Հասարակություն

ՄԻՊ-ի աշխատանքային խումբը ոստիկանությունում է՝ տեսակցելու ձերբակալված քաղաքացիներին

Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում` տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը: Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Երեկ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայող  է վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

 

Back to top button