Հասարակություն

Հայկական կադաստրը ճիշտ ուղղություն է ընտրել. Սարհատ Պետրոսյան

Սարհատ Պետրոսյանը Սան Դիեգոյի աշխատաժողովում մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական կադաստրը ճիշտ ուղղություն է ընտրել. «Կարծում եմ՝ շուտով լավ նորություններ կունենանք»

Սան Դիեգոյում շարունակվում է Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի  (Environmental Systems Research Institute) ամենամյա աշխատաժողովը, որին Հայաստանից մասնակցում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը։ Հավաքի կարգախոսն է՝ «GIS. բանական և զգայական համակարգ»` հայտնում են
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից:

Աշխատաժողովի շրջանակում հրավիրված Ազգային կառավարական գործադիր ֆորումի (National Government Executive Forum) ավարտին Սարհատ Պետրոսյանը փոխանցել է՝ հերթական անգամ պարզ դարձավ, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն գործունեության ճիշտ ուղի է ընտրել.

 «Մենք՝ միգուցե ենթագիտակցական մակարդակով ու, բնականաբար, նաև որոշակի մասնագիտական փորձի հիման վրա, եկել ենք համոզման, որ Հայաստանի կադաստրի համակարգում մեր նախատեսած բարեփոխումները ոչ միայն արդիական են ու այլընտրանք չունեն, այլև առավելագույնս համապատասխանում են այլ երկրներում տարվող քաղաքականությանը։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ արագ արդյունքներ ապահովող և ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այնպես որ, կարծում եմ՝ շուտով լավ նորություններ կունենանք»։ 

Աշխատաժողովի մասնակից երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և փորձագետներն այս ֆորումում քննարկում են երկրատարածական համակարգերի կիրառմանը և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ 

Ցուցադրել ավելի
Back to top button