ԿարևորՔաղաքական

Դատավորները պատասխան են տալու ՄԻԵԴ որոշումների համար

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀ դեմ ՄԻԵԴ-ում արդեն կայացվել է 111 գործով վճիռ, որից 107 գործով արձանագրվել է առնվազն մեկ խախտում: Եվրոպական դատարանի կայացրած վճիռներով 1 միլիոն 360 հազար եվրո փոխհատուցում Հայաստանն արդեն վճարել է: Առաջիկայում՝ 3 ամսվա ընթացքում Հայաստանին սպասվում է եւս մեկ փոխհատուցում:

Վերջին կայացրած վճռով միայն մեկ անձի՝ Բյուզանդի նախկին բնակչին վճարվելիք փոխհատուցման չափը գերազանցելու է մինչ այս կայացված բոլոր վճիռների ընդհանուր չափը, այն կազմելու է  1 միլիոն 608 հազար եվրո:

Պետության եւ դատավորների կողմից խախտված իրավունքների վերականգման համար վճարումները կատարվում են պետբյուջեից, այսինքն՝ հարկատուների հաշվին: Այսօր արդեն հասունացել է պահը, երբ դիտարկվում են տարբերակներ՝ հստակ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:  

ԱԺ-ի աշնանային նստաշրջանի օրակարգում հավանաբար կընդգրկվի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որը պատասխանատվություն է ենթադրում անբարեխիղճ դատավորների համար: Նախատեսվում է, որ ՄԻԵԴ-ում կայացված որոշումներն ունենալու են համապատասխան հետեւանքներ հենց դատավորների համար:

«Պարտադիր մենք պետք է անդրադառնանք այն հարցին, թե այդ գումարը ինչպես ենք մենք կարողանում գանձել այն անձանցից, որոնք չեմ վախենա ասել հանցավոր հանցակցության մեջ գտնվելու հետեւանքով քաղաքացու իրավունքի կոպտագույն խախտում են թույլ տվել եւ ինչի պատճառով տուժում է քաղաքացու գրպանից ձեւավորված պետբյուջեն: Իհարկե, սա էլ է կարեւոր, որովհետեւ քաղաքացին արդարացի փոխհատուցում է ստացել, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա արդար չէ այլ քաղաքացիների նկատմամբ: Հետեւաբար, մենք պետք է հասկանանք, թե նման դեպքերի առնչությամբ ինչ գործողություններ պետք է իրականացնենք»,-ասաց Աժ-ի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:  

Իշխանությունը շտապում է, քանի որ գիտակցում է՝ ՄԻԵԴ վճիռների հերթում դեռ կան բազմաթիվ գործեր Հայաստանից՝ ոչ միայն «պետական կարիքների համար» ձեւակերպումով ունեզրկված քաղաքացիների, այլեւ մարտի 1-ի գործով չքննված հայցեր: Երկու ուղղությամբ էլ արդեն կայացվել են առաջնային վճիռները, որոնք կարող են նախադեպային դառնալ մյուս գործերի համար: «Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող 5 գործով վճիռ ՄԻԵԴ-ում արդեն կայացվել է:

Այդ գործերից երեքով զբաղվում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Գործերն առնչվում են «մարտի 1»-ի դեպքերով երկարաժամկետ կալանքի ենթարկված անձանց: Փաստաբանն ասում է՝ վճիռները բացի փոխհատուցումից ենթադրում են նաեւ իրավական շարունակություն՝ նոր հանգամանքներով կալանքի որոշումների վերանայում: Բողոքներ արդեն ներկայացրել է վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, բայց  այսօր էլ «սայլը» տեղից չի շարժվում:

«ՀՀ դատական համակարգը առկա վիճակով ունակ չէ վերանայելու կոնկրետ մարտի 1-ի գործերը: Այդ գործերի քննությանը ներգրավված է եղել շուրջ 40 դատավոր, որոնց գերակշիռ մեծամասնությունը շարունակում է պաշտոնավարել նաեւ այսօր: Այդ գործերով խախտումները կատարվել են ուղղակի դիտավորությամբ, քաղաքական նպատակներով: Այսինքն՝ ուղիղ հանցանք են գործել կոնկրետ գործեր քննած դատավորները: Իբր վերանայում են, բայց իրենք իրենց կամ իրեն գործընկերներին բնականաբար պետք է փորձեն պաշտպանել, հակառակ դեպքում՝ կոնկրետ դատավորների քրեական պատասխանատվության կամ առնվազն կարգապահական հարց է առաջանում, որը կարող է հանգեցնել լիազորությունների դադարեցման»,- ասաց փաստաբանը:  

Աժ բերվելիք օրենսդրական նախաձեռնության մասին խոսելիս իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր էլ օգտագործում է «դատավորների վեթինգ» ձեւակերպումը: Գնալու են, սակայն մեղմ ճանապարհով:

 «Այդ գործընթացը փուլային է տեղի ունենալու, որպեսզի կոլապսի չենթարկվի ոչ իրավական համակարգը, ոչ դատական համակարգը: Հետեւաբար, որպեսզի այս գործընթացը հնարավորինս անցնցում իրականացվի, գուցե գործընթացը մի քիչ դանդաղ լինի»,- նշեց Ջուլհակյանը:

Թեեւ պատգամավորը հաստատում է, որ համապատասխան նախագիծն Աժ մուտք կգործի աշնանը, բայց այն դեռ մշակման փուլում է: Փաստաթղթով զբաղվում է արդարադատության նախարարությունը: Օրեր առաջ դա հաստատել է նախարար Ռուստամ Բադասյանը.

«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն, ոչ ե ինքնաբերաբար դա պետք է բերի վարույթի հարուցման, այլ հարուցող մարմինը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերեւույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ չէ»,- ասել էր Բադասյանը:

Միջազգային ատյաններում կայացված որոշումների հիմքով դատավորներին պատասխանատվության կանչելու եւ կարգապահական վարույթ սկսելու իրավունքը տրվում է երկու մարմնի՝ արդարադատության նախարարին եւ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին: ԲԴԽ-ն այս հարցում ստանձնելու է անկախ եւ անաչառ դատարանի դերը՝ որոշելով դատավորի «մեղքի բաժինը»: «Դատական օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների մշակմանը մասնակցում են նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները:

Նրանցից Վիգեն Քոչարյանը դեմ չէ դատավորների նկատմամբ նոր՝ ավելի կոշտ մեխանիզմների կիրառմանը.

«Իրոք, անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմ այս դեպքերի համար; Եթե դատավորների կողմից եղել են կոպիտ խախտումներ՝ որոշակի հետեւանքներ եւ արձագանքներ դա պետք է նախատեսի: Բայց այստեղ մենք պետք է շատ զգույշ եւ հավասարակշռված մոտեցում ցուցաբերենք, որովհետեւ պարզ է՝ ոչ ցանկացած Հայաստանի դեմ որոշումը պարտադիր պետք է ավտոմատ առաջացնի այդ կարգապահական պատասխանատվությունը: Կարող են լինել դեպքեր, երբ այդ իրավունքնի խախտումը տեղի է ունեցել օբյեկտիվ հիմքով»,- ասաց Վիգեն Քոչարյանը:

ԲԴԽ անդամի կարծիքով՝ դատավորի հանդեպ կարգապահական վարույթ սահմանելու համար պետք է նաեւ ժամկետ սահմանվի: Միջազգային ատյանների կայացրած որոշումներից հետո, ասենք՝ 2 տարվա ընթացքում:    

Ցուցադրել ավելի
Back to top button
Close