ԿարևորՀասարակություն

Գյուղի տղաներին աղջիկ չեն տալիս կամ Բարձրաշենի «վերջին մոհիկանները»

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

«Վեց տուն ենք, տներ կան, որ մարդ չի ապրում: Տները կան, բայց մարդիկ քոչել, գնացել են», -Բարձրաշենում հանդիպած առաջին կինը Պայծառ Աթոյանն էր: Պայծառը գյուղ հարս է եկել ուղիղ 40 տարի առաջ, ասում է՝այն ժամանակ գյուղը գյուղի էր նման, մարդաշատ էր. պատմում է ու շարունակում ջրհորից ճախարակով ջուր քաշել, լցնել երկաթե երկար տաշտի մեջ, որը անասունների խմոցն է:

«Ես որ հարս եմ եկել, 80-90 տուն է եղել: Ես 1979-ին եկել եմ գեղը քանդված չի եղել, 1981թ-ին՝ քանդվել է, կեսը գնացին Իսահակյան, կեսը՝ Մարալիկ»:

Ջրհորները կարծես գյուղը կիսել էին 2 մասի՝ վերևի ու ներքևի թաղերի: Անասունների արոտից վերադառնալու ժամն էր, պետք է շտապել, լցնել խմոցները: 1-ին ջրհորի մոտ, գտնվում էր տիկին Պայծառենց անասունների խմոցը: Այստեղ յուրաքանչյուր ընտանիք իր անասունների համար առանձին խմոց էր սարքել: Առաջին ջրհորի ջուրը պակաս էր, դույլը կպնում էր քարերին: Ջրհորի խորքից լսվող զրնգոցի ու երկաթե շղթաների չրխկոցի միախառնված աղմուկով տիկին Պայծառը դուրս քաշեց կիսադատարկ դույլն ու վերցնելով մեծ տարան, որին իրենք ֆլագ են անվանում, շտապեց մյուս ջրհորի մոտ:

«Հըմի էլ գնացեք Գոհարին խոսըցրեք, ես ջուրս քաշեմ, ուշ է, կովերս գուքան, կմնան ծարավ»:

Ջրհորի ճախարակը ավտոմեքենայի անիվի երկաթե կմախքն է, այն պտտելով՝ գետնի տակից ջուրը քաշեց, հանեց,  լցրեց ֆլագն ու քարշ տալով հասցրեց իրենց խմոցն ու դատարկեց: Այդպես շարունակեց 10-15 անգամ, մինչև լցրեց խմոցը: Մյուս ջրհորի մոտ Գոհարինեն էր, Գյումրուց օգնության եկած քրոջ հետ շատ արագ պտտացնում էր անիվե ճախարակն ու ջուրը լցնում խմոցը:

«Ես  օր շատ եմ սիրում իմ գեղը, ով էրթա ես գմնամ, ամենավերջում ես պիտի դուրս գամ, եթե մինակ մնամ, ստիպված պիտի էրթամ: Բայց գըերազեմ, ճիշտ եմ ըսում, օր մե հովանավորըմ գտնվի, գոնե, ջրի, ճանապարհի հարցը լուծե:  Ըդիգ լուծվի, օր մենք էլ մեր երեխեքին առնինք, օր լավ եղնի, ամեն ինչն եղնի, մեր երեխեն էլ ետ գուքա, գըշենացու»:

Տղան Երևանում է աշխատում, աղջիկներն ուսանողներ են: Տիկին Պայծառի 2 տղաները նույնպես չեն ամուսնացել: Նրանցից  ոչ մեկի ապագան կապված չէ գյուղի հետ:

«Իմ տղայի ապագան Երևանում է, գյուղում 5-6 տղա կա չամուսնացած: Գեղի տղերքը, խեղճերին աղջիկ չեն տա, մեկն էլ ես ունիմ, աղջիկ չեն տա», — ասաց տիկին Գոհարինեն:

