ԿարևորՀասարակություն

«Հո ամբողջ կյանքս տաքսի չեմ քշել». Նոբելյան տաքսիստը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ջուզեպպե Վերդիի «La donna è mobile»-ի տենորային այս կատարումն ունի հետաքրքիր պատմություն: Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում «Uber» տաքսիի վարորդին աշխատանքի ժամին երգելիս նկարահանել էր ուղեւորը: Համացանցում ձայնագրությունը հայտնվեց մայիսին, դիտվեց 660 հազար անգամ եւ նպաստեց 27 ամյա Մենզի Մնգոմայի օպերային վերելքին:

Եթե Մենզի Մնգոման աշխարհը սկսեց նվաճել «Uber» տաքսիից, հակառակ ճանապարհ անցավ Մարտիրոս Ծառուկյանը՝ միջազգային ճանաչումից, ծանրակշիռ մրցանակից մինչեւ «GG» տաքսու վարորդ:  

— Ես դրանից չեմ ամաչում: Շատերը ինչ-որ տարօրինակ են նայում, Ձեր հարցում էլ կար զարմանք: Հիմա էլ, որ նայեք իմ մեքենայի վրա, կա «GG»-ի լոգոն, ես հաճույքով եմ անում այդ գործը:

— Ձեր հաճախորդները տեղեկանո՞ւմ են, որ նստել են Նոբելյան մրցանակակրի մեքենան:

— Չէ, չէ: Ես իհարկե այդ բանը չեմ ասում: Երբեմն, շատ հազվադեպ պատահում են մարդիկ, որ ճանաչում են: Հատկապես, որ նոր էր անցյալ տարվա հրապարկումը: Այդ դեպքում չեմ հրաժարվում:  

— Հետաքրքիր զրույց չէ՞ր սկսվում:

— Ընդհանրապես, իմ ուղեւորների մեծ մասը հետաքրքիր մարդիկ են, եւ շատ հաճախ, երբ ուղեւորությունն ավարտվում է, ես էլ, ուղեւորն էլ ափսոսում ենք, որովհետեւ ինչ-որ մի թեմա, մի հետաքրքիր զրույց է սկսվում:

— Հիմնականում ընդունված են քաղաքական զրույցներ:

— Ես չեմ սիրում այդ թեմաները, բայց ասենք երաժշտության, գրականության բնագավառից կլինի, քաղաքի մասին: Շատ հաճախ բաներ ենք նկատում քաղաքում, որ մինչեւ այս չէի նկատել: Ես միշտ եմ սիրել Երեւանը, բայց երբ այս գործը սկսեցի անել, այդ սերը կրկնապատկվեց, որովհետեւ Երեւանը մի ուրիշ կողմից ճանաչեցի, փողոցներ մտա, որ երբեք չէի մտել, այն դեպքում, երբ 60 տարի է այս քաղաքում ապրում եմ՝ իմ ծնված օրվանից: Եվ ինչքան ճանաչեցի, այնքան հավանեցի ու սիրեցի մեր քաղաքը, հատկապես իր մարդկանցով:

— Օրինակ՝ ի՞նչ եք բացահայտել:

— Շենքեր եմ տեսնում մեր քաղաքում, որոնց հաճախ չէի նկատում: Հատկապես, երբ աշխարհի շատ քաղաքներում եմ եղել եւ երբ համեմատում եմ, տեսնում եմ, որ շատ հարցերով մենք ավելի լավ վիճակում ենք, ավելի հաղթող ենք:

Կլիմայի ուսումնասիրությունից՝ տաքսի

Մարտիրոս Ծառուկյանի ամենամեծ հաղթանակը գրանցվել է 2007 թվականին: Այդ տարի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ միջազգային IPCC՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը ստացան Խաղաղության Նոբելյան մրցանակ: Միջազգային մասնագետների խմբի 20-ամյա աշխատանքը, որը գնահատվեց Նոբելյան մրցանակով, հետագայում հիմք դարձավ Կլիմայի փոփոխության շրջանակային Կոնվենցիայի, հետո էլ՝ Կիոտոյի արձանագրության մշակման եւ աշխարհի երկրների կողմից ստորագրման համար:

— Դրդողը դուք էիք:

— Հիմքեր ստեղծողը: Ապացուցողը, այսպես ասած, որ այդպիսի խնդիր գոյություն ունի եւ դրա դեմ պայքարելու անհրաժեշտություն կա: Դա մեր ստեղծած զեկույցներն էին:

— Եվ ի՞նչ էիք ստեղծել:

– Ստեղծել էինք այն հիմքերը, որ ապացուցեինք, որ կլիմայի փոփոխության դիտվող երեւույթը մարդածին է: Այսինքն, դրա դեմ մարդկությունը պարտավոր է պայքարել: Երկրները արդեն վերցրեցին հստակ քանակական պարտավորություններ՝ արտանետումների կրճատման: Այսինքն՝ սկսվեց պայքարն այդ պրոցեսի դեմ:

— Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Նոբելյան մրցանանակիր եք:

— Շատ հետաքրքիր էր: Անձնական ինչ-որ արձագանք չստացավ որեւէ մեկի մոտ, ոչ մեկս մեզ չզգաց Նոբելյան մրցանակակիր.  դա տրվել  էր խմբին: Խումբը բավական մեծ էր: Հետո անցավ դրանից մի քանի ամիս, մեկ էլ ես ստացա մի մեծ A3 ձեւաչափի ծրար. նախարարությունում նստած էի ու բացեցի, տեսա՝ այն մրցանակը, որ մեզ այնտեղ ցուցադրել էին, այդ մրցանակի պատճեն, շնորհակալական նամակով, որտեղ գրված էր, որ տրվում է Ծառուկյան Մարտիրոսին՝ իր ունեցած նշանակալի ներդրման համար IPCC աշխատանքներում: Գրված էր, որ այս դիպլոմի պատճենները բոլորին չեն տրվում, այլ նրանց, ովքեր երկար տարիների ընթացքում նշանակալի ներդրում ունեն: Այ այդտեղ, ինչ որ տեղ զգացի, որ այո, ես էլ առնչություն ունեմ այդ մրցանակին: Այդպես:

— Հիմա էլ հպարտությամբ եք խոսում:

— Իհարկե, հպարտանալու բան է: Շատերը հարցում են՝ բա գումա՞րը ինչ եղավ, չէ՞ որ դրան գումար էլ է հատկացվում, 1 միլիոն 600 հազար էր մեր դեպքում, որովհետեւ երկու հասցեատեր ուներ այդ տարվա Նոբելյան մրցանակը: Մեր գումարով մենք ստողծեցինք մի ֆոնդ, որը աջակցում է երիտասարդ գիտնականներին, որոնք այդ բնագավառում աշխատում են:  

Ճիշտ հասկանալ բնության ազդակները

Այս զրույցը եւ Մարտիրոս Ծառուկյանի երկարատեւ աշխատանքային փորձը բնապահպանության նախարարության մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետի պաշտոնում, որից ի դեպ ազատվել է 2015-ին,  ստիպեց անցնել այլ թեմայի: Այս տարի Հայաստանի բնությունը տարբեր ազդակներ ուղարկեց մարդկությանը: Արագիլների եւ Սեւանի խնդիրը, աննախադեպ եւ երկարատեւ շոգը՝ ինչպե՞ս հասկանանք բնությանը:

 — Տարեցտարի շոգն ավելի խստանում է, ինչը կլիմայի փոփոխության հետ կապված կանխատեսումներով արդեն սպասվում էր:

— Կանխատեսումներ ունե՞ք, հաջորդ տարիներին նորի՞ց շոգեր են սպասվում:  

— Ինչքան էլ փորձում ենք ավելի խիստ գնահատել ու վատը կանխատեսել, պրակտիկան ցույց է տալիս, որ 5 տարվա կտրվածքով մեր կանխատեսումները ավելի լավատեսական են ստացվում, քան՝ իրականում: Այսինքն՝ իրականում պրոցեսները շատ ավելի պրոբլեմային են, ավելի արագ են ընթանում: Պրոցեսներն ավելի անկախատեսելի արագ են գնում:

— Մարդկությունը սխալ է ապրում:

— Իհարկե, սխալ է ապրում: Մի հատ ձեր 4 կողմը նայենք, մի հատ ձեր պահարանի մեջ նայեք՝ կտեսնեք….

— Ի՞նչ սխալ բան կգտեմ իմ պահարանի մեջ՝ օրինակ:

— Ասեմ Ձեզ: Օրինակ՝ կգտնեք բազմաթիվ հագուստներ, որոնց գոյության մասին մոռացել եք: Կգտեք բազմաթիվ իրեր խոհանոցում, որոնց գոյության մասին մոռացել եք: Այսինքն՝ այդ սպառողական մոտեցումը մարդկանց: Ի՞նչ է տեղի ունենում՝ ռեսուրսը սպառվում է, ստեղծում է թափոն: Այսինքն՝ այն իրը, որ ժամանակին ձեռք ես բերել և  քեզ թվում էր այն պետք է, առանց օգտագործելու դառնում է թափոն: Քանի դեռ մարդկանց գործունեության շարժիչ ուժը փողն է, այդ ազդակները ո՛չ տեսնվում են, ո՛չ լսվում են: Պետք է վերանայել բնության հետ համակեցության կանոնները:

