ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների հետքը գտնվեց 80 տարի անց

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանական գերության մեջ հայտնված ու մահացած ևս 711 հայ զինվորների ճակատագրերն են  հայտնի դարձել: Հայրենական մեծ պատերազմում անհետ կորածների որոնմամբ զբաղվող «Անվան վերադարձը» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովն է հավաքել և ի մի բերել նրանց գերեվարվելու հանգամանքների ու Արևելյան Եվրոպայում գտնվող նրանց հուղարկավորման վայրերի մասին ողջ տեղեկատվությունը: Մեծ աշխարհամարտի ավարտից յոթ տասնամյակ անց էլ դեռ կան բազմաթիվ անհետ կորածներ, որոնց գերեզմաններից որոնումները շարունակվում են Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի տարածքներում։

Լիդա Նավասարդյանը  40 օրական էր, երբ հայրը՝ Անուշավան Նավասարդյանը, զորակոչվեց կարմիր բանակ: Հոր մասին հիշողությունները ձևավորվել են բացառապես հարազատների պատմածներից: Գիտի, որ տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի Կապան և դառնում տեղի դպրոցի տնօրեն: 1939 թվականին վաղեմի ցանկությունը իրականություն է դառնում և մեկնում է Մոսկվա զինվորական ծառայության: Հարազատների հետ կապը պահում է նամակագրությամբ.

«Նամակներ է գրում մորս, որ լավ տեղավորվել է: Զինվորական զորամաս է լինում: Պատմում է, որ շատ գեղեցիկ ձմեռ է այնտեղ, անտառում իրենց ստիպում են սպորտով զբաղվել, լեզու սովորել: Այդ նամակը ես ինքս էլ կարդացել եմ: Մայրս խնդրում է, որ մենք՝ ես ու քույրս, անպայման ռուսերեն սովորենք, որովհետև դա իր ապագայի և կարիերայի համար անհրաժեշտություն էր»:

Անուշավան Նավասարդյանի վերջին նամակը հարազատները ստանում են 1941 թվականին:

«Մորս  խնդրում է, ասում է պատրաստվիր, ես շուտով կգամ, քեզ ու երեխաներիս տեղափոխեմ ինձ մոտ: Դա լինում է մայիսի վերջ, հունիսի սկիզբ: Հետո պատերազմը սկսվում է, և մենք այլևս ոչ մի տեղեկություն չենք ստանում: Պատերազմի ավարտին մենք ստանում ենք նամակ, որով հայտնում են, որ ինքն անհետ կորել է»:

Պատերազմն ավարտվելուց հետո շատ տեղեր են դիմում, որպեսզի գոնե մի լուր ստանան Անուշավանից, բայց անօգուտ: Նրան պարբերաբար փնտրում են նաև եղբայրները՝ հույս ունենալով, որ գոնե մի տեղեկություն կստանան անհետ կորած իրենց եղբոր մասին:

Մինչ օրս էլ հույսը չեն կորցնում: Անուշավանի դուստրը՝ Լենա Նավասարդյանը արդեն 80 տարեկան է: Մեծ հույս ունի, որ գոնե մի օր մի լուր կստանա հոր մասին, կիմանա, թե գոնե որտեղ է ամփոփված նրա մարմինը: 1941 թվականից մինչև 1945 թվականի մայիս հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում։ 600 հազար մեր հայրենակիցներ են մասնակցել աշխարհամարտին, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել են: Ժամանակի ընթացքում իհարկե անհետ կորածների թիվը կրճատվել է, քանի որ շատերի ճակատագիրը տարիների ընթացքում հայտնի է դարձել:

Հայրենական մեծ պատերազմից շուրջ 80 տարի անց ևս 711 հայ զինվորների  ճակատագրերն են հայտնի դարձել: Հայրենական մեծ պատերազմում անհետ կորածների որոնմամբ զբաղվող «Անվան վերադարձը» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովն է հավաքել և ի մի բերել Արևելյան Եվրոպայում գտնվող նրանց հուղարկավորման վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը:

«Կարմիր բանակի այն զինծառայողները, որոնք եղել են ռազմաճակատում, նրանք տարբեր հանգամանքների բերումով հայտնվել են միևնույն վայրում՝ գերմանական գերությունում: Բայց կարևորն այն է, որ գերիների՝ համապատասխան ճամբարներում պահվելուց հետո, նրանց հարազատներին ոչինչ չեն հայտնել: Հիմա իմ ձեռքում տարբեր փաստաթղթեր են, հիմնականում հայ գերիների մասին, դրանք հայտնի են դարձել նաև խորհրդային հրամանատարներին, սակայն քաղաքական  ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթղթերը գաղտնի էին պահվում: Փաստացի մի քանի միլիոն մարդ ապատեղեկացված է եղել, իրենց հաղորդում էին, որ իրենց հարազատներն անհետ կորած են, մինչդեռ կար կոնկրետ տեղեկատվություն, որ այդ մարդիկ մահացած ու թաղված են կոնկրետ վայրերում»:

Գրիգորի Սկվորցովի ձեռքում  հայ զինվորների մասին տեղեկատվությունն էր: Փաստաթղթերից հայտնի է դառնում, որ նրանց մի մասը թաղված է Գերմանիայում, մյուսները՝ Ռումինիայում: Բոլոր այս տարիներին նրանք համարվել են անհետ կորած,և մինչ օրս այդ մարդկանց ճակատագրերի մասին ոչինչ հայտնի չէր: Նայում եմ 711 հայորդիների ցուցակը՝ հուսով, որ գուցե գտնեմ Անուշավան Նավասարդյան անունը եւ 80- ամյա իմ զրուցակցին հոր մասին լուր հայտնեմ։ Ավա՛ղ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close