ԿարևորՄշակույթ

Կամուրջ, որ կապում է անցյալն ու ապագան. «Գութան» 2019

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ազգային, ավանդական երգի ու պարի պահպանումն ու հանրահռչակումը «Գութան» ամենամյա փառատոնի հիմնական առաքելությունն է: Փառատոնի մեկնարկին ընդառաջ հրավիրված այսօրվա ասուլիսում հիմնադիրն ու մասնակիցները ազգային եգի եւ պարի երկրպագուներին հիանալի տոն են խոստացել պարգեւել: «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: Այն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնության համարում է ստացել: Գերնպատակը հայ ազգագրական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանում, տարածում ու սերնդեսերունդ փոխանցումն է:

Ավանդական դարձած համատեղ կատարմամբ, ըստ էության, տրվեց «Գութան 2019» ազգագրական երգ ու պարի փառատոնի մեկնարկը: Այն այս տարի նվիրված է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին:

«Կարծում եմ, որ Կոմիտասը, դա անձ չէ, դա գաղափարախոսություն է, դա ազգային ինքնությունը պահելու հզոր գաղափարախոսություն է, որին ուզում ենք մենք ծառայել, ուզում ենք գնալ այդ ճանապարհով»: 

Փառատոնի նախօրյակին հրավիրված ասուլիսում հիմնադիր, վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի պարզաբանումն էր: Նա համոզմունք հայտնեց, որ «Գութանը» կայացած է, քանի որ  այն համախմբել է բոլոր նրանց, ովքեր իրենց խնդիրն են համարում ազգային ինքնության, մշակույթի պահպանումը: Այդ նպատակի առումով էլ հավելեց.

«Ես կարծում եմ, որ 5-6 տարվա ընթացքում մենք կարողացանք սեր եւ միասնականություն ունենալ: Կարծում եմ, որ հիմնականում մեր խնդիրը դա է»:   

«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի հիանալի տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Փառատոնին հնարավորություն կունենանք վայելել ժամանակի ազգագրական լավագույն 20 խմբերի ելույթները: «Նուբար» խմբի հիմնադիր-ղեկավար, Հանրային ռադիոյի «Արմատներ» երաժշտական հաղորդման խմբագիր Լուսինե Նազարյանը կարեւորում է այս հարթակը հատկապես այն առումով, որ այստեղ հին ու նոր խմբեր են հնարավորություն ստանում մեր հանրությանը ներկայացնելու մեր ավանդական մաքուր երգն ու պարը:      

«Գութանն անցյալն ապագայի հետ կապող կամուրջը եղավ: Եթե անցյալի հետ կապը կորցնենք, մենք չգիտենք, թե ո՞ւր ենք գնալու վաղը»:

Փառատոնում կենդանի հնչողությամբ կներկայացվեն գործեր մաքրամաքուր տարբերակով՝ Կոմիտասի ու նրա գործը շարունակողների կողմից փրկված պատառիկներ: Գութանը նպաստել ու նպաստելու է հայ մաքուր երգի ուսուցմանն ու տարածմանը՝ որպես արդյունք արձանագրեց «Գորանի» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Զավեն Թագակչյանը.

«Գութան»-ը էս հարցում էլ բավական մեծ դեր է կատարել, որ ազգայինը ներկայումս առաջնային է՝ չնայած, իհարկե, հանրապետությունում կան բազմաթիվ այլ երաժշտական գործունեություն ծավալած երեւույթներ, որոնք խաթարում են մեր ազգայինը եւ վնասում: «Գութան»-ը դրանց դեմ դուրս եկած մեծ պատվար է, որը տալիս է հիանալի արդյունք»:

«Ակունք» ազգագրական խմբի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանին ոգեւորում է այն հանգամանքը, որ մեծ է հետաքրքրությունը «Գութան»-ի նկատմամբ եւ շարունակվում է այն գործը, որ սկսել էր իր սերունդը, որ բախտ է ունեցել նաեւ անմիջապես առնչվել էրգրից գաղթածների հետ.

«Նրանք ստեղծել էին, պահպանել էին եւ պահում էին իրենց մեջ ու բերեցին հասցրեցին … Բոլորին է հայտնի, թե ինչ մեծ հետաքրքրություն կա ժողովրդի կողմից այդ ամենի նկատմամբ»:      

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close