ԿարևորՀասարակություն

Պայթյուններ երկրաշարժից առաջ. ինչ է կատարվել 88-ին

Պայթյուններ, որոնք անդառնալի հետեւանքներ թողեցին Հայաստանում: Սա պատմություն է անցյալից: 30 տարի ձգվող կասկածներից ընդամենը վարկած, որը պաշտոնապես չի հաստատվել, բայց համառորեն շարունակում է ապրել, որովհետեւ կան հիշողություններ եւ իրական պատմություններ:

Հիշողություններ դեկտեմբերի 6-ի Սպիտակից

Սպիտակ քաղաքում բնակվող Ղուկասյան Ասյան եւ Երեւանում բնակվող Բադալյան Անժելան քույրեր են: Շատ հաճախ էին զրուցում հեռախոսով, եւ 88-ի դեկտեմբերի 6-ի երեկոյան Սպիտակից ստացված հեռախոսազանգը մեծ անհանգստություն չառաջացրեց Երեւանում բնակվող հարազատների համար: Քույրերն այսօր նորից են զրուցում հեռախոսով՝ արդեն նորագույն տեխնոլոգիայի՝ «Վայբեր»-ի օգնությամբ: Ափսոսում են, որ ճիշտ չհասկացան 30 տարի առաջ եղած ազդակը:

Երկրաշարժի նախորդ օրը՝ դեկտեմբերի 6-ն էր, երեկոյան ժամը 19.00-19.30 կողմերը: Տանն էինք, սովորական առօրյայով, գործից հետո բոլորը տուն էին վերադառնում, մեկ էլ պայթյունի պես ուժեղ դղրդոց եղավ: Մենք պետական շենքում էինք ապրում, բազմահարկ: Ցնցվեց տունը: Ասեցինք՝ էս ի՞նչ էր,  երկրաշա՞րժ էր, թե՞ թուրքերը պայթացրեցին, ի՞նչ եղավ չհասկացանք, թե ինչ էր ….

Ես հիշում եմ, որ դու զանգեցիր, այդ ժամերին էր՝ 19.00-19.30 կողմերը  երեկոյան, զանգեցիր, ասացիր ՝ Անժ, սա՞ղ եք:  Ասացիր, նենց ուժեղ պայթյուն եղավ, որ մեզ թվաց ատոմակայանն է պայթել, եւ Երեւանն արդեն գոյություն չունի: Ես ասացի, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Ասացիր, բա սա ի՞նչ էր, բոլորս դուրս ենք եկել, փոստի մոտ կանգնած սպասում ենք:

Խառնվեցինք, շատ անհանգիստ վիճակ էր, մեկս մյուսիս հարցնում էիքն՝ էս ի՞նչ եղավ ու այդպես կամաց-կամաց հանդարտվեցինք, ասացինք՝ դե վերջ, անցավ էլի: Ո՞ւմ մտքով էր անցնելու, որ պետք է քնենք արթնանաք՝ ինչ է կատարվելու: 

Այս դեպքերից ընդամենը մի քանի ժամ հետո՝ հաջորդ օրը, Ասյան կորցնելու էր իր հնգամյա որդուն եւ Սպիտակում բնակվող եւս 7 հարազատի: Ողբերգությունը մեծ էր բոլորի համար, բայց ժամանակի ընթացքում ավելի հաճախ սկսեցին հիշել երկրաշարժի նախորդ օրը լսած պայթյունի մասին: Առ այսօր բացատրություն չի տրվել՝ ինչ էր դա:

«Ժողովրդի մեջ տարբեր վարկածներ էին քննարկում՝ պայթացրեցին, ռուսը արեց, թուրքը արեց, չհասկացանք: Ի՞նչ իմանանք՝ ով արեց: Արեցի՞ն, թե՞ բնությունը արեց: Սպիտակի մոտ՝ քաղաքից դուրս զինապահեստներ կային: Մենք կարծում էինք՝ այդ պահեստները պայթեցին, որովհետեւ մենք այդպիսի երկրաշարժ ոչ լսել էինք, ոչ տեսել: ֆեյսբուքներում էլ ենք կարդում, վարկածներ էլ են գրում, բայց  հաստատ բան չգիտեինք: Մեզ անհայտ է դեռ: Բացատրությունը պետք է գիտությունը, գիտնականները տան, մենք ինչ իմանանք»,- ասում է :

