ԿարևորՀասարակություն

Հին խաղերը եւ 3000 թվականի մարդը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մինդի  անունով կինը երրորդ հազարամյակի առաջին մարդն է, որի արտաքինը փորձել են կանխատեսել TollFreeForwarding հեռահաղորդակցության ընկերության մասնագետները՝ հաշվի առնելով գիտնականների եւ փորձագետների կարծիքներն ու վերլուծությունները: Ապագայի մարդու 3D մոդելը մեզ ներկայացնում է հետեւյալ պատկերը. մի քիչ կորացած մեջք, հաստացած պարանոց եւ գանգ, փոքր ուղեղ, կոպերի երկրորդ զույգ: Ձեռքերը տձեւացած են այնպես, որ հարմար լինի սմարթֆոն բռնել: Ահա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետեւանքով մարդու օրգանիզմի էվոլուցիան:

Մինդին հաստատ այդպիսին չէր լինի, եթե խաղար այն խաղերը, որոնք ժամանակին խաղացել են մեր տատիկներն ու պապիկները: Այս հարցում անգամ այսօր կա սերունդների լուրջ բախում՝ որոշ խաղեր արդեն մոռացվում են: Ավագ սերնդի կանայք մեր զրույցի ընթացքում խոստովանում են՝ չեն էլ փորձել թոռներին սովորեցնել իրենց խաղերը՝ ջահելների կողմից հետաքրքրություն չկա: Բայց ահա մեր զրույցի ընթացքում մեծ հաճույքով են վերադառնում մի քանի տասնամյակ հետ՝ իրենց մանկություն.

– Յոթ քար, բանկա-փլավ, կլաս, ղայիշլախթի, պարան, հավալա: Դրանք տղաների խաղեր են, բայց ես խաղացել եմ: Այդ հին խաղերը արդեն չկան, կորել են:

— Բացի այդ էն ժամանակ խառը խաղում էինք՝ տղա, աղջիկ, հիմա առանձին են խաղում:

— Մինչեւ ամուսնանալս խաղում էի դրսում: Անգամ նշանված եմ եղել, իջել եմ խաղացել: Իսկ հիմիկվա 6-րդ դասարանցիներն արդեն «սեր-սեր» են խաղում: Մեր ժամանակ միամիտ էր ամեն ինչը՝ պարզ մաքուր:

Երեւանի այն բակերից մեկում, որտեղ զրուցում եմ տիկնանց հետ, նկատելիորեն շատ են երեխաները: Բոլորն էլ հաճույքով խաղում են՝ տատիկների ուշիմ հսկողության տակ: «Բակային» առօրյայի հարցում այստեղ խիստ դրվածք կա՝ բոլոր երեխաները երեկոյան անպայման պետք է իջնեն բակ: Խաղերի հարցում, սակայն, տիկին Մարիետան տարաձայնություն ունի մեծ թոռան՝ Կարենի հետ: Մեծ դժվարությամբ է նրան ուղարկում բակ խաղալու: Կարենն այլ հետաքրքրություններ ունի եւ դժվար թե իմանա ասենք՝ տատիկին ծանոթ «ղայիշլաղթին»  ինչ է կամ ինչպես են այն խաղում. «Որոշ երեխաները հաճույքով են, որոշ երեխաներին զոռով ենք հանում դուրս: Իմ Կարենին թողես ամբողջ օրը տանը կմնա՝ պլանշետով ու հեռախոսով զբաղվի: Չի սիրում բակային խաղերը: Երեկ օրինակ՝ լուրեր էր նայում, Փաշինյան: Բայց տեսողությունն է չէ՞ փչացնում»:

Կարենից տարիքով ավելի փոքր են Միշելն ու Եվան: Քույրիկներից փոքրը՝ 6-ամյա Եվան չի էլ կարողանում բացատրել՝ երբ է սովորել հեռախոսով խաղ քաշել եւ ով է սովորեցրել: Տատիկի հեռախոսի մեջ այսօր գերակշռում են իրենց խաղերը: Սակայն այս հարցում երեխաների տատիկը՝ տիկին Արմենուհին, հստակ կարգ է սահմանել. «Ժամով ենք խաղում: Հենց  ժամը անցնում ա՝ տատիկին ենք տալիս»:

Նորարար տեխնոլոգիաների ազդեցության հարցը մարդկության վրա այսօր արդիական է բժիշկների համար: Հարցում է կատարվել 18-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ այն երիտասարդների, որոնք վիրտուալ կյանքով են ապրում, շփվում են հաղորդագրությունների միջոցով: Հարցվածների 84 տոկոսի մոտ նկատվել է մեջքի ցավ, գլխացավ, պարանոցի հատվածի ցավ: Բժիշկ-ռեֆլեքսոթերապեւտ Քրիստինա Դովլաթյան.

«Միանշանակ ճիշտ է, որ տատիկները թոռներին պոկում են հեռախոսներից եւ համակարգիչներից եւ ստիպում բակում խաղալ,  որովհետեւ երեխան պետք է ունենա բակային մանկություն, ոչ թե համակարգչային կամ բջջային: Պետք է երեխաներն անընդհատ շարժվեն, վազ տան: Մեր ավագ սերունդը ավելի առողջ է, իրենք չունեն սկոլիոզ, ողնաշարի թեքումներ, որոնք շատ-շատ երիտասարդացել են: Բջջային հեռախոսից, համակարգչից օգտվելուց շատերը չեն հետեւում իրենց կեցվածքին: Նստում են կորացած, իսկ կորացած վիճակում նստելը  եւ գլուխը առաջ թեքելը բավականին լարում է պարանոցային մկանները: Այդ լարվածությունը կարելի է համեմատել, որ մոտավորապես 8 տարեկան երեխան նստած է մեր պարանոցի վրա»:

Վերադառնանք մեր պատմության առաջին հերոսուհուն՝ Մինդիին՝ երրորդ հազարամյակի առաջին մարդուն: Մասնագետները խոստովանում են՝  նրա անատոմիական փոփոխությունները չափազանցրել են, որպեսզի ավելի տեսանելի լինի մեր օրգանիզմի վրա թողած տեխնոլոգիաների ամենօրյա ազդեցության գիտականորեն հիմնավորված խնդիրները: Իսկ խաղերի հարցում, անգամ առանց  գիտական հիմնավորվածության,  սերունդների պայքարը տատիկների եւ թոռնիկների միջեւ այդպես էլ լուծում չի գտնի:

Back to top button