Կյանքը փողկապով և առանց փողկապի

Բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին նախկին պաշտոնյան ասում է, որ երբեք չի եղել դեպք, երբ ստիպված եղել հանրությունից թաքցնել կարեւոր ինֆորմացիա: Փոխարենը եղել են շատ հանձնարարականներ, որոնց նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը վիճելի էր, բայց «փողկապի» կարգավիճակը ստիպում էր անել անգամ այդ աշխատանքը: Նախարարությունից Մարտիրոս Ծառուկյանը ազատվել էր հեղափոխությունից մի քանի տարի առաջ:   «Անարդարությունների եւ անբանիմաց նորանշանակ նախարարի բռի ու անհարգալից վերաբերմունքի պատճառով»,- գրել էր մեր զրուցակցի դուստրը արդեն հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում: Այդ նամակը, պարզվում է, հետեւանքներ ունեցել է, բայց Մարտիրոս Ծառուկյանն այլեւս չի ցանկացել փոխել իր տաքսին  «փողկապով» աշխատանքի: Ասում է, այսպես ապրում է ավելի ազատ.

– Կվերադառնաի՞ք փողկապի:

— Չէ, չէի վերադառնա: Անցյալ տարվա հրապարակումներից հետո գործող նախարար Էրիկ Գրիգորյանը հրավիրեց: Զրուցեցինք հնարավոր համագործակցության մասին, ես ասացի, որ վերադառնալ այն 8 –ժամյա աշխատանքին էլ չեմ ցանկանա: Ժամանակն է, որ արդեն երիտասարդները հերթափոխը վերցնեն: Բայց խորհրդատվական փորձառությունը փոխանցելու անհրաժեշտություն կա:

Տաքսիով ուղևորներին փոխադրող  Մարտիրոս Ծառուկյանն այսօր էլ շարունակում է իր գիտական աշխատանքները: Ներկայացնում է Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում եւ զեկույցների աշխատանքները մշակելու ժամանակ: Մասնակցել է  Երեւանի «Կանաչ քաղաք՝ գործողությունների ծրագրին», հիմա էլ Գյումրի «Կանաչ քաղաք՝ գործողությունների ծրագրի» մշակումներին: Որպես ոգեշնչում այդ աշխատանքներին օգնում է հենց տաքսի քշելը:  

– Երբ Մատենադարանի կողմից, օրինակ՝ պրոսպեկտով սկսում եք իջնել, ուշադրություն դարձրե՞լ եք, ծայրից ծայր նայե՞լ եք այդ փողոցը:

— Ի՞նչ կարելի է տեսնել:

— Կտեսնեք միայն ծառեր: Հատկապես այս սեզոնին, երբ կանաչ են բոլոր ծառերը: Տեսնում ես մի հատ ծառուղի, քեզ թվում է քաղաքում էլ չես, շենք չես տեսնում: Երբ կողք ես նայում, ծառերի միջից շենքերը նոր երեւում են: Ու հետաքրքիր միտք առաջացավ իմ մեջ՝ ինչ ճիշտ են ժամանակին մեր քաղաքը նախագծել մեր ճարտարապետները՝ շենքերի բարձրություն եւ ծառի տեսակներ: Այսինքն՝ սաղարթային ծածկույթը: Բացի նրանից, որ նա կլանող հատկություն ունի, փաստորեն նաեւ բնական ժալյուզիի դեր է կատարում: Ամռանը, երբ արեւը խանգարող է, տերեւների ստվերով փակվում է արեւի ճանապարհը եւ բնակարանները շատ ավելի հով են լինում, քան եթե ծառերը չլինեին: Ձմեռը, երբ արեւի կարիք ունես՝ տերեւները թափված են եւ արեւը թափանցում է: Այսինքն՝ տեսեք, թե ինչ հետաքրքիր քաղաքաշինական լուծումներ կան մեր քաղաքում, որ եվրոպական քաղաքների շատ քիչ փողոցներում կարելի է հանդիպել, իսկ մեզ մոտ գրեթե բոլոր փողոցներն են այդպես նախագծված:

— Հետո արդեն խախտվեց:

— Հիմա տեսնում ես տույաներն են տնկում: Ախր տույան ի՞նչ կապ ունի մեր քաղաքի հետ: Մեր քաղաքին սաղարթ է պետք, որ մարդիկ կարողանան այդ սաղարթի տակով քայլեն: Պատկերացրեք, փողոց, որտեղ այս ծառերի փոխարեն տույաներ են: Այդ փողոցով կարո՞ղ ես քայլել ցերեկով այս շոգի պայմաններում: Չես կարող:

Իր հետաքրքիր մտքերով եւ ծրագրերով գիտնական-տաքսիստը սեպտեմբերին իր ուղեւորներին չի սպասարկի: Կլիմայի փոփոխության քարտուղարության հրավերով սեպտեմբերին մեկնելու է Բոնն, քանի որ Կլիմայի փոփոխության շրջանակային Կոնվենցիայի փորձագետների ցանկում է: Մասնագետներով աշխատելու են Կանադայի, Բելառուսի եւ Հայաստանի զեկույցների վերանայման վրա:   

Back to top button