Հիշողություններ 88-ի քրոնիկոնից

Սպասումները, որ 88-ին Հայաստանում ինչ-որ բան տեղի է ունենալու, ձեւավորվում էին ամիսների ընթացքում: ԽՍՀՄ ղեկավարների տարբեր հայտարարություններ, ինչ-որ գործողություններ, զգուշացումներ կամ պատասխաններ՝ միջազգային մամուլի էջերից.  բոլոր հրապարակումները մանկական «փազլ» խաղի նման ամբողջական պատկեր կազմում են հետո՝ համադրումների արդյունքում: Հայաստանի համար բուռն 88-ի ժամանակագրությունից մի քանի հատված.

  • 88-ի հունիս. մի խումբ գեներալների եւ ռազմական չինովնիկների ուղեկցությամբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը: Մի քանի փակված բեռնատար առանց կանգնելու ուղեւորվում է Հայաստանի հյուսիս:
  • 88-ի օգոստոս. Սպիտակի եւ Կիրովականի շրջակայքի պոլիգոններից շտապ դուրս են բերվում հրթիռային կայաններ, տանկեր, ինքնագնաց հրացաններ: Հրամանատարների ճնշող մեծամասնությունը արձակուրդ է ստանում եւ ընտանիքների հետ հեռանում Հայաստանից:
  • 88-ի սեպտեմբեր. Հայաստան է գալիս ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Շչերբինան, որը զբաղվում էր միջուկային զենքի փորձարկման, ռազմական շինարարության եւ պայթյունի գոտում գիտական ու տեխնիկական սարքերը տեղադրելու հարցերով:
  • 88-ի հոկտեմբեր. մի խումբ ռազմական մասնագետների եւ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի սպաների հետ կրկին Հայաստանում է Յազովը: Նա անձամբ էր հետեւում Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի վերաբաշխմանը, հրթիռային կայանների եւ շարժական հրթիռների ապամոնտաժմանն ու Հայաստանից դրանց դուրս բերմանը:

Այս ամենն ուղեկցվում էր տարբեր խոսակցություններով, որոնք փոխանցվում էին՝ ձեւավորելով կարծիք, որ սպասվում է ինչ-որ «փորձություն»: Առ այսօր շատերը հավատում են, որ իրականում եղել է դեպք, երբ Արզնիի առողջարանում 88-ի նոյեմբերին  հանգստացող ռուս սպայի կինը ակադեմիկոս Երեմյանի կնոջ՝ Ռուզան Երեմյանի ականջին գաղտնիք է շշնջացել, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին «մեծ աղետ» է սպասվում եւ խորհուրդ է տվել հեռանալ Հայաստանից:  Նույն խորհուրդը, ասում են, ստացել է նաեւ աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը՝ այն ժամանակ Լենինգրադում բնակվող ծանոթի հեռախոսազանգի միջոցով: 88-ի նոյեմբեր-դեկտեմբերին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ այն ժամանակ Լենինականում բնակվող ռուս զինվորականները Հայաստանից Ռուսաստան էին տեղափոխում իրենց ընտանիքներին:

Գիտնականի հիշողություններից  

Ֆիզիկոս-տեսաբան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, 1.5 տարի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում աշխատած Վիկտոր Մուսախանյանը 88-ին աշխատում էր Հայաստանի ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում: Հիշում է, որ անհասկանալի պայթյուններից հետո դոզիմետր էին փորձում գտնել: Ռուս զինվորականների աչքից հեռու գաղտնի չափումներ են իրականացրել: 

– 4 պայթյուն է եղել: Հենց երկրորդ օրը մենք կարծեցինք, որ ատոմային զենք է կիրառվել: Որովհետեւ դա շատ  հեշտ է՝ փորում եք մի 800-900 մետր, հետո դնում եք այդ լիցքը ու պայթեցնում եք: Կարաբեկով կար ֆիզիկայի ինստիտուտում, չեք պատկերացնում ինչ հայհոյանքներով էր ման գալիս այդ օրերին: Ես մոտիկ ընկեր ունեի՝  Ռոմիկ Ավագյանը, մահացել է արդեն, իր մոտ արտակարգ սարքեր կային, որ ռադիոակտիվությունն էին  չափում: Մենք գիշերը հանդիպեցինք, որ հանկարծ մեզ չտեսնեն, տվեց այդ սարքը Կարաբեկովին, ու նա գնաց չափելու: Տարբեր տեղեր չափեց, դե զինվորականները փակել էին այդ հատվածը, բայց ոչինչ չհայտնաբերեց:

