ԿարևորՀասարակություն

«Անորսալի գրպանահատները». ինչու է դժվար բռնել նրանց

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հանրապետությունում, հատկապես Երևանում գրպանահատության դեպքերի վիճակագրությունը: Անդրադարձել վերջին շրջանի աղմկահարույց դեպքերին, մասնավորապես գրպանահատի կողմից քաղաքացուն դանակահարելու միջադեպին: Ոստիկանության ներկայացուցիչը  խոսել է այդ հանցագործության առանձնահատկությունների և դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների մասին:

Զգուշացեք,  գրպանահատությունը արհեստ է դարձել ոմանց համար. վերջին շրջանում մայրաքաղաքում ակտուալ են հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերի մասին խոսակցությունները: 

Թեման ակտուալ է, դեպքերը մտահոգող, իսկ կանխարգելիչ միջոցները՝ թույլ: Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանն ասում է, որ գրանցված դեպքերի 90 տոկոսի դեպքում քրեական գործ չի հարուցվում, քանի որ անպայման անհրաժեշտ է, որ տուժողը ցուցմունք տա, բայց դա էլ բավարար չէ, քանի որ մեկ անձի բողոքը մասնավոր մեղադրանքների շարքում է ու հաճախ ընթացք չի ստանում՝ պարզաբանում է.

«Քանի որ սա դիտարկվում է մասնավոր մեղադրանք: Որոշակի նյութեր նախապատրաստելու, պատշաճ  քննություն իրականացնելու հարց կա, ու եթե այդ ընթացքում հաշտվում են, ապա ոստիկանությունը անելիք չունի»:

Հաշտության  դեպքում,  եթե անգամ քրեական  գործ հարուցվել է,  ապա պետք է կարճվի այն, բացատրում է Հակոբ Պետրոսյանը:

Իսկ եթե անգամ քրեական գործը  հարուցվի ու ընթացք ստանա,  ապա հափշտակության այս տեսակի  համար սահմանվում է առավելագույնը 2 տարվա ազատազրկում:

Արձանագրված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների շուրջ 22 հազար դեպքերի շարքում գրպանահատությունների մասով աճ կա, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ՝  70 տոկոսով ասում է:

Ըստ ներկայացված տվյալների՝ գրպանահատության 95 տոկոսը կատարվում է Երևանում: Առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում: Հայտնաբերված գրպանահատության դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում, ինչը,  ըստ ոստիկանության ներկայացուցչի, օրենսդիրի մարդասիրական մատեցման դրսևորում է,  որը, փաստորեն,  բացասական էֆեկտ է ունենում:

Բացը լրացնելու նպատակով  օրինագիծ է նախապատրաստվել, այն արդեն քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և առաջիկայում՝ աշնանը  կընդգրկվի  ԱԺ  լիագումար նիստերի օրակարգում:

Արդարադատության նախարարության կողմից մշակված նոր օրենքի նախագիծը մասնավոր մեղադրանք որակվող գրպանահատությունը կորակի որպես հանրային մեղադրանք, որով էլ հնարավոր չի լինի կարճել վարույթը` բողոքի բացակայության դեպքում, ասաց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

«Այսօրվա մեր կարգավորումներով գողության այս տեսակը դասվում է մասնավոր մեղադրանքի գործերի շարքին, ինչը դժվարացնում է ոստիկանության աշխատանքը: Մասնավոր մեղադրանքի դեպքում գործերը հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա: Եթե չկա տուժողի բողոք, ապա տվյալ անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված օրենսդրական նախաձեռնություն կա, որով նախատեսվում է մասնավոր մեղադրանքի գործ համարվող գրպանահատությունը որակել որպես հանրային մեղադրանք: Այդ դեպքում, բողոքի բացակայության պարագայում հնարավոր չի լինի գործի վարույթը կարճել, և կտրվի արժանի քրեաիրավական գնահատական»,- նշեց Պետրոսյանը:

Գրպանահատության դեպքերի մասին ոստիկանության կողմից պարզաբանում ներկայացնելու կարիք առաջացավ,  երբ մի քանի օր առաջ  ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Բուլղադարյանը հրապարակեց գրպանահատների լուսանկար, նշելով՝ «քանի դեռ  իրավապահ մարմինները «քնած» են, պետք է մտածել ալտերնատիվ»։ Նրան գրպանահատներից մեկն անգամ դանակահարել էր:

Դրան նախորդել էր ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի գրառում առաջարկը՝  գրպանահատների դեմ ֆլեշմոբ իրականացնելու և նրանց լուսանկարները  սոցիալական էջերում տարածել մասին:

Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկատվության՝ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզել են  լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել ու բերման  է ենթարկվել  ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close