Հասարակություն

ԴԱՀԿ, թե՞ ՃՈ. ո՞վ է պատասխանատու քաղաքացու կրած վնասի համար

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ռադիոլուրը» ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որը պետական մարմնի աշխատակցի անփութության պատճառով հայտնվել է խնդիրների առաջ։

Ահազանգի հետքերով գնալով՝«Ռադիոլուրը» պարզել է, որ սա ամենեւին էլ մասնավոր դեպք չէ։

Սաթենիկ Մինասյանին փետրվարի 26-ին պետավտոտեսուչը կանգնեցնում է մգեցված դիմապակուն համար և վարչական ակտ կազմում: 

Տուգանքը բեկանելու նպատակով զրուցակիցս  24 ժամվա  ընթացքում թերությունը վերացրել է և ներկայացրել ՃՈ: Տուգանքը չեղարկվել է:

Ամիսներ անց՝ հունիսի 7-ին, բանկում գործարք կատարելիս պարզել է՝ հաշիվները սառեցված են: Մի քանի օր չի կարողացել վճարումներ կատարել, ինչն անդրադարձել է նաև վարկային պատմության վրա:

Պարզելու համար, թե ինչն է հաշիվների սառեցման պատճառը, Սաթենիկը գնում է բանկ և պարզում, որ հաշիվների վրա կալանք է դրված:

Պարզվել է՝ բեկանված տուգանքի ծրարը համապատասխան բաժին է ուղարկվել, բայց տեխնիկական պատճառներով, այսպես ասենք, տեղ չի հասել։ Սաթենիկը միակ վարորդը չէ, որի բեկանված տուգանքը համապատասխան լուծում չի ստացել:

Թյուրիմացությունն արագորեն  շտկվում է, միայն թե այդքանով գործը չի փակվում: Առջևում ԴԱՀԿ-ի խնդիրն է, խնդիր, որին երևի թե շատերն են բախվել ու չգիտես ինչու, այդպես էլ չի վերանում:

Թերացումը ՃՈ վարչական ակտերի բաժնի աշխատողինն է,  ասում է Սաթենիկը: Ոչ բեկանված տուգանքները կան, ոչ էլ այդ օրվա մատյանները: Իսկ ԴԱՀԿ-ն ընդհանրապես իրավունք չուներ առանց իմ թույլտվության, առավել ևս առանց տեղեկացնելու սառեցներ իմ հաշիվները և ինձ  փաստի առաջ կանգնեցներ՝ վրդովվում է զրուցակիցս:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, կամ ինչպես ընդունված է ասել ԴԱՀԿ-ն, հաշիվների սառեցումն ինչպես է իրականացնում,  կարո՞ղ է արդյոք առանց քաղաքացուն տեղեկացնելու սառեցնել նրա հաշիվները, հետաքրքրվեցինք հենց պետական այս մարմնից: 

Մամուլի քարտուղար Մերի Հարությունյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ Հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթ հարուցելուն զուգահեռ հենց այդ պահին էլեկտրոնային եղանակով արգելանք է ուղարկվում համապատասխան մարմիններին՝ պարտապանի կողմից գույքի օտարումը կանխելու նպատակով: Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարողի կողմից  եռօրյա ժամկետում ուղարկվում է կատարողական վարույթի կողմերին:

Եթե այնուամենայնիվ քաղաքացին պետական կառույցների աշխատակիցների անփութության պատճառով կրել է նյութական կամ բարոյական վնաս, ինչպես կարող է փոխհատուցում ստանալ՝ հարցրեցինք փաստաբան Մարտուն Փանոսյանին.

«Չի հանդիպել նման բան, որ փոխհատուցում լինի պետական մարմինների անփութ աշխատանքի պատճառով:  Դեպք է եղել, նույնիսկ փաստաբանի հաշիվներից են գումարը գանձել»,- ասաց Փանոսյանը :

Հաշվի առնելով համակարգային բացերն ու թերացումները՝ փաստաբանը նշեց, որ քաղաքացին կարող է հերթով դատական հայց  ներկայացնել բոլոր կողմերի դեմ և ապացուցել, որ վնաս է կրել: Բայց դա եւ ժամանակի, եւ գումարի կորուստ է։ Քանի որ, ինչպես փաստաբան Փանոսյանն է պնդում՝ քաղաքացին կարող է դատը եւ շահել, եւ պարտվել։

Back to top button