ԿարևորՎերլուծական

Պուտինը Վրաստանին այլ պահանջ կներկայացնի

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հունիսի 20-ին ռուս պատգամավորների այցից հետո Վրաստանում սկսված հակառուսական տրամադրությունները հանգեցնում են անկանխատեսելի հետևանքների։

Ռուսաստանից հյուրանոցների ամրագրումները չեղարկվում են, ռուս զբոսաշրջիկների թվի պակասն զգացվում է։

«Ռադիոլուրին» ասում է ռուսախոս զբոսաշրջիկների ուղեկցորդ Լարիսա Մխիթարյանը, ով արդեն երկու շաբաթ գրեթե աշխատանքի չի գնում․

«Գործս, անշուշտ, մի քիչ պակասել է․ եթե մեկ ամիս առաջ ամեն օր էի աշխատում, հիմա մի քանի օրը մեկ են կանչում, բայց հույս ունեմ, որ սա ժամանակավոր երևույթ է»։

Այս օրերին երկրում սկսվել է Վրաստանում հանգիստ անցկացնելու (spend summer in Georgia) մասին արշավը, քաղաքի փողոցներում ռուսերենով ու անգլերենով գրություններ են՝ «Եկ Վրաստան», հնչում են տարբեր լեզուներով երգեր, իրենք՝ ռուս զբոսաշրջիկները ևս հայրենակիցներին կոչ են անում գալ Վրաստան։

Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին մեզ հետ զրույցում ասում է՝ իրենց հաշվարկներով Մոսկվայի քայլերից հետո Ռուսաստանից Վրաստանի ողջ տարածքով հյուրանոցների ամրագրումների մեծ մասը չեղարկվել է։

«Ռուսաստանից չեղարկվել է երկրի ողջ տարածքում հյուրանոցների ամրագրումների 60%-ը, իսկ միայն սևծովյան տարածքում՝ շուրջ 80 %-ը։ Մենք աշխատում ենք այլ երկրներից զբոսաշրջիկների բերելու ուղղությամբ, ինչպես նաև ռուս գործընկերների հետ՝ Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքն այլ ճանապարհներով ապահովելու ուղղությամբ»,-ասաց ֆեդերացիայի ղեկավարը՝ նշելով, որ շուտով պարզ կլինի, թե ինչպես համագործակցել Հայաստանի հետ։

Վրաստանի քաղավիացիայից «Ռադիոլուրին» տեղեկացրին, որ վրացական ազգային փոխադրողը`Georgian Airways-ը կրկնակի ավելացրել է Երևան չվերթների քանակը՝ այսպիսով առաջարկելով այլընտրանքային ուղիներ։ 

Թբիլիսիում հակառուսական ակցիայից հետո Ռուսաստանն արգելեց ավիափոխադրումները դեպի Վրաստան, իս վերջին օրերին, երբ Պուտինի հասցեին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի անվան հետ կապվող Rustavi 2 հեռուստաընկերության լրագրողը Պուտինի հասցեին ուղիղ եթերում հայհոյանքներ հնչեցրեց, խոսում է վրացական գինու ու դեպի Վրաստան դրամական փոխանցումների արգելքի սահմանման մասին։

Այսօր Վրացական գինու 60 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, դրամական փոխանցումներն ամսական կտրվածքով անցնում են 30 մլն դոլարը, Ռուսաստանը Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։

Վրացի քաղաքական հարցերով փորձագետ Նիկա Չիտաձեն անդրադառնալով Ռուսատանի նախագահի վերջին հայտարարությանը, թե դեմ է Վրաստանի դեմ պատժամիջոցներին, ասում է․ «Պուտինը հնարավոր է դրա փոխարեն Վրաստանից պահանջի Ռուսատանի համար առավել ընդունելի արտաքին քաղաքական կուրս բռնել»։  

Փորձագետը միևնույն ժամանակ հիշեցնում է՝ 2006-ին Ռուսաստանը էմբարգո էր դրել վրացական ալկոհոլային արտադրանքի վրա, սակայն հաջորդ տարի Վրաստանի համախառն ներքին արդյունքը աճել էր ավելի քան 12 տոկոսով։

Ցուցադրել ավելի
Back to top button