ԿարևորՀատուկ նախագծեր

«Նվիրյալների արահետով» դեպի անցյալ

Ալեք Մանուկյան, 5

2016 թ-ից  այս փողոցն  «աստղային»  դարձավ:

90-ամյա Հանրային  ռադիոն նոր տեսքով ներկայացավ անցորդներին։ Մարդիկ  քայլեցին  «Նվիրյալների արահետով» և մայթին տեղադրված հուշաքարերից իմացան՝ ովքեր են եղել հայկական ռադիոյի և հեռուստատեսության անվանի դեմքերը։

Կոնստանտին Ավետիսյանի  անունն այստեղ  չեք գտնի: Մենք էլ  գուցե չիմանայինք՝ ով է նա, եթե չծանոթանայինք Հայաստանի՝ արդեն 100- ամյա ռադիոյի արխիվին։ Իսկ արխիվը մեզ պատմում է, որ Կոնստանտին Ավետիսյանը եղել է Երևանի ռադիոյի առաջին տնօրենը։

Բարձրախոս , 1920-ականներ /Երևանի պատմության թանգարան/

Հայացք հեռվից

Կարծիք կա,  թե Հայաստանում ռադիոյի պատմությունն սկսվում է 1926թ-ից,  երբ Երևանի լայնահաղորդ կայանից  առաջին անգամ հնչեց   «Խոսում է Երևանը» ազդականչը:  Իրականում  ռադիոն շատ ավելի վաղ էր մուտք գործել Հայաստան և մի խումբ «ռոմանտիկների» շնորհիվ ոտքի էր կանգնում՝ անկախ դարասկզբի պատերազմներից ու հեղափոխությունից,  որ մի օր «կարմիր» հագած հատեց Հայաստանի սահմանները։  

Սկսենք… Չարենցով.   «Հեռո՜ւ , մոտի՜կ  ընկերներին…»

Եղիշե Չարենցի հուշահամալիրը՝ Ռադիոյի հարևանությամբ

Երբ  Չարենցը «Ռադիոպոմներ» էր գրում,  «կարկանդակի պես» վերաբաժանվող աշխարհում պատերազմ  էր ու հեղափոխություն: Եվ  պատերազմող ու հեղափոխվող  աշխարհում  ինչ ասես՝ չկար: Կինո, մոդեռնիզմ, հինը հերքող ֆուտուրիստներ   և  ամերիկյան ջա՜զ, որ հնչում էր աշխարհի նորաթուխ ռադիոներից՝ մոլորակի  հեռու ու մոտ անկյուններում: Հին  ու նոր աշխարհում փոխվում էին պետություններն ու  մարդիկ, գիտությունն ու արվեստը։  Ու այդ համաշխարհային «աղմուկի» մեջ ռադիոն իր ճանապարհն  էր անցնում՝  կարճացնելով աշխարհի ճանապարհները։

1920-ականներ

Ռադիոն Հայաստան հասավ Առաջին հանրապետության տարիներին, երբ  դաշնակցական կառավարությունը մեծ դժվարությամբ կարողացավ ձեռք բերել առաջին «Մարկոնի» ռադիոկայանը և  դա արեց՝ պատմական անհրաժեշտությունից ելնելով. հայկական  նորանկախ պետությունը փաստացի  պատերազմական իրավիճակում էր։
Թիֆլիսից  գնված ռադիոկայանը Երևան հասավ 1919 թ-ի ապրիլին  և անմիջապես էլ տեղադրվեց Երևանի հին կայարանի շենքում։

Երևանի հին կայարանը
Երևանի Ուժեղ ռադիոկայանի աշխատակիցների ցուցակը

«Ուժեղ» ռադիոկայանը (այսպես անվանեցին այն) անմիջապես  հանձնվեց Զինվորական մինիստրությանը՝ այլ երկրների հետ   օպերատիվ կապ հաստատելու, ռադիոհեռագրեր ընդունելու և հաղորդելու համար։ Ամեն դեպքում, Կառավարության հրամանագրում նշված է, որ այն մասնակիորեն պետք է օգտագործվեր  նաև լրատվություն տարածելու նպատակով:

Ռադիոյի մուտքը  Հայաստան «ռադիոսիրողների»  (ոմանք նրանց  նաև «ռադիոբարեկամներ »  էին անվանում) նոր ու ավելի հզոր շարժման  սկիզբ  դարձավ: 

Պատկերացրեք 1920-ականների Հայաստանը, որտեղ բնակչության առնվազն  կեսն անգրագետ էր նույնիսկ այդ պայմաններում կային մարդիկ, ովքեր իրենց ինքնաշեն ռադիոընդունիչներով  շփվում էին աշխարհի հետ,  հաղորդումներ  էին որսում տարբեր երկրներից ու  քաղաքներից, լսում ռուսական, ֆրանսիական,  թուրքական, հունական ռադիոկայանների  հեռարձակումը: Հենց նրանց ջանքերով ռադիոն և ռադիոգործը տարածվեցին  արդեն «խորհրդայնացած» Հայաստանում։

