ԿարևորՎերլուծական

Ինչպես եկամուտ ստանալ ծառ տնկելուց

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Իջեւանում տեղի ունեցածը շանտա՞ժ էր, թե՞ սոցիալական վիճակից դրդված բողոք:

«Ռադիոլուրը» թեմայի վերաբերյալ զրուցել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի հետ, որը Իջեւանի բախումների վերաբերյալ տվել է իրավական եւ բնապահպանական գնահատական՝ առաջարկելով լուծումներ:

Ըստ բնապահպանի, միայն իրավական ճանապարհով անտառահատումների դեմ պայքարել հնարավոր չէ, դա համալիր լուծում է պահանջում: Վարդանյանը երկու խնդիր է առանձնացրել:

Առաջին, մարդիկ տարիներ շարունակ անտառն օգտագործել են որպես բիզնես, նրանց անունները պաշտոնապես հայտնի չեն, եւ վերջիններս մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել։ Ծառահատումներում ներգրավված են եղել սոցիալական անապահով մարդիկ:

Երկրորդը՝ անտառամերձ գյուղերի բնակիչները անտառի փայտը օգտագործում են որպես վառելափայտ: Առանց այլընտրանքի հնարավոր չէ անտառահատման դեմ պայքարել՝ շեշտել է Նազելի Վարդանյանը:

«Այսօր խստացվել է անօրինական անտառահատումների դեմ պայքարը, բայց սահմանված պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա, քանի դեռ չեն լուծվել տեղի բնակչության սոցիալական խնդիրները: Մեկ տարբերակ էլ կա: Մարդիկ անտառ հատողից պետք է դառնան անտառ տնկող՝ ներգրավված լինելով այդ աշխատանքներում: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ը պարտավորություն է ստանձնել 21 տոկոսի հասցնել անտառածածկ տարածքները։ Իհարկե, իրատեսական չէ, այսօր 6-7 տոկոս է այն կազմում, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացվի»,- «Ռադիոլուր»-ին ասել է Նազելի Վարդանյանը:

Back to top button