ԿարևորՀասարակություն

Սպորտը քաղաքականությունից դուրս. Արոնյանի ազնիվ ժեստը

Nashaarmenia.info կայքէջն անդրադարձել է Սենթ Լուիսում օրերս կայացած շախմատի մրցաշարին, որում փայլուն հաղթանակ տարավ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը:

Նա հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովին՝ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Grand Chess Tour-ի կայծակնային և արագ շախմատի մրցաշարի 4-րդ փուլում հաղթելու հարցում ցուցաբերած օգնության համար:

Մամեդյարովը ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանիի հետ: Այս արդյունքի շնորհիվ, ինչպես կայքն է նշում, Արոնյանը կարողացավ դառնալ նշված փուլի հաղթող: Եթե ​​չինացի շախմատիստը հաղթեր, ապա նա միավորներով կհավասարվեր Հայաստանի ներկայացուցչի հետ և նրանք պետք է հանդիպեին tie-break-ում: Այնուամենայնիվ, Մամեդյարովը չարդարացրեց չինացու հույսերը և նպաստեց հայ շախմատիստի հաղթանակին, ինչի համար Լևոն Արոնյանը առանձին շնորհակալություն հայտնեց նրան:

«Լևոն Արոնյանի ժեստը իսկապես ազնիվ է և ցույց է տալիս հայկական և ադրբեջանական մոտեցումների տարբերությունը ոչ միայն ուղղակիորեն երկկողմ հարաբերությունների, այլև անուղղակիորեն դրանից բխող շատ այլ առումներով՝ մշակույթ, հասարակական կյանք, սպորտ: «Սպորտը քաղաքականությունից դուրս». այս թեզը, կարծես, ակնհայտ է յուրաքանչյուր ողջախոհ մարդու համար, և Արոնյանը ևս մեկ անգամ դա հաստատեց ԱՄՆ-ում՝ իր արարքով:

Դժբախտաբար, ադրբեջանցի մարզիկներն այդքան ազնիվ չեն պահում իրենց: Մի քանի օր առաջ Infoteka24 պորտալը մեջբերեց ադրբեջանցի մարզիկ Ռաֆայել Ագաևի խոսքերը, որը հրապարակայնորեն հայտարարել էր, որ չի ողջունում Հայաստանի հավաքականին միջազգային մրցումներում: Այս խոսքերը վրդովմունք էին առաջացրել սոցցանցերի շատ օգտատերերի շրջանում, ովքեր չեն հասկանում քաղաքավարության և սպորտի էթիկայի տարրական հասկացությունների մասին մարզիկի մոտեցումը»,- ասվում է հոդվածում:

Կայքը հիշեցնում է նաև, թե ինչպես էին ադրբեջանական ֆուտբոլի երկրպագուները հարձակվել կիպրական «ԱՊՈԵԼ» ակումբի ավտոբուսի վրա` այն բանի համար, որ ակումբի երկրպագուները Բաքվի մարզադաշտում հայկական դրոշ էին պարզել: Եվ ավելի վաղ, թույլ չէին տվել անգլիական «Արսենալ» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մուտքը Ադրբեջան:

«Այս ամենը հստակ ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը միայն  քաղաքական չէ: Սա դարաշրջանների բախում է, 21-րդ դարի և նրա արժեքային համակարգի բախումը միջնադարյան չափանիշների և կանոնների հետ, որոնցով Ադրբեջանը դեռ ապրում է. ոչ միայն նրա կառավարության, այլև հասարակության մեծ մասը: Սա չպետք է անտեսվի Բաքվի հետ շփումներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ հեռատեսություն և զգուշավորություն ամեն ինչում»,-գրում է կայքը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close