ԿարևորՏնտեսական

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը Ղրղզստանում (19.7%) և Հայաստանում (6.9%) է

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել: Փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։

Միության երկրների շարքում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 19.7 տոկոս, այնուհետև Հայաստանում՝ 6.9 տոկոս։ Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 583,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88.4% է, Ղազախստանինը՝ 6.5%, Բելառուսինը՝ 4.5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ յուրաքանչյուրը 0.3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 61.4 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։ Հանքարդյունաբերության և քարհանքի մշակման մասնաբաժինն աճել է 1.1 տոկոսով՝ կազմելով 28.4 տոկոս։

2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում վերամշակող արդյունաբերության որոշ ապրանքատեսակների գծով աճ է գրանցվել։ Ի տարբերություն 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ 2018-ի առաջին կիսամյակում գրանցված անկմանը, կտրուկ աճել է վերամշակված կաթի արտադրության ծավալը՝ մոտ 39 տոկոսով, ձավարեղենինը՝ 30.7 տոկոսով։ Մոտ 41 տոկոսով աճել է նաև կարագի արտադրության ծավալը։ Կտրուկ կրճատվել է չվերամշակված բուսական յուղի արտադրությունը։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 1.2 տոկոսով։ Բացառությամբ Հայաստանի, մնացած երկրների գծով աճ է գրանցվել, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցել է Ղազախստանը՝ 3.8 տոկոս։ Հայաստանում գյուղարտադրանքի ծավալը կրճատվել է 6.5 տոկոսով։

Դիտարկվող ժամանակահատվածում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով՝ չնայած Ղրղզստանում և Հայաստանում գրանցված անկմանը՝ համապատասխանաբար 0.1 և 19.1 տոկոսով։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2.1 տոկոսով, մինչդեռ 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել էր 3.3 տոկոս։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամենաբարձր աճը գրանցվել է ՀՀ-ում՝ 5.5 տոկոս, ապա Բելառուսում՝ 5.4 տոկոս։

Աճ են գրանցել են նաև ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները, համապատասխանաբար 6.5 և 1.5 տոկոսով։ ՀՀ ուղևորաշրջանառության 2.4 տոկոս աճը հիմնականում պայմանավորված է երկաթուղային տրանսպորտով կատարված ուղևորաշրջանառության՝ 22 տոկոս, ինչպես նաև օդային տրանսպորտաշրջանառության՝ 17.1 տոկոս աճով։ ԵԱՏՄ-ում ուղևորաշրջանառության աճը պայմանավորված է օդային տրանսպորտով ուղևորաշրջանառությամբ՝ 12.9 տոկոս։

Զեկույցում ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների տվյալները վերաբերում են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին։ Դիտարկվող ժամանակահատվածում փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները՝ 0.9 տոկոսով։ Բացառությամբ Ղազախստանի և Ղրղզստանի, մնացած երկրներում արտահանման ծավալները կրճատվել են։ Ներմուծման ծավալներն աճել են միայն Բելառուսում և Ղրղզստանում։

Back to top button