Կոնստանտին Ավետիսյանն  այդ տարիների ռադիոսիրողներից էր։   1926 թ-ին նա դարձավ Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի առաջին տնօրենը, կամ ինչպես այն ժամանակ էին ասում, վարիչը։

Կոնստանտին Ավետիսյանի ստորագրությամբ փաստաթուղթը՝ թվագրված 13.09.1926 թ-ով, հավաստում է, որ Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման

Երևանի Ռադիոյի առաջին տնօրենը

Կոնստանտին Ավետիսյան

  •  Ծնվել է 1893թ. Արևմտյան Հայաստանի Կաղզվան նահանգի  Արմտլու գյուղում
  • Մասնագիտությամբ՝  հիդրոինժեներ էր, անկուսակցական
  • Ամուսնացած  էր, չորս զավակների հայր

Այս սուղ կենսագրական տեղեկություններն Ավետիսյանի մասին գտանք Հայաստանի ազգային արխիվի  բռնադատվածներին վերաբերող ֆոնդերում։ Պարզվեց, որ 1942 թ-ին ռադիոյի նախկին տնօրենը հայտնվել է մեղադրյալի աթոռին ճիշտ այնպես, ինչպես ստալինյան ժամանակներում բռնադատվում էին  խորհրդային երկրի հազարավոր քաղաքացիներ։

Ի՞նչ առնչություն կարող էր  ունենալ այս գործը Ռադիոյի հետ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս  էին Կոնստատին Ավետիսյանին  բռնադատել։

Այս   հարցերը մեզ կրկին տարան  Հայաստանի ազգային   արխիվ։  

Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի 1928  թվականի աշխատակիցների ցուցակով պարզում ենք, որ Կոնստանտին Ավետիսյանը շուրջ  երկու տարի աշխատել է որպես ռադիոկայանի վարիչ:

Այս տարիներով էլ ավարտվում է Հայկական ռադիոյի «ռոմանտիզմի» դարաշրջանը, երբ ռադիոն՝ որպես երկրորդ   լրատվամիջոց, ձևավորվում և կյանք էր առնում։  Հայաստանում սկսվել էին ռադիոֆիկացման աշխատանքներն,  ու ռադիոն աստիճանաբար հասանելի էր դառնում նաև  մարզերում: 

Իսկ թե ինչու ավարտվեց «ռոմանտիզմը» Հայկական ռադիոյում, պարզեցինք 1928 թ-ի  ռադիոարխիվում պահպանված կուսակցական ագիտպրոպագանդիստների տասնյակ «գաղտնի» գրագրություններից։ Դրանք պատմում են, թե ինչպիսի  վերահսկողություն էր իրականացվում ամենուրեք, այդ թվում՝ Ռադիոկոմիտեում:


ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի գաղտնի փաստաթղթերից մի քանիսն առանց մեկնաբանության

«ՆԳԺԿ-ի համար 441 գրությունն՝ ուղղված ԲՈԼՈՐ ԳԱՎՎԱՐՉԲԱԺԻՆՆԵՐԻՆ»

Այսպես սահմանափակվում է «ռադիոսիրողների» և մասնավոր ռադիոընդունիչներ ունեցողների աշխատանքը ։Փոխվում է նաև Ռադիոյի աշխատակազմը, ու նոր նախագահ է նշանակվում ՀԿԿ Կենտկոմի քարտուղարը։
1928 թ-ից ուժեղանում է վերահսկողությունը ռադիոկայանի ստեղծագործական աշխատանքի նկատմամբ։ Ուշագրավ է Անդրֆեդերացիայի երեք հանրապետություններին ուղարկված /գաղտնի/ շրջաբերական նամակը` թվագրված 08.06.1928 թ։

Թեմայից դուրս, թեմայի մեջ. ով էր գաղտնի աշխատակիցը՝ «У»
Մեր ձեռքի տակ հայտնված մի քանի փաստաթղթերում հանդիպած այսպիսի գաղտնագրման բովանդակությունից կարելի է ենթադրել, որ խոսքը ՆԳԺԿԻ-ի կողմից ներդրված գործակալներին է վերաբերում:

 

Այսպիսի գաղտնի շրջաբերականների «թաքուն» շրջանում էլ սկսվում է  անկուսակցական մասնագետների  զտումը  պատասխանատու  պաշտոններից։  Անցանկալիները հեռացվում էին  գործից։  Այդ մարդիկ չէին էլ կարող պատկերացնել, որ «գաղտնի», իսկ երբեմն էլ «խիստ գաղտնի»  գրագրություններով վճռվում էր իրենց կյանքն ու ապագան։ 

