ԿարևորՔաղաքական

Որ հարցերն են Հայաստան ժամանած Նիկոլայ Պատրուշևի օրակարգում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը՝ հայ պաշտոնակցի՝ Արմեն Գրիգորյանի հրավերով՝ հայտնում են Հայաստանի Անվտանգության խորհրդից: Իսկ Ռուսաստանի այս կառույցից ի հավելումն հայտնում են, որ Պատրուշևը «խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ ՌԴ և ՀՀ Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»: Ինչ նպատակով է Պատրուշևը գալիս ՀՀ, և որ հարցերն են քննարկումների օրակարգում լինելու:

ՌԴ նախագահ Պուտինի հոկտեմբերին նախատեսված Հայաստան այցին ընդառաջ նախապատրաստությո՞ւն, թե՞  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Փաշինյանի ձևակերպումներին հաջորդող այց։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի այցը Հայաստան փորձագիտական շրջանակներում տարբեր կերպ են մեկնաբանում:  

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը լրատվամիջոցների հետ զրույցում նկատել է, որ  վարչապետ Փաշինյանի Ստեփանակերտում ունեցած ելույթը Ռուսաստանում այնքան էլ մեծ հիացմունքով չեն ընդունել:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության ներքո կարծես զգուշացում կա  արտաքին ուժերին, որ չխառնվեն Հայաստանի ներքին գործերին և մասնավորապես Արցախում կայանալիք  նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ մինչդեռ այցը մի քանի հարթությամբ պետք է դիտարկել. օրակարգում կլինեն ինչպես արցախյան գործընթացին առնչվող հարցեր, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական թեմաներ ու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային խնդիրներ:

Միանգամայն տրամաբանական է, որ արցախյան գործընթացին անդրադարձ լինի՝ հաշվի առնելով շփման գծում վերջին շրջանի սրացումները:

Հայկական կողմը, ըստ փորձագետի, կփորձի ներկայացնել, որ  հավատարիմ է խաղաղության հաստատման ճանապարհով ընթանալու իր հանձնառությանը:

ՌԴ-Թուրքիա, Թուրքիա-ԱՄՆ, Իրան-ԱՄՆ- հարաբերություններում առկա զարգացումները դիրքերը ճշտելու ևս մի առիթ է ու թերևս  Պատրուշևի այցը նաև այս նպատակն ունի՝ կարծում է Կարեն Վերանյանը: Ամեն դեպքում՝ օրակարգում նաև արտաքին քաղաքական վեկտորի հարցեր կներառվեն:

Անշուշտ անմասն չեն մնա նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը.  ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխության ենթարկելու պարագայում ևս շատ հարցեր մնում են չքննարկված: Մասնավորապես ՀՀ համար անհանգստացնող է ռազմաքաղաքական այդ դաշինքում՝ օրինակ Ադրբեջանի կողմից որպես դիտորդ ներկայանալու ցանկությունը.

«Հնարավորություն է տրվում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով մասնակցել քննարկումներին: Պակիստանը 16-17 թվականներից պաշտոնական մակարդակով այդ հայտը ներկայացնում է: Գուցե դա էլ քննարկվի»:

Հոկտեմբերի 1-ին Երևանում նախանշված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդի նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, նախատեսվում է Հայաստանում ընդունել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Թերևս նախապատրաստական հարցեր կարգավորելու նպատակ կա նաեւ Պատրուշևի  այս այցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close