ԿարևորՀասարակություն

Ինչպես տրակտորը գողացան Հայաստանի սահմանից եւ ինչու Թուրքիան դրա մի մասը չի վերադարձնում

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Մեկ տարի առաջ հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահ ուղեկալից անհայտ պայմաններում անհետացած եւ թուրքական կողմում հայտնված Գոռ Կարապետյանի տրակտորը վերադարձվեց 6 ամիս անց, բայց ոչ ամբողջությամբ: Մինչ օրս թուրքական կողմում է գտնվում խոտհունձ կատարող տրակտորի կցորդիչ սարքը՝ пресс-подборщик-ը՝ հակավորող սարքը, ու դեռ պարզ չէ՝ կվերադարձվի արդո՞ք այն հայկական կողմին: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԾ-ն, իրենք ողջ տեղեկությունը փոխանցել են։ Հասմիկ Մարտիրոսյանն է այցելել կասկածելի եւ անհայտ ճանապարհով անհետացած տրակտորի սեփականատիրոջը:

Շիրակի մարզի Հայկավան գյուղ հասանք շուրջ 3 ժամում, խորդուբորդ ճանապարհներով, իսկ Հայկավանից մինչեւ հայ-թուրքական սահման՝ մեկ ժամից էլ պակաս է: Դեպի պետական սահման տանող կարճ ճանապարհը 63- ամյա Գոռ Կարապետյանը 30 տարի անցել է առանց խնդիրների, սեփական տրակտորով։ Սակայն տեղի ունեցած միջադեպը անհասկանալի ու մինչ օրս չբացահայտված պատմություն է՝ «հանելուկ՝ հայ-թուրքական սահմանում»:

Սկսենք սկզբից: 2018 թվականի աշնանը Գոռ Կարապետյանը, եղբոր որդու եւ շան հետ խոտհնձի է գնում: Տարածքը, որը պատկանում է սահմանամերձ Գտաշեն գյուղին գտնվում է հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ, որտեղ հասնելու համար Գոռն ամեն անգամ, անցել է սահմանային ընթացակարգերով՝ անձնագրի ստուգում, գրանցամատյանում ժամի գրանցում, շատ արագ ստացել հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահների թույլտվությունը, անցել ուղեկալը, մուտք գործել երկկողմանի վերահսկվող տարածք, այս դեպքում դաշտավայր, խոտհունձը կատարել եւ վերադարձել հայրենի գյուղ՝ Հայկավան: Ավելին՝ երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ տրակտորը փչացել է կամ ինչ-որ տեխնիկական օգնության անհրաժեշտություն է եղել: Այն թողել է բաց դաշտում, գնացել տուն, անհրաժեշտ պահեստամասերը վերցրել ու վերադարձել՝ վերանորոգելու: Այդպիսի մի օր էր նաեւ սեպտեմբերի 30- ը։ Սակայն մի տարբերությամբ։ Երբ վերադառնում է սահմանային տարածք, ապա ի զարմանս իրեն տրակտորը չի գտնում, իսկ հետքերը տանում էին դեպի թուրքական սահման։

«Եկա իրանց ուղեկալ, տեղյակ պահեցի զինվորականներին՝ սահմանապահները հայ տղաներ են, իսկ սպաները՝ ազգությամբ ռուս են: Ասեցի՝ տրակտորը խնդիրներ ունի, կանգնեցրել եմ ճանապարհի մեջտեղում: Ասեցին, գնա, հարց չկա, վաղը կբերես կվերանորոգես: Հաջորդ օրը առավոտյան ժամը 9-30 արդեն ուղեկալում էի: Անցանք ուղեկալը, տեսա տրակտորը չկա: Այ քեզ հանելուկ: Ասեցի, կարող է աչքերս կուրացան: Վազեցի, արագ-արագ գնացի, չէ, չկա: Մտածեցի, կարող է գիշերը գնացել են սահմանը նայելու, իրենց ավտոն մխրճվել է ինչ-որ բանի մեջ եւ տրակտորն են տարել օգնության: Բարձրացա դիմացի սարը՝ ոչինչ չերեւաց: Տեսա պռես-պոդբորչիկն էլ (հակավորող սարքը. խմբ.) չկա։ Այն 400 մետր հեռու էի կանգնեցրել տրակտորից, իսկ ուղեկալից՝ 2 կմ հեռավորության վրա: Գնացինք դեպի Թուրքիայի կողմը՝ քաղած  դաշտի մոտ, տղաներ կային, որ ավտոյով գործ էին անում, ասեցին, որ երեւում է տրակտորի կասիլկան (հնձիչը)  սահմանի մոտ է: Վերադարձանք, սպաներին ասեցինք, որ հետքը պարզ երեւում է գնում է Թուրքիա»,-պատմում է Գոռ Կարապետյանը։

Սահմանապահները սկզբում կատակով են վերաբերվում Գոռի ասածին: «Չհավատացին, սկսեցին խնդալ»,-պատմում է Գոռը ու քրտինքը սրբելով շարունակում, որ տրակտորը վերադարձնելու համար 50-60 մետր մոտեցել է հայ-թուրքական սահմանին, սակայն սահմանապահները հետ են վերադարձրել: Այնուհետեւ ուղեկալում սկսվել է իրարանցումը: Երկար ու հոգնեցնող ծառայողական քննությունից եւ գողությունից 6 ամիս անց տրակտորը վերադարձվեց։ Բայց վերադարձվեց փչացած, թալանված, ու ոչ ամբողջը։