Այս փաստաթղթում հայտնվեցին բոլոր նրանց անունները, ովքեր «հայտնի եռյակի» որոշմամբ պետք է հեռացվեին կամ լավագույն դեպքում փոխադրվեին այլ աշխատանքի։ Անկուսակցական Կոնստանտին Ավետիսյանը ցուցակում 9-րդն է

Արխիվի Ռադիոյի ֆոնդում պահպանված մի քանի հրամաններից կարելի է ենթադրել, որ Ռադիոյի տնօրենին,  այնուամենայնիվ,  աշխատանք  առաջարկվել է, բայց նաև հասկանում ենք, որ ղեկավար կազմը «գոհ» չի եղել նրա գործունեությունից։

 Այլ տեղեկություններ Ռադիոյի նախկին ղեկավարի մասին 30-ականների փաստաթղթերում չեն պահպանվել։
Փոխարենը   Հայաստանի ազգային արխիվի  Բռնադատվածներին վերաբերող ֆոնդում  պահպանվել է նրա նկատմամբ հարուցված շուրջ 17 -հատորանոց քրեական գործը։  Ի դեպ, այս  ֆոնդում մենք նրան փնտրեցինք  զուտ ինտուիտիվ։ Ինչ-որ բան հուշում էր, որ գործն, այնուամենայինիվ, հասել է դրան։ Զարմանալիորեն մեր կանխազգացումները ճիշտ էին։

Գործ №5/53. գաղտնի փաստաթուղթ

17 -հատորանոց  քրեական գործի վերջին հատորին կցված այս փաստաթուղթը ՀՍՍՀ Գերագույն դատարանի  1957 թ-ի ապրիլին  դատական կոլեգիայի կողմից  կայացրած որոշումն է՝ Կոնստանտին Ավետիսյանին արդարացնելու մասին։

«Մի քանի պարբերությունն էլ բավական է հասկանալու համար, որ գործն ի սկզբանե շինծու է եղել։

Ավետիսյան Կոնստանտինը մեղավոր է ճանաչվել հակահեղափոխական գործունեության համար։ Ըստ մեղադրանքի՝ նա կապ է պաշտպանել դաշնակ էմիսար Ալբերտա Հովհաննիսյան- Արզումանյանի հետ, որը Երևան էր ժամանել 1941 թ-ին դաշնակցական ընդհատակյա կազմակերպություն ստեղծելու նպատակով։ Կազմակերպության կենտկոմի ղեկավար Հրաչիկ Մուրադյանի ցուցմունքով իր և էմիսարի հետ կապն ստեղծվել է Կոնստանտին Ավետիսյանի միջոցով, ում առաջադրանքով էլ Մուրադյանը հակահեղափոխական գործունեություն է ծավալել Հայաստանում։

Ո՞վ էր ՀովսեփյանԱրզումանյան Ալբերտան, և արդյո՞ք նա արտասահմանից ժամանել էր որպես դաշնակցական կազմակերպության անդա՞մ։Կամ, առհասարակ, եղե՞լ է նման անձնավորություն։

Պարզվում է, որ 1942-ին կատարված հետաքննությունը դա չի պարզել։ Ավելին, Հ.Մուրադյանը Կոնստանտին Ավետիսյանին հակասովետական Դաշնակցական կազմակերպության անդամ չի ճանաչել։ Սակայն մշտական վատ հարաբերություններ է ունեցել նրա հետ և շարունակաբար  բողոքներ է ներկայացրել նրա դեմ։

Այս գործով հարցաքննվող վկաներ Ա. Թովմասյանն ու Գ․Մկրտչյանը ցուցմունք են տվել  առ այն, որ Քանաքեռգէսում Մուրադյանն աշխատել է Ավետիսյանի ենթակայության ներքո և տնօրենից անդադար պահանջել, որ նա իր կատարած աշխատանքի դիմաց  բարձր ցուցանիշներ ներկայացնի խոշոր գումար ստանալու համար, սակայն Ավետիսյանը հրաժարվել է:

Ըստ վկաների՝ Կոնստանտին Ավետիսյանը եղել է «անբասիր տնօրեն և լավագույն մասնագետ»։
Ազատ թարգմանություն

Թեմայից դուրս, թեմայի մեջ.
ՆԳԺԿ-ի№ 00447 հրամանըՆԳԺԿ № 00447 հրաման (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիտեի № 00447 հրաման «Նախկին կուլակներին, հանցագործներին և հակախորհրդային տարրերին ռեպրեսիայի ենթարկման մասին»)։ Այս հրամանով կատարվեց խոշոր մասսայական Մեծ տեռորը: Դատավճիռները կայացնում էր ՆԳԺԿ հատուկ եռյակը:
(Աղբյուրը՝  Հայկական Վիկիպեդիա)


