22-ամյա Արմինե Գրիգորյանը՝ «Աշխարհի լավագույն զինծառայող»

Արմինե
Գևորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ լավագույն զինծառայող տիտղոսին արժանացել է 22-ամյա, ծնունդով տավուշցի Արմինե Գրիգորյանը: Սա մի մրցույթ է, որտեղ ստուգվում են մարտական վարպետությունը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, գնահատվում են ռազմական պատմության վերաբերյալ մասնակիցների գիտելիքները և ստեղծագործական ունակությունները։ Մրցանակներն ու պատվոգրերն այսօր հաղթողներին հանձնել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապալովը՝ Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանում:

«Աշխարհի լավագույն զինծառայող» տիտղոսակիրը մեր հայրենակից Արմինե Գրիգորյանն է: 22-ամյա Արմինեն սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ու ծառայության է անցել Զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար: Հաշվում է այն մեդալների քանակը, որոնց արժանացել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցաշարում.
«Մեդալների ընդհանուր թիվը 7 է: Հինգը՝ մրցափուլերի համար է, չորսը՝ առաջին մրցանակ են, մեկն էլ՝ երկրորդ: Մրցանակների արժանացել եմ «Դիպուկահար», «Ռազմական պատմության գիտելիքների ստուգում» և «Էրուդիտ» մրցաձևերից»:

Ծնունդով տավուշեցի, Արծվաբերդ գյուղում ծնված Արմինեի ընտանիքում մայրն է փոքր-ինչ դեմ եղել, որ աղջիկը զինվորական դառնա , բայց կարճ ժամանակ անց համակերպվել է այդ մտքին: «Ականջներումս միշտ եղել է թշնամու կրակոցների ձայնը, քանի որ ապրել եմ սահմանամերձ Արծվաբերդ գյուղում», -ասում է Արմինեն ու հավելում, որ հենց դա էլ նպաստել է, որ ընտրի զինվորականի մասնագիտությունը:
«Դպրոցում մասնակցում էի ռազմամարզական խաղերի օլիմպիադային, ու հենց դա էլ նպաստեց, որ դառնամ զինվորական: Ես միշտ ասել եմ, որ եթե մասնագիտությանդ լավ ես տիրապետում, ավելի հեշտ է, քան տղաներին: Սկզբում զարմանում էին, որ աղջիկը կարող է լինել դասակի հրամանատար, այն էլ 22 տարեկան: Բայց դա միայն սկզբում է, հուսով եմ՝ կհամակերպվեն , քանի որ գնալով կին զինծառայողներն ավելանում են բանակում»:
Մեդալներից առանձնացնում եմ «Լավագույն դիպուկահար» մեդալը ու հարցնում՝ հնարավո՞ր է ինչ-որ ժամանակ հետո դիպուկահարի դիրքում լինի: Արմինեն ժպտում է ու ասում, որ դասակի հրամանատար լինելով՝ կարող է ավելին անել:
«Դիպուկահարը ավելի թեթև մասնագիտություն է, ես կարող եմ ունենալ իմ ենթակայության տակ դիպուկահարներ: Այս պահին էլ սովորում եմ ԵՊՀ -ում և երազանք ունեմ ռազմական ոլորտում Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում, բայց առայժմ դեռ այդ մասին չեմ մտածում»:
«Խաղաղության մարտիկ» մրցույթը տևել է 14 օր և ներառել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը: Պայքարը բավական թեժ է եղել, քանի որ բոլոր երկրները ներկայացրել էին իրենց լավագույն մարզիկներին: Ռուսատանի զինված ուժերի ներկայացուցիչ սերժանատ Գեգվարձի Դադուկավիլոն նշում է, որ մրցաշարը շատ կարևոր էր իրենց երկրի համար:

«Հայերը շատ ուժեղ են, բայց մենք էլ հետ չենք մնում: Ասում են՝ եթե տանն ես, անգամ պատերն են քեզ օգնում: Բայց մենք կձգտենք, կմարզվենք, որ ավելի լավ ներկայանանք: Սա պատվաբեր մրցակցությունն էր, քանի որ բոլոր թիմերն էլ ուժեղ էին»:
Հայաստանն առաջին անգամ է առաջին տեղը զբաղեցնում մրցաշարում: «Սա կարևոր ձեռքբերում է մեր բանակային կյանքում»,- ասում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ–ից , ամեն տարի ։ Մրցումներին մասնակցում են Հայաստանի դաշնակից և բարեկամ պետությունները՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հունաստանը և Իրանը: