ԿարևորՍպորտ

Ա-րա-րատ հուպ տուր

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» պարզապես անհավանական ու ոգեւորող հաղթանակ տարավ վրացական «Սաբուրթալոյի» հետ խաղում ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նույն՝ երրորդ փուլում, այսօր հանդիպելու են Երեւանի «Փյունիկն» ու անգլիական «Վուլվերհեմփթոնը»  :

Այսօր երեկոյան Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հյուրընկալվելու է անգլիական «Վուլվսին»: Նախորդ՝ առաջին խաղի պարտությունից հետո, հաղթանակը հեշտ չի տրվելու, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն արդեն հայտարարել է սրա մասին:

Իսկ երեկ  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ վրացական «Սաբուրթալոյի» հետ խաղում:

Տնային խաղում 1:2 հաշվով պարտությունից հետո Վարդան Մինասյանի թիմը ֆավորիտ չէր համարվում: Սակայն խաղի հաշիվը առաջին խաղակեսում բացեց հենց հայկական թիմը՝ Անտոն Կոբյալկոյի խփած գոլով: Արդեն  երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած  կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը 11-մետրանոց հարվածով խաղի 67-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվն ու ապահովեց «Արարատ-Արմենիա»-ի վերջնական հաղթանակը:

«Պարզ էր, որ երկրորդ խաղակեսում մեզ գոլ է պետք լինելու, եւ պետք էր հարձակողական ֆուտբոլ խաղալ: Լարվածություն չկար, վստահ մոտեցա, գիտեի, որ գոլ եմ խփելու: Կնշենք, կուրախանանք ու կմոռանանք այս խաղի մասին, կպատրաստվենք փյել-օֆֆին»:

Խաղի հաղթանակում իրենց ներդրումն ունեցան նաեւ մարզադաշտում ներկա հայ երկրպագուները: Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանը փոխանցում է իր զգացողություններն ու մարզադաշտի մթնոլորտը. «Հետաքրքիր է, որ այս մարզադաշտը հաջողակ է մեզ համար: 1971-ին Երեւանի «Արարատը» հենց այս մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Թբիլիսիի «Դինամոյին»»:

Առաջին անգամ է, որ հայաստանյան ակումբը նվաճում է ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի փլեյօֆում հանդես գալու իրավունք: Այստեղ «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբը: Իսկ ինչպե՞ս երեւանյան ակումբը հասավ մինչեւ փլեյօֆ. «Ռադիոլուր»-ի մարզական մեկնաբան Արամ Մանուկյան. «Հայաստանի այս տարվա չեմպիոնը մասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, բայց առաջին փուլում պարտություն կրեց ու դուրս մնաց հետագա պայքարից՝ հնարավորություն ստանալով պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի խաղարկությունում»:

Առաջիկա խաղին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները կպատրաստվեն այսօրվանից: Երեկվա խաղի հաղթանակի մասին կմոռանան, որ հաղթեն նաեւ փլեյ-օֆֆ-ում, խոստանում են:

Back to top button