« Շատ ջղայնացա, ասեցի, տղաներ լրջացեք, ուր եք տարել տրակտորը, ասեցին տեղյակ չենք:  Ասեցի, ոնց թե, ճանապարհի կողքը կանգնած եք եւ էլ ձեզ տեղյակ եմ պահել, ոնց տեղյակ չեք: 30 տարի աշխատացնես ու պատահական մի օրում կորցնես, հայհոյեցի: Սպաներ եկան՝ Գյումրիից, Թուրքիայից, նկարեցին: Թուրքիայի սահմանը 6 կմ շառավղով նկարվում է ամբողջությամբ: Փետրվարի 6-ին բերեցին լրիվ թալանված, մեջը ինչ-որ կար թալանված, տարբեր պահեստամասեր հանած, ջուրը թողել էին մեջը, շարժիչն ամբողջությամբ վնասված, էլեկտրականություն ամբողջությամբ կտրած,  пресс-подборщик-ն՝ էլ (հակավորող սարքը), մինչեւ հիմա չկա: Ես էլ անասունները ծախեցի, վերանորոգեցի մի մասը, դեռ խանութներին էլ  շատ պարտքեր ունեմ։ Չգիտեմ ի՞նչ պետք է անեմ։ Երեւի աշունը էս մի անասունն էլ ծախեմ: 2000 դոլար արդեն ծախսել եմ։ Ամեն մի փոքր պահեստամաս մեծ գումար արժե: Սեզոնն ա հիմա խոտհնձի, բայց գործ չեմ անում, կանգնած եմ»:

Նախ սկզբում թուրքերը հետքը կորցնելու համար փորձել են անճանաչելի դարձնել տրակտորը՝ ձեռքով ներկել են տրակտորի անվադողերի շուրջը, իսկ խոտհնձից հետո թաքցրել խոտի դեզի մեջ՝ մանրամասներ է պատմում Գոռը՝ արդեն վերլուծելով լսածն ու տրակտորի վրա թողած  թուրքական հետքը: Թե ինչպե՞ս հայկական տրակտորը հասավ Թուրքիա, մինչ օրս Գոռը չի կարողանում հասկանալ։ Ենթադրություններ կարող է անի, բայց ցածրաձայն, քանի որ երեք կողմ են ներգրաված՝ հայկական, ռուսական ու թուրքական։ Տրակտորի անհետացման փաստն իսկ արդեն սահմանի անվտանգության խնդիր է բարձրացնում։

«Այսքան տարիների ընթացքում շատ են եղել դեպքեր, որ երկու հարեւան երկրների բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հատել են սահմանը, կամ էլ անասունների հետ կապված տարբեր խնդիրներ են առաջացել, բայց որ գան ուղեկալից տրակտոր տանեն, ոչ, երբեք»,- ասում է Գոռ Կիրակոսյանը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն: Ըստ Գոռ Կիրակոսյանի, իրեն հասցված վնասի չափը մեծ է՝  7,3 մլն դրամ տրակտորն արժի, 2,5 մլն դրամ հակավորման սարքը։  Ինչո՞ւ չեն վերադարձնում այն. հարցիս զարմացած պատասխանում է՝ փաստաթղթեր են պահանջում:

«Ասում են փաստաթուղթ: Ասեցի՝ չկա: Ես էլ ասում եմ էտ գործիքի ռամը (рама подборщика) կոտորված տան բակում քցած է: Հիմա, որ համարը բերեմ, վրան գրած է Կիրգիզիայի արտադրություն 1990 թվական: Մեր քանդակագործի խոտը հակավորել էի, եկավ տուն, պարապ էր մնացել, էտ գործիքի վրա սիրուն աղջիկ նկարեց՝ երկար վարսերով: Էտ մասին ասեցի սահմանապահներին, որ աղջկա քանդակ կա հակավորող սարքի վրա, ու որ թուրքերը ուզենան էլ էտ աղջկա քանդակը չեն կարողանա մաքրել: Սաղ նշաններն ասել եմ, էլ ի՞նչ փաստաթուղթ: Թող խիստ մոտենան: Հա հայերը չունեն դիվանագիտական հարաբերություններ, ռուսներն են հսկում, թող խիստ մոտենան: Տրակտորը հիմա աշխատում է, խոտը, չնայած չեմ քաղել,  բայց…, վառելիք էլ հիմա չունեմ, սպասում եմ քրոջս կենսաթոշակին, որ շարժիչն աշխատացնեմ: Եսիմ է, հուզվեցի:  Մի հարցով չօգնեցին, գոնե մի օգնություն ցույց տային, մի հարցով օգնեին, ես մնացածը կանեի ու արեցի»:

63-ամյա Գոռ Կիրակոսյանը մտածում է խնդիրը ներկայացնել նաեւ վարչապետին, բայց դեռ երկմտում է: «Վարչապետն էնքան գործ ունի, որ մեկիս դարդը լսի»: Երեւի սպասեմ…

Հայկավանցիներն ու հարակից գյուղի բնակիչները նույնպես սպասում են հակավորող սարքի վերադարձին: Տրակտորն այսօր բոլորի փրկությունն է՝ շեշտում է Գոռը, ու ձեռքերը դեպի գյուղի կողմը պարզած ասում՝ նայի, գյուղացին այսօր օգնության կարիք ունի, խեղճ է ապրում, ես գնում եմ խոտը քաղում, ու գումար չեմ վերցնում, չունեն էլ որ տան, մինչեւ տան անդամները աշնանը Ռուսաստանից գան եւ փող տան: Մեր համար սա խոտհնձի տրակտոր չէ, այլ՝ ապրելու տրակտոր»,- շեշտում:

Back to top button