Ահա ևս մի պատմություն՝ ստալինյան բռնաճնշումների տարիներից, երբ հայտնի եռյակը որոշում էր մարդկանց ճակատագրերը, մեկ մարդու չհիմնավորված ցուցմունքով ցանկացած մեկը կարող էր հայտնվել ճաղերի հետևում և լավագույն դեպքում դատապարտվեր տասը տարվա ազատազրկման։

Փաստաթղթում նշված հասցեն՝ Լենինի 82/ բ, մեզ հուշեց այն  հետագա քայլերը, որով կարող էինք առաջ շարժվել ու հասկանալ, թե ինչ է եղել   հետո։

Թե ինչ եղավ հետո

Անցած դարի մինչև կեսերը Երևանի տարբեր փողոցներ անվանակոչվել են Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինի անունով։ Երևանի Թումանյան փողոցը՝ նույնպես։ Բայց մեզ հետաքրքրող հասցեն այդ տարածքում գտնելու բոլոր  փորձերն անիմաստ էին։

Փնտրում էին հեռվում, գտանք շատ մոտ։ Լենինի 82 բ-ն այսօրվա Հանրապետության փողոցի հին վարդագույն  եռահարկ շենքերից մեկն է, և Ռադիոտան պատուհաններից հանգիստ կարող ենք տեսնել այն բնակարանը, որտեղ դեռ անցած դարի 20-ականներին ապրել է Կոնստանտին Ավետիսյանը։

Ինչ են պատմում Երևանի կողպված բնակարանները

Վերջին տարիներին Երևանի հին շենքերում  հին  բնակիչների հանդիպելը կարելի է հաջողություն համարել։ Շատերը վաճառել են բնակարաններն ու տեղափոխվել քաղաքի արվարձաններ, հեռացել են երկրից։ Շենքերի տարբեր հարկերում գրասենյակներ ու խանութներ  են բացվել։ Մեզ հետաքրքրող բնակարանի դուռը 82/բ հասցեում,  ևս կողպված էր։  Ավետիսյան ամուսինները վաղուց վախճանվել են, իսկ ժառանգները վաճառել են հայրական տունը։ Մուտքի ամենատարեց բնակիչները Ալեքսանդր և Ռայա Մխիթարյաններն են, ովքեր մեր այցից ու անսպասելի հարցերից զարմացած՝ փորձում էին  մտաբերել նախկին հարևանին՝ Կոնստանտին Ավետիսյան անունով մարդուն։

Ես հիշում եմ նրանց ընտանիքը, հետո նա վերադարձավ …


Ալեքսանդր Մխիթարյան-Հանրապետության 82/բ շենքի բնակիչ

Ասում եք՝ ռադիոտանիքում նա այնպիսի սարքեր էր տեղադրել, որ զարմանում էի, թե որտեղից ունի․․․ինձ էլ օգնեց, ռադիոյի գիծ քաշեցի մեր տանը…


Տիկին Ռայա — Շատ հաճելի ընտանիք էր: Լինում է, չէ՞, երբ նայում ես մարդուն ու հասկանում, որ բարի մարդ է:Նա բարի մարդ էր: Միշտ հետաքրքրվում էին մեզնով,հարցնում երեխաների մասին…

Ալեքսանդր Մխիթարյան-  Մեկ -մեկ իրեն ես էլ էի օգնում տանիք բարձրանալ:Արդեն մեծացել էր, կինն անհանգստանում էր….ռուսերեն ասում էր. “куда ты лезешь?”…

Հայկական ռադիոյի առաջին տնօրենի՝Կոնստանտին Ավետիսյանի մասին ավելին իմանալու մեր բոլոր փորձերն անօգուտ էին։ Միայն պարզեցինք, որ արդարացումից հետո նա վերադարձել ու իր կյանքը շարունակել է Լենինի 82/բ հասցեում:
Մահացել է Երևանում 1976 թ-ին 83 տարեկան հասակում։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը։

Հ.Գ -Սա մեկն էր Հայկական ռադիոյի բազմաթիվ պատմություններից:  Մինչդեռ, անցած տարիներից դեռ այնքան  բան կա հիշելու: Ու չգիտես էլ՝  ռադիո՞ն է ճակատագրական եղել շատերի կյանքում, թե՞ այստեղի մարդիկ են որոշիչ եղել Ռադիոյի համար:  

Եվ արդյոք  «Նվիրյալների արահետը», որ այսօր ձգվում է Ալեք Մանուկյան, 5 փողոցով, կհավերժացնի՞ բոլորի անունները:

Հեղինակ՝
Կարինե Գևորգյան

Ցուցադրել ավելի
Back to top button