ԿարևորՏնտեսական

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն: Սա կարևոր և նուրբ աշխատանք է, որը պետք է անենք առաջիկայում»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Ուզում եմ գնահատել նրանց աշխատանքը, արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա: Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և մենք քայլեր ենք իրականացնում, որ այս ոլորտը ևս զարգանա»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև արդյունաբերական  գյուղատնտեսության զարգացումը, որի մեծ պոտենցիալը ևս Կոտայքն ունի. «Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա: Կարծում եմ, որ ռացիոնալությունը մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք այն՝ սկսած պետական կառավարման համակարգից: Մեր խնդիրն է ներդրված գումարից հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք, հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը: Այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու առումով այս քննարկումները շատ կարևոր են»,- ասել է վարչապետը:

Back to top button