ԿարևորՀասարակություն

Մահացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի ղեկավարը

76-տարեկան հասակում այսօր մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը, որն իր զգալի ներդրումն է ունեցել հայկական բանակի կազմավորման գործում ու 1992 թվականին ղեկավարել է Շուշիի ազատագրության գործողության շտաբը։

Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին։ 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։

1988թ. զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։

1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն ունեցավ Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետև տեղափոխվեց Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։

1992թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարևելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։

1995-ին Գզողյանը նշանակվել է Տավուշում տեղակայված զորամասի հրամանատար, 1997-ին՝ մեկ այլ զորամասի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ, որպես հատուկ գործերով շտաբի պետի տեղակալ։ 1998թ. նշանակվել է նորաստեղծ 5-րդ բանակային զորամիավորման շտաբի պետ, 2000-2006 թթ.՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր։ 2002թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։

Ավելի ուշ ծառայությունը շարունակել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովում։

Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով ու «Շուշիի ազատագրման համար» մեդալով, ինչպես նաև խորհրդային ու հայկական բանակի բազմաթիվ պետական պարգևներով։

Գեներալի կենսագրությունը՝ ըստ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հրապարակման։

Ցուցադրել ավելի
Back to top button