«Ըշտը տղերք էղել են 32 տարեկան, էդ բերելու խաթեր մնացել են: Իջնին Իսահակյան, նոր կբերեն», -ասաց Պայծառը:

Գոհարինեի ամուսինը գյուղից միակ խոպան գնացած տղամարդն է: Հիմա անասուններին նախիր է տանում քրոջ գյումրեցի ամուսինը, յուրաքանչյուր կովի դիմաց 4000 դրամ է ստանում, ամսական վաստակում՝ 130 000 դրամ:

«Դպրոցներն արձակուրդ են, եկել ենք քրոջս մոտ, դասերը սկսվավ՝ կէրթանք»:

Գոհարինեին զուգահեռ, առանց որևէ ջանք գործադրելու, էլեկտրական պոմպի միջոցով խմոցը ջուր էր լցնում հարևանուհին՝  Նարինեն: Այս ջրհորի  ջուրն ավելի մաքուր է, խմելու համար: Առաջարկեց փորձել՝ շատ սառն էր:

«Մենք էլ Մարալիկ, տուն ունենք, երեխեքս Մարալիկում են,  ձմեռը կիսուր-կեսրարս են մնում գյուղում, աթարով են տաքացնում տունը, թրիքը չորցնում ենք, էնում վառելիք»:

Գյուղում ապրող 6 ընտանիքի օրը սկսվում է այգաբացից առաջ, գնում են գոմ, կթում կովերը, մաքրում գոմը, գոմաղբը չորացնում, որ ձմռանը վառելիք ունենան: Գյուղում չկա դպրոց, մանկապարտեզ, խանութ: Երիտասարդները հեռանում են, տիկին Արծվիկի տղան էլ է հավաքվել, սեպտեմբերին երեխան դպրոց պետք է գնա, ինքը մնալու է, քանի որ ամուսինը չի ցանկանում հեռանալ:

«Մարալիկ տուն չունենք, սարքելու ենք, տղես ու հարսս էրթալու են, ես ու ամուսինս մնալու ենք:  35 տարի գյուղում ենք, հաշտվել ենք: Եթե գյուղում դպրոց եղներ՝ կմնային: Ժամանակին կար, իմ տղեն ստեղ է դպրոց գնացել, հետո քայքայվավ»:

Տիկին Արծվիկն ասում է, որ տանը բոլոր հարմարությունները ստեղծել են, բայց գյուղում պայմաններ չկան ապրելու համար: Աշնանը Պայծառի ընտանիքն էլ է լքելու գյուղը, Արծվիկի տղան էլ: Իսկ Գոհարինեն դեռ ցանկանում է գրանցվել իր սիրելի բնակավայրում:

«Այ էս է գեղացու կյանքը, աշխատող ժողովուրդ ենք, էն երեխեն էլ գործ ունի, հորթերը գըտանե:  Համալսարան սորվող երեխեն էլ կուքա, թրիքի ձեռնոցները գըհագնի, թրիքը գըծեփե: Բայց վիրևից էլ, օր օգնին, գոնե օգնին: Ես էս տարի ուզում էի գրանցվել ստեղ, չգրանցին»:

Բարձրաշենից հեռանում եմ՝ այստեղ ապրողներին թողնելով իրենց խնդիրների հետ: Հեռանում եմ մի պահ հայացք գցելով գյուղի կենտրոնում վեր խոյացող եկեղեցու գմբեթին ու մտածում, որ գյուղում մնացողներին հույս ու հավատ է ներշնչում անտեսանելի ուժ ունեցող Աստծո տաճարը, որ վաղուց լքվել է, ինչպես լքվում է  Բարձրաշենը: Եկեղեցուց քիչ հեռու բարձրաշենցի ննջեցյալների շիրմաքարերն են երևում, որոնք շուտով երբեմնի գյուղի մասին պատմող միակ վկաները կլինեն:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close