ԿարևորՀասարակություն

Ինչպես են ծնվում ու հոգի ստանում հայկական խաղալիքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Ռադիոլուրն» այցելել է հայրենական արտադրության խաղալիքներ արտադրող առաջին և միակ ընկերության՝ «Մանկան» խաղալիքների արտադրամաս:

1992 թ. ընդամենը մեկ կարի մեքենայով և մեկ աշխատողով իր գործունեությունը սկսած ընկերության արտադրանքն այսօր կարելի է տեսնել գրեթե բոլոր ընտանիքներում:

Արտադրանքի մի մասը սպառվում է ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկայում։ «Ռադիոլուրը» հնարավորություն է ունեցել ծանոթանալու արտադրական ողջ գործընթացին՝ խաղալիքների մոդելավորումից մինչև վերջնական արտադրանքի ստացում:

Զրուցակիցս Արփին է՝ շատ երեխաների սիրելի ընկերը: Արփիի կողքին հաճախ կարելի է հանդիպել Նարեկին: Նրանք մարդիկ չեն: Դրանք, ինչպես նաև տարբեր մուլտհերոսները, կենդանիները, բարձերը «Մանկան»-ի խաղալիքներն են` հայկական արտադրության ու հայկական անուններով, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր: 

Խոսող տիկնիկներն իհարկե խաղալիքների զարդն են, բայց մյուս խաղալիքներն էլ չեն զիջում: Յուրաքանչյուր երեխա խաղալիքների աշխարհում կարող է սիրված, հետաքրքիր ընկեր ձեռք բերել:

Արփինե Սիմոնյանը արդեն 15 տարի է աշխատում է արտադրությունում: Կարի մասնագետ է: Երբ ընդունվեց աշխատանքի, կարել բոլորովին չգիտեր, անկեղծանում է «Ռադիոլուրի» հետ զրույցում, այսօր արդեն իր գործի վարպետն է: 

«Մանկանի» պատմությունը երկար է, հետաքրքիր: Սկսել են ընդամենը մեկ կարի մեքենայով ու մեկ աշխատողով, որը և՛ դիզայներ էր, և՛ մոդելավորող, և՛ ձևող, և՛ կարող. մի խոսքով` ամեն ինչ:

Այդ պայմաններում, բնականաբար, 1-2 տեսակ խաղալիք էր արտադրվում` խիստ սահմանափակ քանակով, օրական ընդամենը 5-10 խաղալիք, պատմում է արտադրության ամենահին աշխատակիցներից Մարիամը։ Այդ պահին նա արջուկ էր կարում:

«Մանկանի» խաղալիքները ոչ միայն չեն զիջում արտասահմանյան հայտնի բրեդներին, այլև գուցե էկոլոգիապես ավելի մաքուր են, ավելի անվնաս՝ հավաստիացնում է Արփինեն:

Աշխատակցուհու հետ շրջում ենք արտադրությունում: Այստեղ են ծնվում և հոգի ստանում խաղալիքները:

Մինչ շատերը ձգտում են արտասահմանյան բրենդային խաղալիքներ գնել իրենց փոքրիկների համար, Հայաստանի սահմաններից դուրս աճում է մեր՝ հայկականի պահանջարկը:

Back to top button