Հասարակություն

Գումար՝ հրաժարականի դիմա՞ց, թե՞ խրախուսող նորմ ՍԴ դատավորների համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար արդարադատության նախարարությունն առաջարկել է մի լուծում, որը դժգոհության ալիք է բարձրացրել անգամ ՍԴ աշխատանքներից դժգոհողների շրջանում: Որոշ գնահատականներով՝ նախարարության մտադրությունները եթե իրականացվեն, ապա միջազգային հանրության կողմից Հայաստանը կդատապարտվի:

Գումար՝ հրաժարականի դիմաց կամ գործարք ՍԴ անդամների հետ: Շատերն այսպես են ընկալում արդարադատության նախարարության առաջարկած լուծումները «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքում առաջարկվող  փոփոխությունների  անցումային դրույթներում: Ըստ առաջարկի՝ եթե ՍԴ անդամն այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը  հրաժարական ներկայացնի, ապա մինչեւ պաշտոնավարման տարիքը լրանալը կշարունակի ստանալ իր աշխատավարձը, հավելավճարները եւ օգտվել տրված սոցիալական երաշխիքներից: Պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո դատավորն օգտվելու է նաեւ կենսաթոշակից:

Այս քայլը սուր քննադատության է արժանանում տարբեր ուղղություններով: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ասում է. «Եթե շատ անկեղծ եւ օբյեկտիվ, ապա սա շատ խայտառակ քայլ է: Առավել մեծ պետական կոռուպցիայի մեխանիզմ է ներդրվում, առավել ինստիտուցիոնալացված:  Ապիկարության պատճառով չկարողանալով հեռացնել ՍԴ անդամներին՝  հեղափոխական իշխանությունները փորձում են կաշառքով դա անել եւ անել ժողովրդի հաշվին: Տարբեր հաշվարկներով սա միջինը 2 միլիոն դոլար է արժենալու, որը նաեւ սկզբունքի հարց է, միայն գումարի հարց չէ: Այսինքն՝մարդիկ, որոնք պետք է հեռացվեն ՍԴ-ից, ինչու պետք է հեռացվեն խնդրելով, կաշառելով եւ այլն, եւ այլն: Ես նայեցի նաեւ արդարադատության նախարարության բացատրությունը, թե սա միջազգային պրակտիկային չի հակասում, այսպես, այնպես՝ լղոզված, թույլ բացատրություն: Սա լրջագույն պրոբլեմ է, որը պետք էր լուծել հեղափոխության օրերին, հեղափոխության ուժով: Եթե ոչ, ապա դա սխալ է, դրանից հետո գոնե պետք էր լուծել զրույցների, համոզելու միջոցով, որպեսզի իրենք հրաժարական տան»:

Հեղափոխությունից հետո նոր Սահմանադրական դատարան ձեւավորելու կողմնակից է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Զարգացումները, սակայն, այլ կերպ է պատկերացնում՝ ոչ այն ձեւով, ինչպես առաջարկում է արդարադատության նախարարությունը:   

«Ես որպես հարկատու դեմ եմ, իմ գումարները չտաք: Ինչո՞ւ, ինչի՞ համար: Որ լավ են ծառայել այն իշխանությանը, որը ծածկել են մարտի 1-ը:  Ոչ, ոչ մի գումար: Աշխարհով մեկ ձեզ կմեղադրեն: Գործարքի՞ եք գնում, գնո՞ւմ եք նրա հանցագործությունը: Դա ի՞նչ է նշանակում: Հեղափոխության մեջ այդպիսի բան կարո՞ղ է լինել՝ փող տամ, որ նա հրաժարվի: Աժ-ն եթե խելագարության վիճակի չգնա, պետք է չընդունի՝ աշխարհով մեկ խայտառակ կլինեն»:   

Թե ինչպես կարձագանքեն պատգամավորներն այս նախագծին, «Ռադիոլուր»-ին ողջ օրվա ընթացքում պարզել չհաջողվեց: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից շատերի հեռախոսներն անջատած են, ով էլ պատասխանում է զանգերին՝ տարբեր պատճառաբանություններով  հրաժարվում կամ խուսափում է մեկնաբանություններից: Այս հարցի շուրջ դժգոհություն արդեն լսվում է «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից:

Փոխարենը, արդարադատության նախարարությունն է մեկնաբանում իր առաջարկը՝ պնդելով, որ այն չի խաթարում դատական իշխանության անկախությունը: Հանրային հեռուստաընկերությանը տված պարզաբանման մեջ նախարարությունից ասում են, որ միջազգային փորձին առաջարկը չի հակասում, ավելին՝ կիրառվել է մի շարք պետություններում: 

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյան.  «Նորմը, որ առաջարկվել է անցումային դրույթներում, ըստ էության խրախուսական նորմ է, եւ դատավորին հնարավորություն է տալիս ազատորեն որոշում կայացնելու: Այսինքն՝ որեւէ պարտադրանք ՍԴ դատավորի նկատմամբ չկա: Ուղղակի հաշվի առնելով ՍԴ ձեւավորման սահմանադրական խնդրահարույց եւ ըստ էության ոչ Սահմանադրության ոգուց բխող կարգավորումները՝  հնարավորություն է տրվել դատավորներին վաղաժամ գնալ թոշակի»:

Օրենքի նախագիծը արդարադատության նախարարությունը  հանրային քննարկումների համար շրջանառության մեջ է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քվեարկության համար նախատեսված բաժնում  կարմիր գույնը այս պահին գերակշռում է: Դա նշանակում է, որ հենց կայքում կազմակերպված հարցման մասնակիցների 54 տոկոսը դեմ է նախագծին:  

Ցուցադրել ավելի
Back to top button
Close