ԿարևորՀասարակություն

«Սանիթեք»-ի հարցը՝ ՊԵԿ-ում և Փաշինյան-Մարության առանձնազրույցում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է 2019 թ. առաջին յոթ ամիսներին Հարկային օրենսգրքի խախտումներով  արձանագրված դեպքերը  և ձեռնարկված միջոցառումների  արդյունքները:  Նա հայտնել է, որ ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ շուրջ  48 մլն դրամ ընդհանուր ծավալով: Էդվարդ Հովհաննիսյանն  անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերությանը: Երևանի աղբահանության խնդիրն այսօր քաղաքապետի հետ քննարկել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ: Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ խնդիրների քննարկման նպատակով է այսօր հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Հայկ Մարությանը հանդիպման ժամանակ նկատեց, որ իրականում  «Սանիթեք» ընկերության հետ նորմալ պայմանագրեր են կնքվել՝  ձեռնտու  թե  քաղաքապետարանին, թե «Սանիթեք»-ին: Ու չնայած դրան՝ «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր պարտավորությունները: Ըստ քաղաքապետի՝ ընկերությունը աղբահանության գործը ձախողել է, իսկ ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ «Սանիթեք»-ը  լավ չի տիրապետում ոլորտին:  Վարչապետը քաղաքապետից հետաքրքրվեց, թե  աղբահանություն իրականացնելու ինչպիսի փորձ ունի լիբանանյան ընկերությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ փաստաթղթերում փորձի հետ կապված այլ երկրներ են նշված, մինչդեռ ընկերության տնօրենը բոլորովին այլ երկրներ է մատնանշում: Անգամ եթե ընկերությունը նաև Լիբանանում է աղբահանություն իրականացրել, ապա դա ամենալավ օրինակը չէ, հավաստիացնում է Հայկ Մարությանը:

«Անգամ եթե մենք մտնենք ու ուսումնասիրենք Լիբանանի աղբահանությունը, կտեսնենք, որ երկար տարիների կրիզիսի մեջ են գտնվում, որից չեն կարողանում դուրս գալ»:

«Սանիթեքի» գործունեության մասին ուշագրավ փաստեր ունի նաև հարկային գերատեսչությունը: «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 300, իսկ «Սանիթեք»-ի  հայաստանյան մասնաճյուղը` շուրջ  280  մլն դրամ: «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հարկման առումով ընկերությունը ծառայությունները մասնատել է երկու մասի:  Սանիտարական մաքրման և այլ օժանդակ ծառայությունների մասով հաշվարկել են ԱԱՀ, իսկ բեռնատար ավտոմեքենաներով աղբի և ձյան տեղափոխման ծառայությունների մասով իրենց համարել են հաստատագրված վճար վճարող՝ ծառայությունը դիտարկելով որպես բեռնափոխադրում,  լրագրողների հետ զրույցում նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարկային պարտավորություններին  օրեր առաջ հրավիրված ասուլիսում անդրադարձել էր նաև «Սանիթեք» ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը:  Նա նշել է, որ ընկերության դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի՝ կատարված հաշվարկների արդյունքում ընկերությունը չի վճարել մոտ 280 մլն դրամի հարկ, իրականում անօրինական է:

« 2018 թ. հունվարի 1-ից  ուժի մեջ մտավ Հարկային նոր օրենսգիրքը,  և հաստատագրված վճարների մասին  օրենքն ուժը կորցրած ճանաչվեց: Քրեական գործի հիմքում այն փաստն է, որ ընկերությունն իր գործունեության հիմնական մասը կատարում էր հաստատագրված վճարներով: Ընկերությունը 2017 թվականի հոկտեմբերին   պաշտոնապես դիմել է կառավարությանը, ՊԵԿ-ին  և պատկան այլ կառույցների, մտավախություն հայտնել, որ օրենք է փոխվում,   և ներդրումները կարող են վտանգի տակ հայտնվել: Հայտնել ենք,  որ ցանկանում ենք օգտվել այն իրավունքից, որ մեր նկատմամբ շարունակվի կիրառվել հաստատագրված վճարների մասին օրենքը»:  «Ընկերությունը որևէ հարկից որևէ անգամ չի խուսափել»

Ներկայացնելով  քրեական գործով կատարված նախաքննության արդյունքները՝ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ ընկերությունը չի  ներկայացրել նաև  2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: Վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար, նշանակել է ստուգում, որը դեռ ընթանում է:

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close