Վերլուծական

Ադրբեջանին արդեն մեկուկես ամիս հանգիստ չի տալիս թալիշագիտության երեւանյան միջազգային գիտաժողովը

Սաթենիկ Պետրոսյան
«Ռադիոլուրի» համար

Արդեն մեկուկես ամիս ադրբեջանական մամուլը չի դադարում քննարկել Երևանում անցկացված ՝ Թալիշագիտական միջազգային 3-րդ գիտաժողովը՝ այն հակահայկական հիստերիայի հերթական առիթը դարձնելով: Փաստը վկայում է, թե որքան ցավոտ է թալիշական թեման Ադրբեջանի համար:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Հանարային ռադիոյի հետ զրույցում փաստում է՝ 1-ին և 2-րդ գիտաժողովներից հետո էլ արձագանքներ կային, բայց այսպիսի արձագանքն անսպասելի էր անգամ իրենց համար։

«Սա ցուցիչ է առ այն, որ խնդիրը չափազանց հրատապ է Ադրբեջանի ներսում, և Բաքվի բռնապետական վարչակարգի զանազան օղակներում իրականում զգում են, թե ինչպիսի (իրենց համար վտանգ, մեզ համար դա ամենևին վտանգ չէ) վտանգ կարող են ներկայացնել նման միջոցառումները և այդ միջոցառումների ունեցած ազդեցությունը թալիշ բնակչության վրա։ Իրականում, թալիշական շարժումը այժմ զարգանում է բավական դինամիկ։ Ադրբեջանի ներսում ընթանում են լրջագույն զարգացումներ՝ կապված, մասնավորապես, թալիշական շարժման հետ, կապված շիայական ընդդիմության խնդիրների հետ։ Եվ ուշագրավ է, որ դրական արձագանքներ կամ դրական ազդակներ են ստացվում նաև մեր հարևան Իրանից, մեր դաշնակից Ռուսաստանից, տեղի թալիշական համայնքների կամ շիայական գործիչների կողմից»,- ասում է Ոսկանյանը։

Գիտաժողովը միջազգային էր, մասնակցել են բազմաթիվ զեկուցողներ մի շարք երկրներից, այդ թվում՝ ազգությամբ թալիշ: Քննարկվել են նաև հարցեր՝ կապված Ադրբեջանում շիայական բնակչության հետ, որովհետև թալիշագիտությունը առանց այդ ժողովրդի կրոնական պատկերին անդրադառնալու՝ թերի կլինի։

Եղել են զեկուցողներ,  որոնք անդրադարձել են ադրբեջանում շիայական շարժմանը և այդ շարժման առաջնորդներից մեկին Թ․ Բաղըրզադեին, ինչը նույնպես Ադրբեջանում առաջացրել է վախերի մի հսկայական կծիկ։

«ԱՀ-ում տեղաբնիկ ժողովուրդներն ու շիայական շարժումը գտնվում են պարբերական ճնշումների և հարատև, ես կասեի, բռնաճնշումների տիրույթում։ Հետևաբար, այս ոլորտում ցանկացած իրադարձություն առաջացնում է նաև որոշակի համակրալից արձագանք ԱՀ ներսից՝ առ այն կազմակերպիչները, որոնք, ասենք, օրինակ, գիտաժողով են անցկացնում, այն գիտնականները, որոնք հոդվածներ են հրապարակում։ Եվ դա բնական է, որովհետև թալիշական հիմնախնդիրը կամ շիայական ընդդիմության հանդեպ կիրառվող բռնաճնշումների խնդիրը ուղղակիորեն առնչվում է նաև այս հանրույթների ձայնը միջազգային լսարանին հասանելի դարձնելու հարցին, իսկ գիտաժողովները լավագույն հարթակն են գիտական, ակադեմիական մեթոդաբանությամբ նման խնդիրներ արծարծելու և միջազգային լսարանի համար հասանելի դարձնելու տեսանկյունից, ինչը նույնպես Ադրբեջանում առաջացնում է վախեր»,- նշում է իրանագետը։

Վարդան Ոսկանյանը նշում է՝ Ադրբեջանն  ինքը պետք է նման գիտաժողովներ կազմակերպի, քանի որ այդ երկրում բնակվում են բազմահազար թալիշներ, և հայ գիտնականները  հաճույքով կգնան և կմասնակցեն, եթե ապահովվի իրենց անվտանգությունը:

Անդրադառնալով  «Մուսուլմանական միասնություն» շարժման հայտարարությանը, թե  ադրբեջանական մամուլը սադրանքների է դիմում՝ իրենց «հայամետ ուժ» ներկայացնելու և այդպիսով՝ վարկաբեկելու համար, Վարդան Ոսկանյանը նշում է.

«Ընդհանուր առմամբ, եթե մենք փորձենք, ինչպես ասում են, տողատակերը կարդալ «Մուսուլմանական միություն» շարժման հայտարարության, ապա ակնհայտ է, որ հիմնական սլաքն ուղղված է Բաքվի բռնապետի վարչակարգի դեմ։ Իրականության մեջ այս կազմակերպության շատ անդամներ առանց բարձրաձայնելու, առանց երևալու իրենց երախտիքի խոսքն են հայտնել թե՛ գիտաժողովի կազմակերպիչներին, թե՛ դրա մասնակիցներին։ Ուղղակի Ադրբեջանի ներսում այլ կերպ հանդես գալու հնարավորություն չկա։ Հետևաբար, կիրառվել է դասական մեթոդաբանություն։ Մի փոքր քննադատություն մեր գիտաժողովի և Հայաստանի հասցեին, և հիմնական քննադատությունը՝ Բաքվի բռնապետի վարչակարգին»։

Իրեն «բազմամշակութային» համարող Ադրբեջանում թալիշների դրությունն ու նրանց նկատմամբ վարվող քաղաքականությունը վերջին տարիներին ավելի է վատացել: Դա արձանագրում են բազմաթիվ միջազգային կառույցներ, նաև՝ տեղում սոցիալական տիրույթում աշխատող թալիշ գործիչներ, թալիշական սփյուռքի ներկայացուցիչները, թալիշական ԶԼՄ-ները։

«Գործընթացներն ունեն միանշանակ բացասական զարգացումներ թալիշների համար, որովհետև որևէ առաջընթաց չկա թալիշերենի դասավանդման, պահպանման և քարոզման գործում։ Որևէ առաջընթաց չկա թալիշաբնակ տարածքներում հասարակական, մշակութային խնդիրների լուծման հարցում, որևէ առաջընթաց չկա թալիշների համար իրենց լեզվով արտահայտվելու, որևէ խոսափող ստեղծելու առումով։

Ադրբեջանի ներսում, չունենք գոնե մեկ թալիշերեն ռադիոհաղորդում, չունենք գոնե մեկ թալիշերեն հեռուստահաղորդում։ Ունենք ընդամենը երկու թերթ, որոնք հրատարակվում են շատ անհաճախադեպ պարբերականությամբ, որոնցից մեկը ընդհանարպես ավելի շատ ադրբեջաներենով է, քան թալիշերենով, որոնց խմբագիրները պարբերաբար ենթարկվում են զանազան բռնությունների»,- ընդգծում է Վարդան Ոսկանյանը։

Ըստ Վարդան Ոսկանյանի՝ այսպիսի իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանում որևէ դրական տեղաշարժ կլինի թալիշների համար, երազանքի շարքից է։

Back to top button