Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարի Իրան այցելելու առաջարկը չի ընդունվել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցանկանում է այցելել Թեհրան և «խոսել անմիջապես իրանցի ժողովրդի հետ»: Այդ մասին նա գրել է Twitter-ում: Սակայն Իրանի իշխանությունները մերժել են նրան ու չեն ցանկացել ընդունել իրենց երկրում: «Ռեժիմը չի ընդունում իմ առաջարկը»,- նշել է Պոմպեոն իր Twitter-ում:

Նկատելով նաև, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաճախ է մեկնում Միացյալ Նահանգներ, որտեղ կարող է «ազատ խոսել», նա հարցրել է՝ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի՞ կարող նույնն անել իր համար:
Ըստ նրա, Իրանի առաջնորդը կարող է վախենալ, որ իր ժողովուրդը կլսի «չզտված և չկրճատված» ճշմարտությունը:

ԱՄՆ – Իրան երկխոսությունը աննախադեպ լարվել է Իրանի միջուկային պայմանագրի առնչությամբ ստեղծված ճգնաժամի ֆոնին, երբ Վաշինգտոնը խզեց համաձայնագիրը միակողմանիորեն: Բացի այդ կողմերը միմյանց մեղադրում են Հորմուզի նեղուցում փոխադարձ սադրանքների մեջ:

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաքչին երեկ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրի ապագան:

«Մթնոլորտը կառուցողական էր, քննարկումները արդյունավետ, ես չեմ կարող ասել, որ մենք լուծեցինք բոլոր խնդիրները, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ անելիքներ ունենք»,- Վիենայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Back to top button