ԿարևորՀասարակություն

Մարտի 1-ի զոհերի հարազատները չեն հրաժարվի օգնությունից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօր որոշում  է կայացրել  մի հարցի շուրջ, որը երկար քննարկվել է տարբեր մակարդակներում: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին է:

Աջակցությունը լինելու է միանվագ դրամական օգնության տեսքով: Գործող իշխանությունը կարեւոր է համարում այս աջակցության  ճիշտ որակումը՝ սա ընդամենը օգնություն է, ոչ թե փոխհատուցում: Կառավարությունը կողմնակից է, որ փոխհատուցման հարցը որոշվի ՄԻԵԴ-ում:

Գործադիրի այսօրվա որոշումը,  ի դեպ, հետագայում կարող է մեղմել ՄԻԵԴ-ի վերաբերմունքը ՀՀ հանդեպ:

2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքները չեն հրաժարվի պետության դրամական օգնությունից: 9 զոհերից մեկի՝  Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, սակայն, հստակեցնում է՝ նախկինում այդ օգնությունը չէին ընդունի:

«11 տարի մենք ոչ մեկից ոչ մի լումա չենք ստացել: Նախկին իշխանությունները բոլոր խանութների վնասները, մեքենաների ջարդն ու վառելը բոլորը վերականգնեցին,  զոհված ոստիկան Համլետ Թադեւոսյանի ընտանիքին փոխհատուցում տվեցին, իսկ 10 զոհերից  9-ին ոչ մեկին ոչ մի լումա չտվեցին: Եթե նա աներ՝ մենք չէինք վերցնի, որովհետեւ մենք մեր երեխաների արյունը չենք վաճառում: Ասեմ՝ շատ եղել է, որ փորձել են մեր բերանները փակել, բայց մենք դա մերժել ենք: Նախագահ չեն դառնում մարդ սպանելով, արյան վրայով չեն գալիս իշխանության»:  

Մարտի 1-ին ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ հատուկ միջոցի՝ «Չերյոմուխա 7»-ի կիրառումից զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը 10 տարի անտեսված է զգացել պետության կողմից: Դժվարությունները կարողացել են հաղթահարել հասարակության բարոյական աջակցության շնորհիվ:

«Արյունը չի կորելու, վիշտը մնալու է վիշտ: Բայց մի տեղ զգում ես, որ պետությունը վերջապես բոլորին բերեց այն դաշտ, որ մարդ չի կարելի սպանել: Բոլորին էլ ես զգուշացնում եմ, որ հանկարծ չշշկռվեն ու  մարտի 1-ը ինչ-որ մի տեղ զապաս բանալի լինի՝ կուզենան կփակեն, կուզենան կբացեն: Նախկին իշխանությունները՝ ով գալիս էր սիրում,  ճանապարհում էին, էն Պրեսկոտն էր, ինչ էր, ինչ չէր: Գալիս էին,  գնում դիպլոմատով: Մինչեւ հիմա ոչ մենք ենք թույլ տվել, ոչ էլ իրենք: Ասեին՝ արել ենք, գոնե գնանք տեսնենք այդ մարդիկ ո՞նց են ապրում»:

Գործադիրի կայացրած որոշման համաձայն՝ աջակցությունը տրվելու է որպես միանվագ դրամական օգնություն: 2008-ի մարտի 1-2-ին ստացած վնասվածքի պատճառով զոհվածի  իրավահաջորդին կհատկացվի 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան.

«Աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատությանն նախարարություն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում: Դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Դիմումը բավարարվելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած, վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ այս հարցում էմոցիոնալ որոշում կայացնելու փոխարեն ցուցաբերեն պատասխանատու եւ հավասարակշիռ մոտեցում: 

 «Սրանով, կներեք կոպիտ ձեւակերպման համար, ՀՀ քաղաքացու կյանքի գին  չի որոշվում: Այս գործերով կարող են եւ պետք է հետագա գործընթացները շարունակվեն եւ պետք է տեղի ունենան: Մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում այդ իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը կողմնակից է, որ անգամ այս աջակցությունից հետո էլ փոխհատուցման չափը որոշվի ՄԻԵԴ-ում, որպեսզի ներհայաստանյան համակարգերում այս շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Կառավարության այս որոշումն, ի դեպ, կարող է նաեւ մեղմացնել Եվրոպական դատարանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սա հաստատում է նաեւ ՄԻԵԴ-ում Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Այն հանգամանքը, որ կառավարությունը նման քայլ է անում, ամեն դեպքում հաշվի առնվելու է Եվրոպական դատարանի կողմից: Նաեւ կախված է այն դիրքորոշումից, որը կառավարությունը կորդեգրի այս հարցը դատարանին ներկայացնելիս»,- ասաց Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանը, հիշեցնենք, ընդամենը երկու օր առաջ է ազատվել վարչապետի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ: Մինչ այժմ այդ կառույցում Հայաստանը ներկայացնում էին նախկին իշխանության ժամանակ նշանակած անձինք:  

Back to top button