձեռք է բերվել հենց կառուցապատողից՝ առաջնայինն շուկայից։ Եթե բնակարանը նորը չէ, այսինք՝ երկրորդային շուկայից է ձեռք բերվել, պետությունը 3 տոկոսը կփոխհատուցի, սակայն մնացած 4 տոկոսը զինծառայողն ինքը պետք է արդեն վճարի։ Շահառուների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ:

Դավիթ Տոնոյանը խոստովանեց՝  գործընթացը երկար են քննարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հստակեցրեց՝ պետությունը ֆինանսավորում է զինվորականների գործարքի՝ ըստ էության ամբողջ կանխավճարը: Սուբսիդավորում է ամբողջ ժամկետի համար՝ երեք տոկոս:

Ոստիկանապետ  Վալերիյ  Օսպիյանը հայտարարեց՝ իրենք էլ նման ծրագրի անհրաժեշտություն ունեն: Աշխատեք ԿԲ հետ՝ հորդորեց կառավարության ղեկավարը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հստակեցրեց՝  ուժային մյուս կառույցները նույնպես խնդիրը քննարկել են, սակայն, հստակեցված ներկայացվել է  միայն ՊՆ-ում: Պետք է որոշել բյուջետային հատկացման աղբյուրը՝ ասաց:   

Մարզերում բնակարանների առաջնային շուկայի ձևավորման նպատակով    նախատեսվում է կառուցել 30 նոր բազմաբնակարան շենք: «Մասնավոր ներդրումների ծրագիր է, և վաճառքի վերջնական գինը բավական ցածր է լինելու»,- ասաց քաղաքաշինության  կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Այս ծրագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորեց.

«Քանի որ եկամտահարկի վերադարձման ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի դեպքում, իսկ մարզերում, ըստ էության, առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ, ուստի մարզերում լավ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներն այս հնարավորությունից ուզում են օգտվել և բնակարաններ են ձեռք բերում Երևան քաղաքում»:

2014 թվականի նոյեմբերի 1- ից հետո անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս հիպոթեքային վարկ  վերցնելիս վարկի տոկոսադրույքը մարվում է եկամտային հարկի  վերադարձի միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close