ԿարևորՏնտեսական

Մարալիկի արտադրանքը կօգտագործվի ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։

Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։

Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close