Մշակույթ

Արտառոց ցուցադրություն նկարիչների միությունում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Նկարիչների միությունում «Թերլեմեզյան հուշեր» խորագիրը կրող ցուցահանդեսում Մաքսիմ Գիքինյանի նկարը ուշադրության կենտրոնում է արդեն մի քանի օր: Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դարձել է ոգեշնչման աղբյուր գեղանկարչի համար, իսկ հենց նկարը՝ քննարկման առարկա ցուցասրահում ու դրա սահմաններից դուրս:

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում  70-ամյա Մաքսիմ Գիքինյանի  նկարն է ցուցադրված, իսկ ֆեյսբուքյան հարթակում նույն այդ նկարի շուրջ աղմուկ է: Պատճառը՝ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն է, ով դարձել է ոգեշնչման աղբյուր գեղանկարչի համար։

Ահաբեկչի նկարը եռագույնի ֆոնին շատերի  համար անհասկանալի ու անընդունելի է, նկարչի համար  անհասկանալի է իր նկարի շուրջ ծավալված աղմուկը: Կարծում է՝ Բրեյվիկին նկարելով սխալ քայլ չի արել.

«Մի հատ հասարակ նկար եմ նկարել, ես հանցագործություն չեմ գործել: Ինքը էդ դժվար կացության մեջ հայ ազգին չի մոռացել, որովհետեւ ասել ա, փառք Հայաստանին»:

Ֆեյսբուքյան օգտատերերը պարզաբանումներ են պահանջում Նկարիչների միությունից: Մեջբերում եմ ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Գալստյանի գրառումը:

«Ուզում եմ զուտ արձանագրել այն փաստը, որ այսօր Նկարիչների միության երկրորդ հարկում ինչ-որ անհասկանալի խմբակային ցուցահանդեսի կազմում տեսել եմ Մաքսիմ Գիքինյան անունով նկարչի ահա այս գործը՝ վերնագրված «Անդերս Բերինգ Բրեյվիկ. Փառք Հայաստանին»: Եզրակացությունները թողնում եմ ձեզ, մենակ ասեմ որ նկարիչների տուն ես այլեւս ոտք չեմ դնելու»:

Նկարիչների միությունում նկարի վերաբերյալ կարծիքը եւս բացասական է: Ցուցահանդես կազմակերպողը միությունը չէ, դահլիճները տրվում են ցուցադրության: Նկարիչների միության վարչության անդամ Զարուհի Մուրադյանը վստահեցնում է, որ նկարը , մեղմ ասած, իրենց ճաշակով էլ չէ.

«Պատահաբար Վիգեն Գալստյանի էջում տեսել եմ այդ նկարը, քարտուղարությունից ստացել եմ բացատրություն, որ դահլիճը տրվել է վարձով մի խումբ նկարիչների: Ես անձամբ կարծում եմ, որ նկարը պետք է հանվի: Սկանդալային օրը հանվել է, հետո հեղինակը եկել,  նորից կախել է»:

Վաղը՝ օգոստոսի 10-ին, նկարը վերջնականապես կիջնի Նկարիչների միության ցուցասրահի պատից. ցուցահանդեսի փակման օրն է: Իսկ մինչ այդ միության նկարիչ-անդամները  նախագահ Սուրեն Սաֆարյանին առաջարկել են վարչության նիստ հրավիրել և քննարկել ներքին կանոնադրության հարցը, որ հետագայում նման միջադեպերից  հնարավոր լինի խուսափել:

Back to top button