— Ի՞նչ էր դա:

— Հայաստանը շատ վատ գոտում է գտնվում, որովհետեւ Արաբական եւ Եվրասիական սալիկների վրա է, դրանք տարեկան 2-3 սմ. շարժվում են:  Թուլություններ էլ են այդտեղ: Սպիտակի հատվածում  դատարկ տեղեր կան… մի խոսքով…

— Իրականում կա՞ այդպիսի զենք: Գրում են, խոսում են, բայց ընդունվա՞ծ է հայտարարել, որ այո, աշխարհում կա այդպիսի զենք:

— Դե գիտեք ինչ, ավելի շատ վախեցնում են, որովհետեւ ամեն տեղ չեք կարող երկրաշարժ սարքել:

— Խորհրդային Միությունն արդեն չկա, եթե կասկածներ կան, որ երկրաշարժն արհեստական էր, ի՞նչն է խանգարում, որ ի վերջո հայտարարվի իրականությունը:

— Մոսկվան 100 տարվա բաները, որ եղել է Սովետական Միության մեջ, այդ արխիվները չի բացում: Հիմա թող զինվորականներն իրենց արխիվները բացեն: Չեն բացի: Հասկանո՞ւմ եք, դա ռուսները չեն արել, դա Սովետական Միությունն էր, պոլիտբյուրոն էր, էս էր, էն էր: Հրահանգ են ստացել: Չե՞ք հիշում ինչպես զայրացավ Գորբաչյովը, ասաց՝ էս երկրաշարժից հետո դեռ Ղարաբաղի մասի՞ն եք խոսում:

Խորհրդային Միության փլուզումից տարիներ անց ռուսական մամուլն է անդրադարձել առեղծվածային պայթյուններին: Ռուս լրագրողները գտել են անգամ մասնագետի՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի Երկիրի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Նիկոլաեւին: Հենց նրան են վերագրում ԽՍՀՄ-ում տեկտոնիկ զենքի ստեղծումը, թեեւ պաշտոնապես որեւէ երկիր դեռ չի ընդունել, որ գոյություն ունի այդպիսի զենք:  

«Տեկտոնիկ զենքը… անգամ չգիտեմ՝ ով է ստեղծել: Միգուցե եւ ես: Որովհետեւ ես դրանով զբաղվում եմ շատ վաղուց, անգամ տպագրվել է դրա մասին: Իրականում այդ տերմինն օգտագործվում է շատ վաղուց: Մենք հերքում էինք, ամերիկացիները նույնպես, որ պայթյուններն առհասարակ  երկրաշարժ առաջացնել չեն կարող: Բայց մենք գիտեինք, որ կարող են լինել հետցնցումներ: Պայթյուններից հետո 50 կմ շառավիղով լինում էին երկրաշարժեր:  Անգամ քիմիական մեծ պայթյունները առաջացնում են թույլ երկրաշարժեր»:  

Շարքային քաղաքացիների եւ մասնագետների վկայություններից ու հիշողություններից բացի կան նաեւ մասնագիտական գրքեր, աշխատություններ: Մեջբերում Կոբրինովիչի «Տեկտոնիկ զենք» աշխատությունից.

«Տեկտոնիկ զենքը հիմնված է Երկրի պոտենցիալ էներգիայի օգտագործման վրա եւ առավել կործանարար է»:

Պատմության «փազլների» համադրումը եթե շարունակենք, ապա կարելի է հիշել նաեւ 88 թվականի փետրվարը: ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարնաձեին Ճապոնիա կատարած այցի ժամանակ լրագրողները հարցրել են՝ ունի՞ արդյոք Խորհրդային Միությունը գեոֆիզիկական հրթիռներ: Նախարարը հաստատել է՝ ունեն 4 տեսակի:  Ի դեպ, Նալբանդ գյուղում, որը Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնն էր,  երկրաշարժից հետո հողը իջել էր 3-4 մետր: Աղետի եւ ռազմական դրության պայմաններում արգելվում էր ոչ միայն մոտենալ այդ տարածքին, այլեւ՝ նկարել այն:

Back to top button