Հասարակություն

Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»


Հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկն իր հաճախորդներին դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսեր է տրամադրել։ Տոմսի համար վճարած քաղաքացիներից մի քանիսը միայն օդանավակայանում են պարզել կեղծիքը, երբ նրանց հայտարարել են, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայր ուղևորվող ինքնաթիռի ուղևորների ցուցակում նրանց անձնական տվյալները չկան։

«Անռիվա տուր» ընկերությունում հաստատեցին լուրը, ասացին՝ հաղորդումը դատախազություն են ներկայացրել որպես մեր երկրում «Էյր Կաիրո» եգիպտական ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ։ Ընկերության ֆինանսական տնօրեն Անահիտ Մանասյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ խնդիրը կապված է հայաստանյան մեկ տուրիստական ընկերության անբարեխիղճ գործունեության հետ։ Տվյալ ընկերությանը խստորեն զգուշացվել է նման բան այլևս չկրկնել.

«Ծանուցեցինք, որ նման դեպք չկրկնվի: Նրանք շարունակեցին անբարեխիղճ գործելաոճը և մենք խզեցինք նրանց հետ պայմանագիրը»:

Կեղծ ավիատոմսերի մասին հաղորդումը ստացել են՝ հաստատեցին գլխավոր դատախազությունից։ Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնեց՝ հաղորդումն այժմ ուսումնասիրվում է։ Ոչ դատախազությունը, ոչ էլ «Անռիվա տուրը» չհայտնեցին, թե որ կազմակերպության մեղքով է առաջացել խնդիրը։

Հնարավոր անցանկալի զարգացումները կանխելու համար «Անռիվան» ամեն ինչ արել է, որպեսզի ոչ մի ուղևոր խնդիր չունենա։

Մինչև հունիս ամսվա վերջ ցուցակները վերանայվել են, որոշ վճարումներ իրականացվել են, բայց հուլիս–օգոստոս ամիսների ուղևորների անունները «Էյր Կաիրո»–ի պաշտոնական ներկայացուցիչն այս պահին դեռ չունի ու, հետևաբար, այս պահին դրանք վավերական լինել չեն կարող.

«Տասնյակից ավելի տոմսեր ստացանք, որոնց ուղևորների անունները մեզ մոտ առկա չէին: Ստիպված եղանք նաև դատախազություն դիմել»: Ինչ վերաբերում է նախկին գործընկերոջ հետ կապերին ու հետագա շփմանը, «Անռիվայի» ծանուցումից հետո արդեն նախկին գործընկերոջից ոչ միայն արձագանք չեղավ, այլև վերջինիս կողմից «Անռիվայի» էլեկտրոնային հասցեները պարզապես արգելափակվեցին: Այժմ գործը իրավապահների տիրույթում է: Հետագա զարգացումների մասին «Ռադիոլուրին» կտեղեկացնեն:


Back to top button