ԿարևորՀասարակություն

Տավուշը՝ հայկական Իսրայել

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Արդեն 5 տարի հետո Տավուշում գործելու են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք համաշխարհային նշանակություն են ունենալու՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետը: Նա կարծում է, որ մարզն այդ նպատակին հասնելու համար ունի բոլոր հնարավորությունները: Փաստարկներից մեկը՝ ամենամեծ թվով  «Արմաթ» լաբորատորիաները Տավուշում են՝ 62-ից 40 համայնքում: Մինչև տարեվերջ «Ամաթներ» ունենալու են բոլոր համայքներում:

Տավուշի Կոթի գյուղում օդում անընդհատ ձայներ են կախված: Այստեղ թվում է, թե առանց դադարի, առանց հանգստի կրակում են: Կրակոցներն այստեղ ե՛ւ իրական են, ե՛ւ բեմադրված:

Կոթեցի երեխաների համար ապակիները, երկաթից առարկաները, փայտից սեղաններն ու աթոռները խաղալիքներ են՝ զենքերի տեսքով: Այս գյուղում ցանկացած երեխա գիտի՝ որ նյութից  ինչ զենքի ձայն է գալիս:

Իրենց ապրելակերպը խաղի վերածած երեխաները քաղաքաբնակներին ու հատկապես սահմանի կյանքի մասին պատկերացում չունեցողներին զարմացնում են: Զարմացնել կարող են, բայց դրա հետ մեկտեղ դեռ ամաչկոտ են՝ տեսախցիկի ու ձայնագրիչի ներկայությամբ «զենքերով խաղը» դադարեցնում են, այդ պատճառով խաղի՝ այնքան իրական թվացող ձայները, փոխանցում եմ բառերով:

Թշնամու հետ ամենաերկար հանդիպումը հենց  Տավուշն ունի՝ 300 կմ երկարությամբ, սակայն այստեղ երեխաները ծնվում են զենքները ձեռքներին՝ մտածում թշնամու, զենքի ու պատերազմի մասին առաջին հերթին, հետո՝ հացի ու կյանքի: Սահմանային մարզի մարզպետ Հայկ Չոբանյանի տեսլականով մեկ բան ակնհայտ է՝ Տավուշում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը:

Հաջողելու համար համարձակություն ու հավատ է պետք, իսկ մարզի դիրքն ու տեղանքը առանձնահատուկ ճակատագիր է, որից կարելի է օգուտ քաղել, եթե ճիշտ ձեռքերում հայտնվի:

«Դրա համար այսօրվա կրթական գործընթացներում մենք պետք է շեշտը հատկապես ինժեներիայի վրա դնենք: Տավուշում ունենք ամենաշատ «Արմաթ»  լաբորատորիաները՝ 62-ից 40 համայնքում: Այս տարի նախատեսվում է «Արմաթ»  ունենալ Տավուշի բոլոր համայնքներում: Ու ամենակարեւորը մենք ունենք տաղանդավոր էրեխեք, մնում է երեխաներին ուղղորդենք ու տանենք դեպի ինժեներիա: Արդեն 5 տարի հետո Տավուշում լինելու են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք համաշխարհային նշանակություն են ունենալու»:

Թե ինչպիսին կլինի Տավուշը հինգ տարի հետո, խոսքով կարող ենք իմանալ այսօր, գործով՝ միայն հինգ տարի հետո, իսկ «Պահապան» զարգացման հիմնադրամը  Տավուշում իր եռամյա գործունեության մասին պատմելիս խոսում է արդեն կատարված գործի մասին:

Ինգա Հարությունյանը «պահապան»  դարձավ գործի համար ու սահմանային Ներքին Կարմիրաղբյուրում  հենց երեք տարի առաջ բացվեցին առաջին խաղաթաքստոցների դռները:

«Ինչո՞ւ խաղաթաքստոց: Մենք որոշեցինք, որ մոտակա հինգ տարիների ընթացքում կառուցելու ենք 15 ապաստարան, եւ դրանք անպայման պետք է լինեն կահավորված որպես խաղասենյակներ: Երեք տարի անց, մեկ ամիս առաջ մենք բացեցինք մեր 10-րդ խաղաթաքստողցը»:

Չթողնելով հասարակական սեկտորը՝ Ինգան մի քանի օր է Տավուշում պետական զբաղվածություն էլ ունի՝ մարզպետի խորհրդականն է: Ասում է՝ հասարակական սեկտորում աշխատելիս, հաճախ խնդիրներին այդքան մոտ չես լինում, ինչքան պետական ծառայություն կատարելիս:

Քարտեզագրել միջոցները, մարզի թույլ կետերն օգտագործել ի նպաստ ու դրանք դարձնել առավելություններ:

«Տավուշը սահմանամերձ լինելով հանդերձ, ունի բազմաթիվ առավելություններ. տարանցիկ շրջան է, ունի հրաշալի բնություն, սահմանը, որպես այդպիսին հետաքրքիր է զբոսաշրջիկի, դրսից եկածի համար: Տավուշը փոքրիկ Իսրայել է հիշեցնում»:

Իրենց հողը ապրելով պահել ցանկացող տավուշցիներն աղքատության մասին վերջնականապես մոռանալ են ուզում: Իսկ աղքատության մասին մոռանալու համար, պետք է աղքատության մշակույթը վերացնել, աշխատանքը դարձնել արժեք, ասում է Ինգան:

Այդ ճանապարհի առաջին քայլերն արդեն արել են ու  ամենակարևորը՝ արդեն որոշել նաև իրենց կարգախոսը՝ Հայաստանը գեղեցիկ է,  Տավուշը՝ բացառիկ:

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close