ԿարևորՀասարակություն

Մետրոպոլիտենն աշխատում է. վթար էներգետիկ համակարգում (լրացվող)

Լրացված 19.17

Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է, հայտնում են ԱԻՆ-ից:

Լրացված 18.21

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Երևան ՋԷԿ-ը վերագործարկվեց։

Ավինյանը նախապես հայտնել էր, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն:

Լրացված 17.53

Հոսանքազրկումը չի ազդել նաեւ հիվանդանոցներ բնականոն գործունեության վրա։ Ռադիոլուրը եղել է «Իզմիրլյան» եւ «Քանաքեռ- Զեյթուն» ԲԿ-ներում:

«Լույսերի անջատումների հետ կապված հիվանդանոցը բավարար քանակով պատրաստված է և նմանատիպ խնդիրների դեպքում կան լրացուցիչ միջոցներ, որոնք որ կարողանում են ապահովել մեր վիրահատությունները և մնացած հարցերը: Այդ ժամանակ դադարեցվեց հետազոտությունները ճառագայթային բաժանմունքում, բայց վիրահատություններն ու մնացած աշխատանքները շարունակվել են»,- հայտնել են հիվանդանոցից:    

Լրացված 16.39

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ, տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:

«Վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա»,-նշված է հայտարարության մեջ։

«Վեոլիա ջուրը» ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները։

Լրացված 16.35

Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Այս մասին հրավիրված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Գիտեք, որ մեր էներգետիկ համակարգը շատ սերտորեն կապված է Իրանի էներգետիկ համակարգի հետ։ Ցանկացած տատանում մեր համակարգում զգացվում է իրենց մոտ։ Ցանկացած տատանում իրենց մոտ, զգացվում է մեզ մոտ։ Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,-ասաց փոխնախարարը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյան

Նրա խոսքով` նույն ժամին նմանատիպ տատանումներ տեղի են ունեցել նաև Իրանի էներգահամակարգում։ Վերջնական պատճառները պարզելուց հետո, փոխնախարարը խոստացավ` մեղավորները կպատժվեն։

«Անհանգստանալու կարիք չկա։ Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»,-հայտարարեց Վարդանյանը։

Լրացված 16.07

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով է հոսանքազրկվել, սակայն ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների շնորհիվ օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթները իրականացվել են ժամանակին, «Ռադիոլուրին» փոխանցել է «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա` «Զվարթնոց» օդանավակայանը  տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից:

Լրացված 16.05

Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում անկառավարելի վիճակ է առաջացել։ Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, համատարած խցանումներ են:

Լրացված 16.00

Այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նա հանդես կգա հայտարարությամբ՝ կապված հանրապետությունում էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների հետ:

Լրացված 15.53

Հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել

Հուլիսի 10-ին՝ ժամը 12.50-ից էներգահամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով հանրապետության հյուսիսային մարզերում գործող հեռուստակայանները շուրջ մեկ ժամ հոսանքազրկվել են և եթեր չեն հեռարձակել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ժամը 14.00-ից սկսած՝ հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել:

Լրացված 15.46

Էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։   

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Լրացված 15.02

Հայաստանը էլեկտրաէներգիա է ներկրում իրանական կողմից, «Ռադիոլուր»-ին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից  եւս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի, հավելել է նա:

Լացված է 14:18-ին

Ատոմակայանում ընթանում են պլանային վերանորոգման աշխատանքներ, ԱԷԿ-ում որևէ խնդիր չկա՝ «Ռադիոլուրին» վստահեցրել են Հայկական ատոմակայանից:

Լրացված է 14:06-ին

Երեւանի տարբեր հատվածներում այսօր՝ հուլիսի 10-ին 12։30-ից սկսած համատարած հոսանքազրկումներ են գրանցվել ու հոսանքի տատանումներ: Խափանումներով է աշխատել նաեւ հեռախոսակապը եւ ինտերնետ ապահովումը։

Հրազդան ջերմաէլեկտրակայանի պատասխանատուները «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ վթարը Հրազդանի 5-րդ բլոկում չէ, քանի որ այն մինչ այս վթարը չի աշխատել:

Երեւան ՋԷԿ-ից նշել են, որ պատճառները ճշտվում են:

Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից վնասվել են էլեկտրական սարքեր, այդ թվում համակարգիչները:

Տեղադրված է 13: 48-ին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են. էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։

Երեւանի մետրոպոլիտենից էլ հայտնում են, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են:

Երեւանի Մետրոպոլիտեն

Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի:

Ցուցադրել ավելի
Back to top button