ԿարևորՔաղաքական

Ամուլսարն արդյոք կպառակտի՞ իշխանությունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամուլսարի շահագործման հարցով «Էլարդի» եզրակացությունը կառավարության աշխատակազմն այսօր ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն: Կից հանձնարարական է՝ պարզել արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Սա նշանակում է, որ որոշ ժամանակով կրկին հետաձգվում է այս ցավոտ խնդրի վերջնական լուծումը: Հաշվի առնելով Ամուլսարի հետ կապված աղմուկը՝ «Ռադիոլուրն» այսօր փորձել է հասկանալ, թե ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ բնապահպանական խնդիրը:  

Քաղաքական ճգնաժամից մինչեւ ընդդիմադիր նոր բեւեռի ստեղծում. այս ամենի պատճառը կարող է դառնալ Ամուլսարը, իհարկե իրավիճակի տարբեր զարգացումների եւ տարբեր շահարկումների դեպքում: Ամեն ինչը կախված է չափաբաժնից: Հին կուսակցությունների, առիթից օգտվելու ջանքերը, վերլուծաբանները հեռանկարային չեն համարում:

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյան. «Նախկին ուժերը, որ այսօր ընդդիմադիր կեցվածք են որդեգրել, ըստ իս, չեն կարող հաջողել Ամուլսարի խնդրում, որովհետեւ Ամուլսարի խնդրի ձեւավորման հիմքերում հենց նրանք են կանգնած։ Այսինքն՝ իրենք են այդ խնդիրները ստեղծողները եւ, բնականաբար, բավականին լուրջ խոցելիություն կձեւավորվի նրանց պարագայում եւ նրանք կթիրախավորվեն հենց որպես կեղծ ընդդիմադիրներ: Իսկ նոր ուժերը այս ձեւավորված վակուումում ունեն ռեալ հնարավորություն քաղաքականապես կայանալու, նաեւ քաղաքական ինքնություն ձեռք բերելու տեսանկյունից եւ, իհարկե, որպես քաղաքական տեխնոլոգիա օգտագործելով այս հարմար առիթը»:

Առհասարակ նոր կուսակցությունների եւ նոր ընդդիմադիր ուժի ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցությունները մշտապես եղել են հայաստանյան քաղաքական դաշտում: Այս պահին, սակայն, բավարար նախադրյալներ դրա համար չի տեսնում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը.   

«Նոր ուժ հորիզոնում չի նշմարվում, որ կառաջանա: Բայց որոշ ուժեր կարող են հենց այս բողոքի, ցույցերի ֆոնին բավականին հզորանալ: Օրինակ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը բավականին ակտիվորեն մասնակցում է հանքի շահագործման դեմ անցկացվող ցույցերին եւ այդ կուսակցությունը կարող է իր կողմը քաշել կանաչներին, բնապահպաններին եւ ավելի մեծացնել իրենց ընտրազանգվածը: Իսկ հատուկ այս շարժման համար հատուկ ընդդիմադիր կուսակցության առաջացումը իրատեսական չեմ համարում, որովհետեւ արդեն դաշտում կան կուսակցություններ, որոնք այս թեման առաջ են տանում, այս թեմայի շուրջ կոնսոլիդացիա են իրականացնում եւ հենց նրանք էլ, կարծում եմ, կգնան այս ցուցարարներին իրենց կողմը քաշելու եւ մեծ բեւեռ ստեղծելու ճանապարհով»:

Եթե «հները» հեռանկար չունեն, իսկ «նորերը» դեռ չկան, այս դեպքում կարող է գործել անգամ երրորդ տարբերակը: Հաշվի առնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» խմբակցության բազմաշերտությունը, իրավիճակը վերլուծողները չեն բացառում, որ ԱԺ հերթական նստաշրջանից առաջ Ամուլսարը կարող է հետեւանքներ ունենալ նաեւ խորհրդարանում: Սրա մասին, ի դեպ, ֆեյսբուքում գրառում է արել նաեւ ՔՊ հիմնադիրներից, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը.      

«Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձեւը թող «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքն ասի: Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը եւ այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով: Ամուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաեւ ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը»:

Քաղաքական անալոգիաները քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանին հուշում են, որ դաշինքները Հայաստանում երկարատեւ կյանք չունեն՝ տարանջատվել են տարբեր՝ մեծ եւ փոքր տարակարծությունների պատճառով. 

«Չի բացառվում, որ կարող է նման բան տեղի ունենալ նաեւ առաջիկայում: Իհարկե, դա հնարավոր կլինի միայն «ֆորսմաժորային» իրավիճակում: Իսկ «ֆորսմաժորային» իրավիճակը կարող է ինքնաբերաբար ստեղծվել կամ ոչ ակնհայտորեն խթանվել որոշ ուժերի կողմից, որպեսզի այդ ճեղքը կամաց-կամաց մեծանա եւ պառակտման առիթ դառնա իշխող ուժի կազմում: Տեսականորեն չի կարելի բացառել, որ կարող է, օրինակ, նույն դաշինքը մասնատվել եւ այդ 88 պատգամավորից մի մասը, օրինակ, դուրս գա եւ այլ բեւեռ ձեւավորի՝ հենց կանաչների բեւեռը, որը զարգացած երկրներում նաեւ քաղաքականության մեջ ներգրավված բեւեռ է: Այսինքն՝ այս սցենարները բացառել ուղղակի հնարավոր չէ, քանի որ կան այսօր դրա համար նախադրյալներ»:

Նման զարգացումների հավանականությունը ցածր է գնահատում քաղաքագետ Արմեն Վարդանյանը: Դատելով իշխող կուսակցության գործելաոճից, կարծում է, որոշակի համաձայնություն կուսակցության ներսում ձեռք կբերվի. «Իմ կարծիքով հավանականությունը, որ իշխող ուժի խմբակցությունը կպառակտվի, նոր ֆրակցիա կառաջանա՝ շատ քիչ հավանական է: Իհարկե, կլինեն տարբեր կարծիքներ, նաեւ հակասական, իրարամերժ կարծիքներ, բայց չեմ կարծում, թե բանը կհասնի նրան, որ մի խումբ պատգամավորներ դուրս գան խմբակցությունից: Իշխող ուժը այս առումով կոշտ միջոցների չի դիմում, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր: Կարծես թե Նիկոլ Փաշինյանը հարգում է այլակարծությունը, նաեւ իրենք էլ դեմ չեն, որ իրենց խմբակցությունում լինեն տարբեր կարծիքներ եւ տարբեր տեսակետներ»:

Այս պահի դրությամբ, իշխանական պատգամավորները Ամուլսարի հետ կապված իրենց դիրքորոշումների մասին հայտնում են պարզապես ֆեյսբուքում՝ գրառումներ կատարելով: Ինչպիսի տրամադրություններով նրանք կվերադառնան արձակուրդից եւ ինչ քաղաքական  տրամադրություն կտիրի խորհրդարանում՝ պարզ կդառնա արդեն սեպտեմբերի սկզբին: Աշնանային նստաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 9-ին:   

Back to top button