ԿարևորՔաղաքական

Վենետիկի հանձնաժողովը քաղաքական շահարկումների կիզակետում է

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վենետիկի հանձնաժողովն իր կամքին հակառակ հայտնվել է Հայաստանի ներքաղաքական պայքարի կիզակետում: Երկու օր է, ինչ քննարկվում է հանձնաժողովի 116-րդ նիստի աշխատանքային արձանագրությունը:

Մի կողմը փորձում է տպավորություն ստեղծել, թե Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է հայաստանյան իրադարձություններից, մյուս կողմը պնդում է, որ շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որը պաշտոնապես  ուղղված չէ Հայաստանի իշխանություններին: Անգամ պարզ չէ, թե ինչպես է եւ ում կողմից ձեռք բերվել շրջանառության մեջ դրված փաստաթուղթը:

Վենետիկի հանձնաժողովն այս պահին պաշտոնական որեւէ վերաբերմունք չի հայտնել  հայաստանյան իրադարձությունների առնչությամբ: Վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որը պարզապես աշխատանքային ժողովի արձանագրությունն է եւ ոչ ավելին: Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ «վեթինգ»-ից հրաժարում, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակ եւ ՍԴ բոլոր անդամների «մանդատ»-ի ամրագրում. այս ամենը կա «արձանագրություն» կոչվածում, որն իրականում ուղղված չէ Հայաստանի իշխանություններին: Սա է պատճառը, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հրապարակվածը համարում է ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը կասկածի տակ է դնում նաեւ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հրապարակվել է գաղտնի ճանապարհներով ձեռքբերման միջոցով: Ես չգիտեմ՝ ինչ պայմաններում է ստեղծվել, ովքեր են մասնակցել դրա քննարկմանը, ով է կարծիք հայտնել, ում կարծիքն է այդտեղ արձանագրված եւ առհասարակ՝ սեւագի՞ր է, թե՞ վերջնական կարծիք է: Այդ պայմաններում ձեռքբերված փաստաթուղթը, որ հրապարակում են եւ դրա շուրջ քննարկումներ են ծավալում, վնասում է եւ Վենետիկի հանձնաժողովի հեղինակությանը, եւ ոչ մի կարծիք էլ մենք վերջնական չենք ունենում: Ուզում եմ եւս մեկ անգամ վերահաստատել դատական համակարգը փոփոխելու, առողջացնելու մեր հանձնառությունը: Մշակվում են այդ փոփոխությունները: Սեպտեմբերին Աժ-ում մենք դա կքննարկենք եւ կընդունենք, եւ դրանց հիման վրա էլ տեղի կունենա այդ ստուգման գործընթացը: Հիմա դրա անունը կդնենք «վեթինգ», թե բարեվարքություն՝ ըստ էության նշանակություն չունի եւ մենք դա իրականացնելու ենք»,- ասում է Լենա Նազարյանը:   

ԱԺ փոխխոսնակի կասկածները պայմանավորված են նրանով, որ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային ավանդույթի համաձայն՝ նիստերի արձանագրությունները լինում են սահմանափակ հասանելիության եւ դրան կարող են ծանոթանալ անձինք, ովքեր մասնակցել են նիստերին, կապ ունեն հանձնաժողովի հետ եւ ի պաշտոնե ներկայացված են հանձնաժողովում: Այս անգամ փաստաթուղթը Հայաստանում շրջանառության մեջ դրեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներն են Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին ղեկավար Սիրանուշ Սահակյանը: Փաստացի՝ «փակ» համարվող փաստաթուղթը անհասանելի պետք է լիներ նրանց համար:

«Կարծում եմ տեղի է ունենում լրատվության աճպարարություն: Նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են ստեղծել տպավորություն, որ իբր կա Վենետիկի հանձնաժողովի կարծիք այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Նախ առաջինը՝ եթե նույնիսկ կարծիք լիներ, ապա այն զուտ խորհրդատվական է: Բայց կարծիք ստանալու համար Հայաստանից կարող էր դիմել պետության ղեկավարը, կառավարության ղեկավարը եւ խորհրդարանը: Նման կարծիքի հայցում առ այսօր չի եղել: Մենք ունենք պարզապես հերթական նստաշրջանի Վենետիկի հանձնաժողովի, ասենք։ ժողովի արձանագրություն: Մարդիկ հավաքվել են, քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում նաեւ անդրադարձ է եղել հայաստանյան վիճակին եւ այդտեղ մտքեր են արտահայտվել: Ուզում եմ ասել, որ այս արձանագրությունը Վենետիկի հանձնաժողովի կարծիք չէ»,- ասում է քաղաքագետ Արա Պապյանը:  

Վենետիկի հանձնաժողովի արձանագրություն-վերաբերմունքի շուրջ ստեղծված իրավիճակում մի քանի հարթություն է միանգամից դիտարկում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

«Եթե դա չի բխում ՀՀ վերակառուցման եւ զարգացման շահերից դա առ ոչինչ է: Երկրորդը՝ Վենետիկի հանձնաժողովը ցանկացած Սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություն Հայաստանում տվել է հիմնականում դրական եզրակացություններ եւ իրավական քաոսի ու ճգնաժամի մեղավորներից մեկն է: Նաեւ պետք է հետաքրքրվել, թե նրանց շահագրգռությունն ինչի մեջ է: Այնպես որ նրանց կույսի կամ սրբի տեղ դնել ընդհանրապես պետք չէ: Իրենք պետք է չափավոր եւ զգույշ լինեն: Եվ եթե այս տեսքով կարծիքն են հայտնել, դա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին առհասարակ: Ընդհանրապես այս «պլուտոկրատիա»-ի ներկայացուցիչներին պետք է ասել պետք չէ օտար ափերում փրկություն որոնել՝ տեսան Ռուսաստանի միջամտությունը չի ստացվում, հիմա կառչել են սրանից»,- նշում է քաղաքագետը:  

Այս ամենում կա մի կարեւոր նրբություն, որի վրա ուշադրություն են հրավիրել մի շարք փաստաբաններ: Հիշեցրել են, որ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախկին գործընկերը, Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնող փոխարինող անդամ է եւ նա է մասնակցել հանձնաժողովի հունիսյան նիստին:

Նա հանձնաժողովում Հայաստանի կողմից ընտրված անկախ փորձագետ է: Արդյո՞ք Վարդան Պողոսյանն առնչություն է ունեցել արձանագրության հանրայնացմանը կամ բովանդակությանը՝ հարցերն անձամբ իրենից պարզել չհաջողվեց: Հեռախոսազանգերին պատասխանում է այլ մարդ եւ զգուշացնում, որ պարոն Պողոսյանն ամբողջ օրը զբաղված է:

Ինչ վերաբերում է կառավարության գործողություններին, ապա վարչապետի մամուլի քարտուղարը զգուշացրել է, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները փորձելու են ստանալ Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով: Միաժամանակ կա հաստատում, որ Հայաստանի կառավարությունը մշտական կապի եւ արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ եւ կարեւորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:

Back to top button