ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառն ԱԻՆ-ը չի պարզել

Անի Մինասյան
«»Ռադիոլուր

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում երեկ երեկոյան բռնկված հրդեհը մարվել է: Ինչո՞ւ է բռնկվել  հրդեհը, ի՞նչ վնասներ է հասցրել ու դեռ ինչքա՞ն ժամանակ տարածաշրջանը կլինի հրդեհավտանգ:

«Ծիծեռնակաբերդի հարակից անտառում անցած երեկոյան առաջացած հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, հարեւանությամբ գործող ռեստորանից հրավառությունն է». քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանի գրառումն է, որը, սակայն, ԱԻ Նախարարությունը դեռ չի հաստատում։

Նախարարության մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանի խոսքով, այս պահին առաջացած հրդեհի պատճառը հայտնի չէ, ու այսքան կարճ ժամանակում չէր էլ կարող պատճառը հայտնի դառնալ:

Հայտնի են միայն հրդեհի բռնկվելու, մեկուսացվելու ու մարելու ժամերը՝ 22:35 սահմաններում բռնվել է, կեսգիշերին՝ մեկուսացվել, մարվել՝ կեսգիշերն անց՝ 00:45-ին: Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ:

Հրդեհն այս եղանակային պայմաններում ցանկացած պահի կարող է առաջանալ, Հայաստանի ամբողջ տարածքում բարձր ջերմային ֆոն կա՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժ/պ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է ասում:

Հրդեհներից խուսափելու համար նախապատրաստական բոլոր հնարավոր աշխատանքներն արվել են։  Համախմբվել են ուժերը, գործի է դրվել մարդկային ներուժը, առկա են անհրաժեշտ տեխնիկան ու գործիքները:

«Բնակչության շրջանում ճանաչողական այցեր ենք իրականացրել, համապատասխան նամակներ են ուղարկվել բոլոր գերատեսչություններին, ճանապարհների չորացած խոտն ենք մաքրել, չորացած ճյուղերն ենք կտրել»,- ասում է գեներալ-մայորը:

Բայց սրան զուգահեռ, ինչպես հրդեհ մարողն է մարդը, այնպես էլ  հրդեհ ստեղծողն է:

«Հրդեհների մոտ 96%-ը մարդածին գործոնի արդյունք է:Մարդիկ իրենք պետք է մտածեն, հարգեն շրջակա միջավայրը, այն բուսական աշխարհը, որ մենք ունենք մեր տարածքում»,- ասում է գեներալ-մայորը:

Առաջիկա 5 օրերին բարձր ջերմային ֆոնը դեռ կպահպանվի, հետեւաբար հրդեհների վտանգը պահպանվում է:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close