Հասարակություն

Գյումրիի մսի կոմբինատի «ոսկորների գերեզմանը» բաց երկնքի տակ

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Ոսկորների հսկայական կույտերը Լենինականի երբեմնի ամենահզոր արդյունաբերական հսկաներից մեկի՝ Մսի կոմբինատի   մասին են հիշեցնում։ Արդեն երեք տասնամյակ է, արտադրական թափոնները քայքայվում են բաց արևի տակ, թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար հասանելի տարածքում։

«Անասնագերեզմանոցները բարձր վտանգավորության տարածք են հանդիսանում՝ բակտերիաների տարածման տեսակետից, որոնք կարող են տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման ու տարածման աղբյուր հանդիսանալ, բացի այդ ոսկորները քայքայման ընթացքում քիմիական նյութեր են արտանետում, ինչը ևս վտանգավոր է միջավայրի համար», ասում է  անասնաբուժական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

 «Վիրուսներն ունեն լատենտ շրջան, կարող է  20-30 տարի քնած մնան, բայց հետո մի հատ ստիմուլ, մի հատ խթան ու կարող է գլուխ բարձրացնել, կարող է և ընդհանրապես  ոչ մի բան չլինի, բայց էդպես անտարբերության մատնելը սխալ է»,- նշում է Կենսաբանական գիտությունների թեկնածու Անգին Գրիգորյանը:

Մեկ հեկտարից ավելի տարածք զբաղեցնող նախկին մսի կոմբինատը  իրար հաջորդող սեփականատերեր է ունեցել, խնդրի վերացումը չի հուզել նրանցից և ոչ մեկին, մասնագիտական տեսանկյունից նույնպես  տարածքը ոչ մի ուշադրության չի արժանացել.

«Հետազոտություն արած չէ էսքան տարիներ շարունակ, ու էդպես մնացել է, մենք չենք կարող ասել, թե այսքան տարի անց ինչ տոկոսային հարաբերության վնաս կարող է ներկայացնել տարածքը»։

Մինչ Շիրակի մարզպետարանի համապատասխան վարչությունները, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման, ինչպես նաև  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնները  փորձում են ծանոթանալ խնդրին, պատասխանատվության սլաքը ուղղելով միմյանց, մասնագետները շտապում են լուծման ուղիները մատնանշել. «Կարելի է այդ ոսկորների կույտը հողով ծածկել, կամ ոսկորները ինչ որ ձևի մշակել»։

«Կարող են համապատասխան մասնագետներ հրավիրել, ուսումնասիրել, կարելի է ոսկորների մի հատվածը աղալ ու օգտագործել հողերի պարարտացման համար»,-կարծում էԳևորգ Պետրոսյանը:

Թե ինչ քնած վիրուսներ են պարունակում տոննաներով կիսաքայքայված ոսկրակույտերը՝ հստակ ասել հնարավոր չէ, մինչ այդ տարածքի բնակիչները պետք է հուսան, որ քնած վտանգներն այդպես էլ չեն արթնանա, մինչև ի հայտ կգա պատասխանատու օղակը։

Back to top button