Հասարակություն

Ով է Քոչարյանի նոր դատավորը և ինչով է «աչքի ընկել»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկություն, որ օգոստոսի 19-ին Քոչարյանի եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների քրեական գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ դեռեւս պաշտոնական ծանուցում չեն  ստացել,  բայց նաև  նշում են, որ փաստաբանները չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետեւելու։ Փորձենք հասկանալ, թե ով է զբաղվելու աղմկահարույց գործով եւ ինչով է աչքի ընկել դատավոր Աննա Դանիբեկյանը:

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով նոր դատավորի անունը հայտնի է, բայց աղմկահարույց գործի քննությունն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում անմիջապես չի վերսկսվի:  Նախ`գործի փոխանցումը մի դատավորից մյուսին արդեն որոշակի ժամանակ է պահանջում: Կարգի համաձայն՝ դատավորի փոփոխության դեպքում գործերը սկսում են քննվել զրոյից: Դա վերաբերում է անգամ այն գործերին, որոնք արդեն վճիռների կայացման փուլում են: Նոր դատավորներին ժամանակ է պետք նոր գործերին ծանոթանալու համար, իսկ քրեական գործերի դեպքում խոսքը հատորների մասին է:

Բացի այս ամենից, սահմանադրական կարգի տապալման մեջ  մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործն այս փուլում Վճռաբեկ դատարանում է: Վիճարկվում է գործով նախկին դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած վճիռը՝ գործը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի կարծիքով՝ այս փաստը նույնպես կարող է որոշակի հապաղումների պատճառ դառնալ: Քոչարյանի գործում ձգձգումների միտում Փոլադյանը չի տեսնում:

«Ես որեւէ ձգձգում չեմ տեսնում: Նպատակը ո՞րն է: Դատական համակարգում չկա նպատակ հնարավորինս երկար կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին: Իմ անձնական կարծիքն եմ հայտնում՝ քանի դեռ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումը չի արտահայտել, դատարանը չի կարող գործի քննությունը սկսել: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հավելված սարքել գործից կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան, որպեսզի մակագրվի: Այն պարզ պատճառով, որ բոլորի մտահոգությունները վերանան: Գործը Վճռաբեկ դատարանում է, մինչեւ այնտեղ վերջնական դատական ակտ չկայացվի,  առաջին ատյանում այդ գործը քննվել չի կարող»:  

Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված նախկին դատավոր Դավիթ Գրիգորյանը  լիազորությունների դադարեցման պահին իր քննության տակ ուներ 43 գործ: Բոլորը փոխանցվել են այլ դատավորների: Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործը՝ էլեկտրոնային վիճակահանության սկզբունքով բաժին է հասել դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս դատավորի աշխատանքային գործունեությունը բավական հետաքրքիր է, քաղաքական գործերի պակաս չի ունեցել: Օրինակ՝ «Սարի թաղի» հայտնի գործով դատավորն էր, նաեւ քննում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործը: Հենց այս գործի շրջանակներում Աննա Դանիբեկյանը որոշեց վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը եւ թույլ տալ նրան դուրս գալ Հայաստանից: Աննա Դանիբեկյանի հանդեպ, սակայն, կարգապահական վարույթ սկսվեց բոլորովին այլ՝ ոչ մեծ հնչեղություն ունեցող գործի պատճառով: Այս տարվա սկզբին դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը նրան նկատողություն հայտնեց: Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը հարցի քննության ժամանակ պնդել էր.  «Աննա Դանիբեկյանի գործողությունների եւ դրանով պայմանավորված հետեւանքների արդյունքում հեղինակազրկվել է Հայաստանի դատական իշխանությունը»:

Կարգապահական վարույթի քննարկման ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանն իր գործողությունները բացատրել էր նրանով, որ դատական ակտը կայացնելիս առաջնորդվում է անձի իրավունքների պաշտպանության սկզբունքով: Այսինքն՝ անձի իրավունքների պաշտպանությունը որպես առաջնահերթություն է ընդունում:

Քոչարյանի գործին, ի դեպ, դատավոր Դանիբեկյանն արդեն առնչվել է: Ամիսներ առաջ բավարարել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը` նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը ճանաչելով իրավունքների խախտում։

Միեւնույն ժամանակ դատավոր Դանիբեկյանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ քրեական գործից հեռացնել Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանին։

Հետաքրքիր ցուցանիշների,  ի դեպ, կարելի է հանդիպել նաեւ դատավորների վարկանիշավորման համակարգում: Ըստ սահմանված սանդղակի՝ ամենաբարձր վարկանիշը 87- ն է, ամենացածրը՝ -24-ը: Ըստ այդ աղյուսակի՝ Աննա Դանիբեկյանի վարկանիշը  6 է: Մեկ այլ փաստաթղթի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց  էթիկայի հանձնաժողովին  ներկայացված հայտարարագրի ուսումնասիրությունից  պարզ է դառնում, որ դատավոր Աննա Դանիբեկյանի եկամուտները 2018 հարկային տարում կազմել են 10 միլիոն դրամից քիչ ավելի: Սա աշխատավարձի եւ երեք փոխառությունների ընդհանուր գումարն է: Եղել է նաեւ գույքի օտարում՝ շուրջ 11 հազար դոլարի, նաեւ հաշիվներ՝ 1.5 միլիոն դրամի, հազար եվրոյի եւ 3 հազար դոլարի:

Back to top button